«Տնային կալանքը մեզ չի բավարարում։ Պաշտպանության կողմը քրեադատավարական գործիքակազմն ունի առաջին ատյանի դատարանում բարձրացնելու այդ հարցը՝ առավել թեթև խափանման միջոցի փոխելու կամ ընդհանրապես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ»,- զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը` անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու նրա խափանման միջոց կալանավորումը փոխել է տնային կալանքով:

Փաստաբանը տեղեկացրեց՝ մայիսի 17-ին էր տեղի ունեցել դեպքը ու շարունակեց․ «Մայիսի 26-ին ավարտվել էր այս գործով նախաքննությունը, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Դա եղել է անցյալ շաբաթ, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ միաժամանակ անփոփոխ թողնելով կալանքը»։ Փաստաբանն ասաց՝ գտնում է, որ բացակայում է հանցակազմը։ Այն որակումը, արարքը, որը մեղսագրվում է Գայանե Հակոբյանին, նա չի կատարել»։
Կարդացեք նաև
Լրագրողների հարցին՝ եթե կողմերը հաշտվեն, ի՞նչ ընթացակարգ է սահմանված, փաստաբանն ասաց՝ միևնույն է՝ վարույթը պետք է շարունակվի։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































