Արցախում ստեղծված «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը կոչ է անում հայությանը միանալ շարժման պայքարին։
Այսօր շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչները մամուլի ասուլիս էին հրավիրել։
Շարժման անդամներից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ասաց՝ Արցախի ապագան, անկախ ու հայկական մնալը ոչ միայն արցախցիների խնդիրն է, այլ՝ ամբողջ հայկական աշխարհի․ «Կարեւոր է, որ մենք բոլորս միասին կարողանանք Արցախը որպես հայկական աշխարհ պահպանենք ամբողջ հայկական աշխարհի համար եւ իրենց հետ։ Դրա համար շատ կարեւոր է համագործակցությունը։ Վստահ եմ, որ այս շարժմանը կմիանան հազարավոր մարդիկ ե՛ւ Արցախից, ե՛ւ Հայաստանից, ե՛ւ ամբողջ աշխարհից»։

Կարդացեք նաև
«Մեր այս գործընթացը պարտադրված է Ադրբեջանի իշխանության եւ Հայաստանի իշխանության հակաարցախյան քաղաքականությամբ, նաեւ՝ Արցախում տեղի ունեցող աննշան, փոքր խմորումներով»։
Շարժման անդամներն ասացին, որ ունեն կոնկրետ հայեցակարգ, թե ինչպես են պայքարելու, եւ ինչ խնդիրներ են լուծելու։
Արդյոք ունեն ճանապարհային քարտեզ, թե ինչպես են իրենց ծրագիրն իրականացնելու՝ այն դեպքում, երբ հայտարարվում է, որ արցախցիները պետք մնան Արցախում ու պայքարեն, այս հարցին ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց մի ծավալուն փաստաթուղթ եւ ասաց՝ 77 կետ կա, ըստ էության ճանապարհային քարտեզն է․ «Պայքարի ուղղությունները տարբեր դաշտում են ու ամեն օր՝ տեղեկատվական, ռազմական եւ այլն։ Մենք ձեւավորել ենք այդ աշխատանքային քարտեզը, որն իրականացման փուլում է»։
Մանուկյանն էլ նշեց, որ շարժման մեջ տարբեր ոլորտից մարդիկ կան․ «Մենք պատկերացնում ենք, թե ինչ ենք անում»։

«Եթե ուզում եք իրար հետ ճանապարհ գնալ, պետք է իրար հավատանք, մենք պետք է մեր ժողովրդի կամքը հետ բերենք, ոգին երազանքը։ 88-ին չկար կոնկրետ ծրագիր, բայց կար մեծ ուժ մեկ գաղափարի շուրջ։ Եվ շատ կարեւոր է հասկանալ, որ մեր ապագան մեր ձեռքում է, որքան էլ ծանր լինի։ Դրա համար պիտի հասկանանք՝ պատրա՞ստ ենք իրար հետ ուս-ուսի տված գնալ»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

















































