Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Արեւմուտքն ու Ռուսաստանը ֆուտբոլ են խաղում՝ ով առաջինը գոլ կխփի, այսինքն՝ ավելի շուտ ու սիրուն մեզ կծախի»․ Վլադիմիր Պողոսյան

Մայիս 11,2023 17:30

«Առավոտի» հետ զրույցում Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական այսօրվա հարձակմանը։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 11-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ Սոթքում այս գործողությունները սկսվեցին։ Ասում են՝ Փաշինյանը եւ Ալիեւը Բլինքենի միջնորդությամբ հանդիպել են, դրանից հետո ո՞նց կարող են պատերազմ սկսել։ Ես միշտ հիշեցնում եմ՝ 2016 թվականի ապրիլի 1-ին Սերժ Սարգսյանն ու Ալիեւը հանդիպել են ԱՄՆ-ում, բայց ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակվեց։ Երբ Ալիեւը չգնաց Մոսկվա, ես միանգամից ասացի՝ մաքսիմում 1-2 օրից սրանք պիտի հարձակվեն։ Ինքը չի գնում Մոսկվա՝ շքերթին մասնակցելու, որ չասեն, թե Ռուսաստանի հետ կապ ունի, գնացել՝ այնտեղ հրաման է ստացել, եկել՝ հարձակվել է մեզ վրա։ Այսինքն՝ Ալիեւն ու Պուտինը ցույց են տալիս, որ այդքան էլ մոտիկ չեն, իբր Ալիեւը չի հարգում Պուտինին։ Նախքան հարձակումը Զախարովան ասում է՝ Հայաստանը պետք է հասկանա, որ այստեղ պետք է բանակցի, ՀԱՊԿ-ին չպետք է քննադատի։ Այսինքն՝ Ալիեւին ասում են՝ ֆաս, ինքը հարձակվում է, հետո ասում են՝ պետք է գաք այստեղ բանակցեք։ Սա համատեղ ստեղծված օպերացիա է։ Ես չեմ ուզում, որ գնան Մոսկվայում բանակցեն, մեզ ձեռնտու է, որ Արեւմուտքում բանակցեն, որովհետեւ Արեւմուտքը գոնե պայման է դնում՝ Արցախի ստատուսի մասին խոսում է, իսկ Պուտինը երբեք չի խոսի»,- ասաց նա։

Վլադիմիր Պողոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, թե խաղաղություն է լինելու, բայց ամեն օր զոհ ու վիրավոր ենք ունենում։ «Հետեւաբար, քանի դեռ իր թիմը նստած է այդ աթոռներին, քանի դեռ պաշտպանության նախարարը վեր ընկած է այդ կաբինետում, քանի դեռ Գլխավոր շտաբի պետն այնտեղ է, հետեւանքները սրանք են լինելու։ Հիմա շատ վատ պրոցեսներ են գնում Գլխավոր շտաբում ու Պաշտպանության նախարարությունում, ոչ ոք չի ուզում իրենց հետ ծառայել։ Բախտը բերեց, որ թուրքերը լայնամասշտաբ հարձակում չեն սկսել Վարդենիսի ուղղությամբ։ Ես գիտեմ, թե ինչ է լինելու, Աստված չանի, եթե դրանք լայնամասշտաբ հարձակում սկսեն Վարդենիսի ուղղությամբ, մաքսիմում 4 ժամ անց կանցնեն առաջ։ Ինձ մոտ մի այսպիսի հարց է առաջանում՝ այդ ո՞նց եղավ, որ Ալիեւն այսօր հարձակվեց, կառավարության նիստի ժամանակ միանգամից մեծ ելույթ էին պատրաստել, կարո՞ղ է տեղյակ են եղել»,- ասաց նա։

Ըստ Վլադիմիր Պողոսյանի․ «Ուզում են գնան Պրահա, թե այլ երկիր, ռուսն իրենց ասում է՝ հարցը պետք է իմ հետ քննարկես։ Բայց իմ պայմանը սա է՝ միջանցքը պիտի բացես, Արցախի կարգավիճակի մասին չենք խոսում, որոշողը դուք չեք, ես եմ, Էրդողանն ու Ալիեւը։ Մարիա Զախարովայի հայտարարությունն այդ մասին էր՝ գնալու ես Արեւմուտք, Ալիեւն ավելի խորն է մտնելու»։

Անդրադառնալով հարցին, որ Արեւմուտքը չի կանխում ադրբեջանական հարձակումները, Պողոսյանն ասաց․ «Եթե ուզենար, կարող էր կանխել։ Երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ամբողջ Ռուսաստանում SWIFT-ը փակեցին, ինչո՞ւ ադրբեջանցիների SWIFT-ը չեն փակում։ Եթե նրանք ուզենան, մեկ ժամվա մեջ Ալիեւին կստիպեն, կասեն՝ քո ամբողջ փողը կալանքի տակ ենք դնում, բանկային համակարգը ջարդում ենք, գնա ոնց ուզում ես ապրիր, ի՞նչ պետք է անի Ալիեւը։ Այսինքն՝ իրենք ֆուտբոլ են խաղում, թե ով առաջինը գոլ կխփի՝ Ռուսաստանը, թե՞ Արեւմուտքը։ Այսինքն՝ ով ավելի շուտ ու սիրուն մեզ կծախի։ Հետեւաբար, երբ Արեւմուտքն ու Պուտինը տեսնեն, որ մեր պետությունում ուրիշ մարդիկ են արդեն հայտնվել, ովքեր մեր շահերն ատամներով պահում են, ստիպված վազելու են մեզ մոտ։ Բայց քանի դեռ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմով անգրագետ է, ամեն օր մի սխալ է անում, իհարկե, հետեւանքը սա պետք է լինի։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն ավելի լայնամասշտաբ հարձակում կանի»

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031