Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը խոսում 33 գերիների մասին, երբ 303 թիվ էլ է հայտարարվել. անհայտ կորածների եւ գերիների հարազատները խորհրդարանում են

Մայիս 05,2023 13:13

«Իմ կարծիքով, չի արվում ոչ մի բան պատշաճ՝ իրենց կարգավիճակը եւ այլն, երեխեքի համար: Երեկ փաստացի տեսանք, Թուրքիայում Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ առնվազն 33 գերի ունենք, իսկ անհետ կորածների մասով ոչ մի բան չեն խոսում արդեն 9 ամիս. ոչ մի հարթակում, ոչ մի բան չեն խոսում: Մենք արդեն չգիտենք… կառավարությունից արդեն ոչ մի ակնկալիք ես չունեմ, որովհետեւ պարզ տեսնում եմ, որ ոչ մի հարթակում, ոչ մի բան չի ներկայացվում»,- այսօր խորհրդարանում, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունները բարձրաձայնեց 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր Էդիկ Արեւշատյանը:


Թագուհի Թովմասյանը հանդիպել է գերիների եւ անհետ կորածների հարազատների հետ:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվել, որոնք գերիների եւ անհայտ կորածների ծնողներն անարդյունավետ են համարում, Էդիկ Արեւշատյանը պատասխանեց. «Մենք շատ պետական դռներ ենք ծեծել, ասում են՝ աշխատում ենք, անում ենք, բայց փաստացի չունենք արդյունք: Իսկ մեր հարազատները, մենք վստահ ենք, որ Ադրբեջանում են, գերության մեջ, ուղղակի չունենք ինֆորմացիա: Ծնողները ոչ ոք էլ ձեռքերը ծալած չի նստում տանը. իրենց կապերով՝ թե արտասահմաններով, թե տարբեր կառույցներով, մենք մեր ինֆորմացիաներով հասկանում ենք, որ երեխաները ողջ են: Էն, ինչ-որ ներկայացնում են՝ ԴՆԹ-ներով եւ այլն, դա էլ է սուտ: Մարդիկ կան, որ… այնպես որ՝ չենք տարանջատում ԴՆԹ-ներն անհայտ կորածների հետ, որոնում ենք բոլորին, որովհետեւ, մեզ համար ապացույցներ կան, որ բոլորը ողջ են: Թե ի՞նչ է արվում՝ ասացի, ոչինչ չի արվում. հենց մեկի դուռը ծեծում ես՝ ասում են՝ աշխատում ենք. արդեն երեք տարի»:

Նա ասաց, որ վերջին շրջանում 303 անհայտ կորածի հետ ինչ-որ աշխատանք է սկսել Կարմիր խաչի կողմից. նույն կառույցի պաշտոնյայի կողմից ավելի վաղ էլ էր հայտարարվել 303 անհայտ կորածի մասին, բայց՝ «ո՞վ է ո՞ւմ ձեռքը բռնում, ինչո՞ւ աշխատանք չի տարվում»:

303 անհայտ կորածների մասին տեղեկությունները ոչ հերքվում են, ոչ հաստատվում, հայկական կողմը հրապարակել է 270 թիվը:

Անհայտ կորածների եւ գերության մեջ գտնվողների հարազատներն ակնկալում եմ, որ Թագուհի Թովմասյանն իր դիրքից ելնող կապերով եւ հնարավորություններով փորձի միջազգային կառույցների միջոցով հստակ տեղեկություններ ստանալ ու փոխանցել ծնողներին:

2020 թվականի հոկտեմբերի 24-ից անհայտ կորած Բայրամյան Հարությունի հայրը՝ Մխիթար Բայրամյանն էլ չի հասկանում, թե ինչո՞ւ է հայկական կողմը խոսում 33 գերեւարվածի մասին: Ինքն, օրինակ, տեսանյութ ունի ձեռքի տակ, բոլոր փաստաթղթերը ներկայացվել են ՄԻԵԴ, որն ապացուցում է իր որդու՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելը, բայց հայկական կողմը չի հաստատել դա, ինչն իր համար տարօրինակ է: Բայրամյան Հարությունի մայրն էլ հավելեց, որ ում ներկայացնում են այն բոլոր փաստաթղթերը՝ բոլորը զարմանում են, որ իրենք մի ամբողջ պետության աշխատանք են կատարել, բայց թե ինչո՞ւ է այդ ամենն անտեսվում, ինքը չի հասկանում:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031