ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի դաշնային բյուրոյի միջև ծավալված սերտ համագործակցությունը շարունակվում է։
Դրա շրջանակում մայիսի 15-ին ՀՀ արդարադատության ակադեմիայում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել է համատեղ դասընթաց-վերապատրաստում՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործունեության, ՀՀ-ում քրեական վարույթներով ԱՄՆ–ի հետ փոխադարձ իրավական հարցումների առանձնահատկությունների, դրանց հետ կապված պրակտիկ աշխատանքների և խնդիրների քննարկման, փորձի փոխանակման թեմատիկայով։

Դասընթացը վարել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգը։
Իրենց բացման խոսքում պարոն Արսեն Այվազյանն ու տիկին Հեդեր Բերգը կարևորել են նման ծրագրի իրականացումը ՀՀ և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև գործակցության խորացման, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։
Կարդացեք նաև
Վերապատրաստման դասընթացում ընդգրկվել են ՀՀ քննչական կոմիտեի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, տեղակալներ, քննիչներ։
Վերջիններիս փոխանցվել է անհրաժեշտ տեղեկատվություն ՀԴԲ-ի կառուցվածքի, գործունեության սկզբունքների, վերջինիս կողմից քննվող հանցատեսակների, ՀԴԲ աշխատակիցների կողմից հանցագործների բացահայտման և հայտնաբերման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների առանձնահատկությունների, այդ նպատակով իրականացվող հաղորդակցության և համագործակցության ձևաչափերի մասին։
Քննարկվել են նաև քննչական հարցումների ներպետական և միջազգային իրավական կարգավորումներին, հարցումների մերժման հիմքերին, փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների կատարման որակի բարձրացման կառուցակարգերին, ինչպես նաև ՀՀ ՔԿ-ի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև համագործակցության ուղղություններին, եղանակներին առնչվող հարցեր։
ՀՀ քննչական կոմիտե




















































