Փոփոխությունների նպատակն է սոցիալական աջակցությունների մատուցման դաշտը բացել նաեւ այլ կազմակերպությունների համար եւ հնարավորություն տալ անձանց սոցիալական աջակցության ոլորտում ծառայություն ստանալով՝ հաղթահարել աղքատությունը: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը:

Փոփոխությունները հիմնված են միջազգային փորձի, ոլորտային քաղաքականության, նախարարության որդեգրած նոր ռազմավարական մոտեցումների վրա: Հաշվի է առնվել հատկապես այն երկրների փորձը, որոնք պատմական փորձառությամբ մոտ են մեր երկրին եւ իրենց վարած սոցիալական քաղաքականությամբ օրինակելի են ամբողջ աշխարհի համար:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքով ծավալուն փոփոխություններ են նախատեսվել եւ նպատակ է դրվել փոխել նաեւ սոցիալական աջակցության գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը, եւ դրամական օգնությունից անցնել ընդհանուր ծառայությունների հասցեական մատուցման: Նա կարեւորել է, որ նախագիծը մշակողը դեռեւս գաղափարի փուլում այն համաձայնեցնում է գլխադասային հանձնաժողովի հետ. այդպես շատ ավելի մասնակցային է լինում նախագծերի մշակումը:
Պատգամավորների կողմից ներկայացված փոփոխությունները վերաբերել են սոցիալական աշխատողի գործունեությանը, սոցիալական աջակցության դադարեցման որոշման մասին ծանուցմանը, «աջակցության կենտրոն» հասկացությանը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքների հայտնաբերմանը: Հստակ կանոնակարգումներով սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումները կդյուրացնեն աշխատակարգը, եւ նկատելի կլինեն արդյունքները: Առաջիկայում եւս նախատեսվում են քննարկումներ:
Կարդացեք նաև
ԱԺ


















































