ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ ընթացիկ տարվա փետրվարի 27-ին մեկնարկեց «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագիրը, որի առաջին միջոցառումը կայացավ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ Միջոցառման շրջանակներում մասնագետների կողմից անցկացվեցին վարպետության դասընթացներ համայնքների մանկավարժների ու պատանի վոկալիստների համար։ Նույն օրը համերգով հանդես եկան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակիցները։
«Առավոտի» հետ զրույցում Լեոն Ջավադյանը հայտնեց, որ այցելել են չորս մարզ՝ Կոտայք, Գեղարքունիք, Արարատ, Լոռի, վարպետության դասերը վարել են իր ղեկավարած ծրագրի նախկին մասնակից, ներկայումս մեր օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի, սոպրանո Օֆելյա Համբարձումյանը, ով ծնունդով Արարատի մարզից է, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալեքսանդր Թամազյանը եւ ինքը։ Մեր զրուցակիցը նշեց, որ մարզերում մեծ հետաքրքրություն, ինչու ոչ՝ աժիոտաժ էին առաջացրել միջոցառումները։ Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ գտա՞ք ինչ որոնում էիք, պարոն Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե, այո։ Օրինակ, առանձնացնեմ Արարատի մարզից երկու երիտասարդների, որոնք ունեն ձայնային հիանալի տվյալներ, սկսել եմ պարապմունքները նրանց հետ՝ մոտ ժամանակներս օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկելու նպատակով»։ Հավելեց նաեւ, որ 2016թ.՝ ծրագրի ստեղծումից ի վեր, իրենց շահառուների թվում մարզաբնակները մեծամասնություն են կազմում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարներում՝ Երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցները մարզերում։
«Առավոտ» օրաթերթ
27.05.2023




















































