Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության որեւէ ներկայացուցիչ չի միացել «Ոչ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքին»․ Թագուհի Թովմասյան

Մայիս 17,2023 21:44

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ շարունակվում է «Ոչ, Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը։

Պատգամավորը լրատվամիջոցների հետ զրույցում նախ խոսեց Ազնավուրի հրապարակում այսօր բացված արցախցի լուսանկարչի բացօթյա ցուցահանդեսի մասին, որի պատկերած վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, կամուրջներն ու շինությունները այսօր, ցավոք սրտի, գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ «Եվ ինչքան էլ տարօրինակ ու ցավալի է, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Արցախի շատ փոքր մասն է, որ մնացել է հայկական ու վտանգված է նաեւ հենց այդ փոքր մասը։

Ստորագրահավաքի նպատակը hայկական Արցախի հենց այդ փոքր մասի պահպանությունն է, որ բացառենք էթնիկ զտումներն այնտեղ, որ Արցախը մնա հայկական։ Իմ կազմակերպած` գետնի վրա եւ առցանց ստորագրահավաքների հանրագումարով արդեն հավաքել ենք մոտավորապես 300 հազար ստորագրություն։ Մարդիկ հաստատական եւ վստահ գալիս են, իրենց ստորագրությամբ հավաստում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ հայ ժողովրդի հավաքական տեսակետը հենց սա է։

Ուզում եմ նաեւ ուրախությամբ տեղեկացնել, որ մեզ միանում են շատ կամավորներ, որոնց մեծ մասին ես անձամբ չեմ ճանաչում։ Ես նրանց սիրով տրամադրում եմ ձեւաթուղթը։ Նրանք էլ իրենց հարմար վայրերում կազմակերպում են ստորագրահավաքը։ Ուրախալի է նաեւ, որ ընդլայնվել է ստորագրահավաքի աշխարհագրությունը։ Այս պահին աշխատում ենք մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ, Արարատ, Էջմիածին քաղաքներում, Մարգարա գյուղում, Տավուշի մարզում։ Այսօր տեղեկացա նաեւ, որ հեռավոր գյուղերից են մարդիկ գնացել Արարատի մեր ստորագրահավաքի վայրը եւ խնդրել, որպեսզի ձեւաթղթերը տարվեն նաեւ գյուղեր, ինչի ուղղությամբ մենք հիմա աշխատանքներ ենք նախաձեռնել։ Մեր համար սա շատ կարեւոր է, սա համայն հայության ստորագրահավաք է, որը լուծելու է շատ կարեւոր խնդիր․ Նիկոլ Փաշինյանը չի ունենալու լեգիտիմության այն չափը, որ այսօր ներկայանում է։ Չի կարողանալու հայ ժողովրդի անունից հանդես գալ ու Արցախը որեւէ կարգավիճակով քննարկել Ադրբեջանի կազմում։ Այսինքն, այստեղ լուծվում է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրը։ Յուրաքանչյուր քաղաքացի մոտենալով ու ստորագրելով օգնում է՝ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ  Հայկական Արցախը հայ ժողովրդի պահանջն է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը այդ պահանջը չի ներկայացնում, նա չունի լեգիտիմ իրավունք՝ ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես, կամ Արցախի Հանրապետության շահերը»։

Պատասխանելով օրերս Բրյուսելից Շառլ Միշելի արած հայտարարության մասին հարցին, ըստ որի Փաշինյանն ու Ալիեւը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Թագուհի Թովմասյանը ասաց, որ այս պահին չի կարող հստակ ենթադրություն անել, թե դա ինչ է։ «Ես այդ առիթով Նիկոլ Փաշինյանին հրապարակային հստակ հարցեր եմ ուղղել։ Նա պարտավոր է հայ ժողովրդին հստակ պարզաբանել, թե ինչ է խոսել, ինչ է բանակցել Ալիեւի հետ եւ այդ բանակցությունների մեջ այդ քառակուսի կիլոմետրերը, որ թվերի փոփոխությամբ հրապարակեց Շառլ Միշելը, արդյոք այնտեղ Արցախը կա՞, ի՞նչ կարգավիճակ ունի։ Եվ ամենակարեւորը․ ո՞վ է Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես իրավունք վերապահել, որ նա արցախահայության շահերից հանդես գա իրավաբանորեն, բայց իրականում չներկայացնի արցախահայերի շահերը։ Գնալ ու քննարկել Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքների ու անվտանգության հարցը, նույնն է, թե գառանը տաս գայլին, որ խնամի։ Հետեւաբար, գնալ եւ այդ հարցերի շուրջ բանակցել Ադրբեջանի հետ, դա ոչ այլ ինչ է, քան 120 հազար արցախցու ցեղասպանություն իրականացնել 21-րդ դարում»,- ասաց տիկին Թովմասյանը։

Մեր զրուցակիցը Aravot.am-ին նաեւ տեղեկացրեց, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ չի միացել ստորագրահավաքին։ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է միացել, էլի պատգամավորներ այդ խմբակցությունից։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամբողջ կազմով է միացել։ Միացել են տարբեր արտախորհրդարանական քաղաքական ուժեր եւ առաջնորդներ, ինչպես նաեւ կուսակցությունների շարքային անդամներ։ «Բայց ես շատ չեմ ուզում շեշտը դնել քաղաքական անհատների վրա։ Ուզում եմ ընդունենք, որ սա համայն հայության պահանջն է, ոչ թե քաղաքական հայացքներ ունեցողների։ Այսինքն, չեմ ուզում դնել խնդիր, որ սա քաղաքական ակցիայի վերածվի, այլ սա պիտի դառնա համայն հայության պահանջը եւ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրը»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031