Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին հանուն խաղաղության». ուսումնական տարվա ամփոփումը UWC Դիլիջանում

Մայիս 25,2023 18:10

Մայիս 25, Դիլիջան: UWC Դիլիջանի 2022/23 ուսումնական տարվա ավարտին մտորելով մեր դպրոցական համայնքի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ կրկին հանգում ենք միասնական լինելու և դիմակայելու գաղափարին: Աշխարհում տեղի ունեցող աղետների հետևանքով առաջացած դժվարություններն, ինչպիսիք են Արցախի շրջափակումը և Ուկրաինայի պատերազմը, ուժի ու վճռականության իրական փորձություն են մեր ուսանողների, դասախոսների և անձնակազմի համար: Այս բարդ ժամանակներում համայնքն ուս ուսի տված՝ աջակցություն և համերաշխություն ցուցաբերեցին միմյանց նկատմամբ: Հենց միասնականության այս ոգին է, որ դարձավ այս տարվա ավարտական արարողության թեման՝ «Միասին հանուն խաղաղության»: Մինչ մեր շրջանավարտները նոր կյանք են մտնում որպես ապագա խաղաղության դեսպաններ, այս թեման ևս մեկ հիշեցում է, թե որքան կարևոր են ներդաշնակությունն ու գործակցությունն աշխարհում խաղաղություն կերտելու գործում:

Մայիսի 20-ին UWC Դիլիջանում տեղի ունեցավ 2023 թվականի ավարտական արարողությունը: Ավելի քան 80 երկրից 103 ուսանող ավարտեցին դպրոցը: Ավելի քան 600 միջազգային հյուրեր՝ դպրոցի բարեկամներն ու ուսանողների հարազատները, ներկա էին այս երկար սպասված միջոցառմանը, իսկ ովքեր չէին կարող գալ, միացել էին ուղիղ հեռարձակմամբ՝ միասին նշելու շրջանավարտների ձեռքբերումները և վայելելու այս հիշարժան միջոցառումը:

UWC Դիլիջանի 2021/23 սերնդի շրջանավարտ, Արցախից Նանա Հայրումյանը նշեց. «Եթե ոմանց համար խաղաղությունը մարդու հիմնարար իրավունք է, ինձ նման ուսանողների համար, ովքեր հակամարտության գոտիներից են, խաղաղությունը արտոնություն է։ Դեռ երեք ամիս առաջ բախվեցի մի իրավիճակի, որը կրկին վիճարկեց խաղաղության մասին իմ գաղափարները: Ինձ մնում էր միայն հուսալ, որ մի օր կճեղքեմ Արցախի շրջափակումը և UWC կվերադառնամ: UWC Դիլիջանում խաղաղությունը պարզապես մաղթանք չէ, այլ մեր անելիքը՝ սկսելով բարի արարքներից և հոգատարությունից, քանի որ խաղաղության հասնելու միակ ճանապարհն այն է, որ խաղաղությունը սկսվի քեզնից, ինձնից և բոլորիցս»:

Նոր, 2023/25թթ. ուսանողների ընդունելությունն ընթացել է դպրոցի հանդեպ աճող հետաքրքրության պայմաններում՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում: Այս տարի 20 տեղի համար UWC Հայաստանի ազգային կոմիտեն ստացել է 204 հայտ Հայաստանից և Արցախից։ Մրցույթն անցած երիտասարդներից ութ հոգի կսովորեն ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Իտալիայի, Հնդկաստանի և Տանզանիայի UWC դպրոցներում, մյուսները կսովորեն UWC Դիլիջանում:

Մեր 2023թ. շրջանավարտներից 21 հոգի նախընտրել է մեկ տարի դադար վերցնել նախքան բարձրագույն կրթությունը, իսկ մյուսները կշարունակեն կրթությունը համալսարաններում: Այս տարվա շրջանավարտների մեծ մասը՝ 76.7 տոկոսը, կուսանեն ԱՄՆ-ում, ներառյալ այնպիսի թոփ համալսարաններում, ինչպիսիք են Բրաունի, Կոռնելի, Չիկագոյի, Հյուսիսարևմտյան համալսարանները, Միդլբերի քոլեջը: 4 տոկոսը կմեկնեն Կանադա՝ ՄակԳիլ, Բրիտանական Կոլումբիայի, Տորոնտոյի համալսարաններ, 2.7 տոկոսը Մեծ Բրիտանիա, այդ թվում Լոնդոնի կայսերական քոլեջ, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Լոնդոնի թագավորական քոլեջ, Էդինբուրգի համալսարան, Սենտ Էնդրյուսի համալսարան, իսկ 2.7 տոկոսը՝ Գերմանիա, այդ թվում Բեռլինի Բարդ քոլեջ:

Շրջանավարտների 9.6 տոկոսը ուսումը կշարունակի Նիդեռլանդներում՝ Ամստերդամի, Ուտրեխտի և այլ համալսարաններում: Համալսարանների ցանկում է նաև Ֆրանսիայի Սիանս Պո համալսարանը:

Դեվիսի կրթաթոշակային ծրագրի շնորհիվ UWC-ի բազմաթիվ շրջանավարտներ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն են ստանում ծրագրի գործընկեր հանդիսացող ԱՄՆ-ի 99 կրթական հաստատություններ: Այս տարվա տվյալով UWC Դիլիջանն ունի 53 շրջանավարտ, ովքեր արժանացել են Շելբի Դեվիսի կրթաթոշակի:

«Ավարտական արարողությունը յուրահատուկ պահ է, երբ մենք՝ որպես համայնք, ուրախանում ենք մեր ուսանողների ձեռքբերումներով: Այս կարևոր նշաձողին հասնելով՝ վստահ ենք, որ մեր շրջանավարտներն ամեն ինչ կանեն, որպեսզի մեր փոթորկուն աշխարհն ավելի մարդասեր, ներդաշնակ և երջանիկ դառնա: Աշխարհում տեղի ունեցող աղետներն ու մարտահրավերներն իրենց արձագանքն են գտնում մեր համայնքում: Այդուհանդերձ այս փորձությունների ֆոնին UWC Դիլիջանը գերազանցեց բոլոր սպասելիքները և ցուցաբերեց այնպիսի միասնականություն, որը ոգեշնչում է մեզ բոլորիս: Միասին և միասնական՝ մեր ուսանողները, անձնակազմը, ծնողները, կառավարման խորհրդի անդամները և առատաձեռն բարերարներն ամուր կանգնած են՝ մարմնավորելով համայնքի իրական էությունը այս դժվարին ժամանակներում», – նշեց կառավարման UWC Դիլիջանի խորհրդի համահիմնադիր և նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

UWC Դիլիջանի մասին

UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 36 ուսուցիչ՝ 15 երկրից։

UWC Դիլիջանի ստեղծման գաղափարը պատկանում է հանրօգուտ ներդրողներ և սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին, ովքեր այն կյանքի են կոչել այլ հիմնադիր նվիրատուների աջակցությամբ: Քոլեջը կառուցվել է ավելի քան 330 բարերարի առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ: Քոլեջի ընդունելության քաղաքականությունը հիմնված է ֆինանսական աջակցության կարիքի վրա և թույլ է տալիս դիմելու բոլորին՝ անկախ սոցիալ-տնտեսական կացությունից։ Ուսանողների շուրջ 80% ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ։

UWC Դիլիջանում ուսումնառության և դասավանդման գործընթացն իրականացվում է «Միջազգային բակալավրիատ» (International Baccalaureate, IB) դիպլոմային ծրագրով, որը գնահատվող ծրագիր է՝ նախատեսված 16-19 տարեկան երիտասարդների համար:

IDeA հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031