ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի եւ իրավաբան Արա Հայրապետյանի համահեղինակած «Աշխատանքային օրենսգրքի մեկնաբանություններ» գրքի առաջին մասն արդեն պատրաստ է եւ հասանելի շահագրգիռ շրջանակների համար:
Գրքի շնորհանդեսի ժամանակ, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր խոսքում նկատեց. «Օրենքի լեզուն երբեմն տարընկալման տեղիք է տալիս, ինչն էլ իր հետ, արդեն գործնական կիրառության ընթացքում խնդիրների է հանգեցնում»: Այս առումով, նա կարեւոր է համարում օրենքների մեկնաբանությունները եւ կարծում է, որ տվյալ պարագայում, այս մեկնաբանությունը թույլ են տալու «հասնել յուրաքանչյուր գործատուի եւ յուրաքանչյուր աշխատողի»: «Աշխատանքային օրենսգրքի» նախագիծը տարիների աշխատանքի արդյունքում է ընդունվել. «Այն ստվերային կամ սեւագիր աշխատանքը, որը չի երեւացել, այդ ամենն արտացոլվում է այս գրքում, որովհետեւ, այստեղ արտացոլվում է այն ամենը, թե ի՞նչ են ցանկացել ասել նախագծի հեղինակներն՝ ի սկզբանե՝ այս կամ այն ձեւակերպումը բերելիս»:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի գնահատմամբ, այս ձեռնարկի արդյունքում «բոլորիս կյանքը կհեշտանա», քանի որ «Աշխատանքային օրենսգիրքն» ամենօրյա կիրառություն ունի եւ վերաբերում է հասարակության բոլոր շերտերին:
Կարդացեք նաև

Գրքի հրատարակչական աշխատանքները եւ շնորհանդեսը կազմակերպել էր EduX ուսումնական կենտրոնը: Կենտրոնի նպատակն է՝ մասնագետների շարունակական ուսուցում կազմակերպելը, ինչը ենթադրում է ոչ միայն սեմինարներ ու դասընթացներ, այլեւ համապատասխան մասնագիտական գրականության առկայություն: Գրքի առաջին մասում տեղ են գտել օրենսգրքի այն հոդվածները, որոնք նոր «Աշխատանքային օրենսգրքով» չեն փոփոխվել, երկրորդ մասում կմեկնաբանվեն փոփոխված դրույթները:
«Ամենապրակտիկ, ամենակիրառական եւ ամենաշատ հարցեր առաջացնող հոդվածներին ենք անդրադարձել եւ կոնկրետ հոդվածների կիրառման հետ կապված, թե գործատուները, թե աշխատողները, հարցերի պատասխանները կստանան՝ կարդալով մի քանի էջ՝ սկսած նրանից, թե տվյալ հարցի հետ կապված ի՞նչ իրավական որոշումներ կան, ի՞նչ մեկնաբանություններով եւ կիրառությամբ, ի՞նչ դեպքերի համար են նախատեսված. այլեւս կարիք չի լինելու տարբեր մասնագետների մի քանի ժամ զանգահարել, ստանալ տարբեր պատասխաններ եւ խճճվել դրանցում: Մարդիկ մեկ անգամ այս ձեռնարկը ձեռք բերելով՝ կկարողանան շատ արագ եւ առանց հավելյալ ֆինանսական միջոցների, ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Ինքը ձեռքի գիրք է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գրքի համահեղինակ Ժորա Սարգսյանը:

Քանի որ օրենքի պաշտոնական պարզաբանումները կարող է տալ լիազորված մարմինը, տվյալ դեպքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, փոխնախարար Ռուբեն Սարգսյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, այնուհանդերձ, կիրառության ընթացքում խնդիրներ առաջանան: Ռուբեն Սարգսյանը պատասխանեց, որ տարբերություններ չեն կարող լինել, քանի որ գրքում այն պարզաբանումներն են, որոնց մասով «գիծը պահվում է»:
«ՀՀ աշխատանքային օրենսգիրքը», հիշեցնենք, նոր խմբագրման, խորհրդարանն ընդունել է մայիսի 3-ի նիստում: Օրենքը նախագահի կողմից դեռ չի ստորագրվել, այն կիրառության մեջ կմտնի առաջիկա 2,5-3 ամիսների ընթացքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































