Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպին, երբ Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը ծեծի էր ենթարկել անչափահասին։
Հարցին, թե ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվել, ինչո՞ւ է ընտրովի արդարադատություն իրականացվում, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Ընտրողական մոտեցում չկա, պրոցեսներ են ժողովրդավարական, ձեզ եւ մեզ համար ստանդարտներից դուրս է, քանի որ ստանդարտից դուրս է, երբ կառավարությունը հսկայական գումարների գործ է պարտվում դատարաններում։ Ստանդարտից դուրս է, երբ ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ վճռի հիման վրա, ստանդարտից դուրս է, երբ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը միեւնույն է, առաջխաղացում է ունենում»։
Լրագրողի հարցին, թե՝ կարելի՞ է մարդ ծեծել, հետո զղջալ ու ազատվել պատասխանատվությունից, նախարարը պատասխանեց․ «Քրեական օրենսգիրքը 81-րդ հոդվածում ունի գործուն զղջալու ինստիտուտ։ Այսինքն՝ եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է, ոչ մեծ ծանրության է, այդ ինստիտուտը կա, եթե գործուն զղջում է, հատուցում է։ Կոնկրետ այս գործով ես գտնում եմ, որ կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի այդ որոշումը, այսինքն՝ քննիչի վարույթ չհարուցելու որոշումը, այնուհետեւ դատախազի ՝ այդ որոշման հաստատումը։ Կա եւս մեկ ատյան, եթե չեմ սխալվում, ժամկետը եռամսյա է, դեռ ժամանակ կա, կարծում եմ՝ հնարավորություն կա ուղղել սխալը»։

Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































