Երեւանում մեծ թափով շարունակվում է «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժմանը աջակցելու ստորագրահավաքը։ Երեւանյան ստորագրահավաքի նախաձեռնող, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյան Aravot.am-ին տեղեկացրեց, որ միայն երեկ Արցախում եւ Երեւանում 50 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել։ Տիկին Թովմասյանը դժվարացավ ասել, թե ստորագրահավաքը դեռ որքան կշարունակվի։ Նրա խոսքով, մարդկանց հոսքն այնքան շատ է, որ ճիշտ չի լինի նախաձեռնությունը կիսատ թողնել։
Հայաստանում ստորագրահավաքի իրականացմանն օգնելու իրենց պատրաստակամությունն են առաջարկել կազմակերպություններ, անհատներ եւ երիտասարդ կամավորականներ։ Նրանք ասում են՝ էական չէ, թե քանի ստորագրություն կկարողանան ապահովել։ Ավելի կարեւոր է մարդկանց իրազեկելը, թե ներկա պահին ինչ է կատարվում Արցախում ու Արցախի շուրջ, այսօր անվտանգային ինչպիսի վտանգի առջեւ են կանգնած Արցախն ու Հայաստանի Հանրապետությունը։
Մոսկվա կինոթատրոնի հրապարակում պահանջագրի տակ ստորագրելուց հետո բարետես արտաքինով կինը, որը ներկայացավ Սյուզաննա անունով, ասաց․ «Ինչի ստորագրեցի՞։ Որովհետեւ իմ նախնիներն Արցախից են ու իմ պապական տունը Գանձասարում է։ Ես Հասան-Ջալալյանների տոհմից եմ։ Իմ պապերը միշտ պահել են Արցախն ու ոչ-ոքի չեն թողել ոչ թե ներս մտնել, այլ անգամ մոտենալ։ Ես էլի հուսով եմ, որ հիմա էլ չենք թողնելու, որ Արցախն օտարվի ու ինչ-որ օտար ցեղեր ներխուժեն Արցախը մնալու է հայկական ու ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում։
Կարդացեք նաև
Ի՞նչ գնահատական տալ այսօրվա իշխանություն կոչվածներին։ Ես ոչ մի կերպ չեմ կարողանում գնահատել, որովհետեւ իրականում որպես այդպիսին իշխանություն չկա՝ չեղածի հաշիվ է։ Հետագայում կարող է սրանց փոխարեն նոր բանակցողներ գան։ Խելացի հայեր շատ կան, որոնք կարող են երկիրն այս վիճակից հանել։ Հավատում եմ, որովհետեւ Արցախը, Հայաստանը, հայ ազգը միշտ փրկվել է։ Փրկվել է այն պահին, երբ կարծես այլեւս անհնար է որեւէ բան փոխել։ Այո, մեծամասամբ փրկվել ենք կորուստներ տալով։ Բայց ուզում եմ, որ այս անգամ մարդկային ու տարածքային ոչ մի կորուստ չունենանք։ Իսկ նրանք, որոնք այսքան կորուստների պատճառ են դարձել, պետք է պատասխան տան»։
Աշոտ Հակոբյան



















































