Մայիսի 26-ին Երևանում ամփոփվել է ՀԱՊԿ անդամ պետությունների՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդմանն ուղղված «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որին մասնակցում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ներքին գործերի նախարարը, շնորհավորելով տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար, ներկայացրել է մարդկային կյանքեր կործանող չարիքի դեմ Հայաստանի ոստիկանության աշխատանքը։

Խոսելով «Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել իրականացված աշխատանքը և հույս հայտնել, որ գործողության ընթացքում համագործակցված ծառայությամբ ձեռք բերված փորձն ու գիտելիքները ՀԱՊԿ անդամ պետությունները տարածաշրջանում կխթանեն թմրամիջոցների դեմ պայքարին։
Կարդացեք նաև
Ներքին գործերի նախարարը ելույթի ավարտին Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Ելույթներ են ունեցել նաև տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության մասնակից երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք, ըստ պետությունների, ամփոփել են գործողության շրջանակներում իրավապահ կառույցների իրականացրած աշխատանքները։
ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով համագործակցության ամրապնդման համար գործընկեր պետությունների իրավապահ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։

Գործողությանը ՀԱՊԿ անդամ պետություններից մասնակցել են շուրջ 10 000 ծառայողներ, իսկ գործողությունը ղեկավարող միջազգային կոորդինացիոն շտաբը տեղակայված էր Երևանում։
Մայիսի 22-ին հակաթմրանյութային գործողության ընթացքում քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներն իրականացրել են թմրաբիզնեսով զբաղվող խմբավորումների հայտնաբերման և վնասազերծման ցուցադրական վարժանքներ, հյուրերին են ներկայացրել նաև օգտագործվող սպառազինությունը։
Գործողության շրջանակներում մայիսի 24-ին ՀԱՊԿ անդամ պետությունների իրավապահ կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև հայ-իրանական սահմանային անցակետ, որտեղ ՌԴ սահմանապահ զորքերի և ՀՀ ՊԵԿ ծառայողները ներկայացրել են ծառայության մանրամասներ, նաև օգտագործվող սպառազինությունն ու տեխնիկան։
«Կանալ-Արաքս» տարածաշրջանային հակաթմրանյութային գործողության ընթացքում իրավապահ կառույցների ծառայողների կողմից ՀԱՊԿ անդամ-պետությունների տարածքում անօրինական շրջանառությունից առգրավվել է շուրջ 816 կգ թմրամիջոցներ, այդ թվում՝ մարիխուանա, հաշիշ, մեֆիդրոն, ՄԴՄԱ, հերոին և այլն։ Բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության 548 դեպք, պատասխանատվության է ենթարկվել 347 անձ, վնասազերծվել են 88 թմրախմբավորումներ, հայտնաբերվել են 88 հետախուզվողներ, բացահայտվել են 430 ինտերնետային կայքեր ու օգտատերեր, որոնք զբաղվում են թմրաբիզնեսով, հայտնաբերվել է նաև մեծաքանակ զենք ու զինամթերք։
ՀՀ ոստիկանություն



















































