Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունն աճել է 92․7 տոկոսով․ Նարեկ Տերյան

Հունիս 05,2023 17:43

2022 թվականին Հայաստանի առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 5․2 մլրդ դոլար, ինչը 2021-ի համեմատ աճել է 92․7 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ «Արտահանումը 2022 թվականին կազմել է 2․5 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով 2․8 անգամ։ Իսկ ներմուծումը կազմել է 2․7 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49 տոկոսով։ Առեւտրաշրջանառությունն աճել է ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների հետ, եւ, կարելի է ասել, մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարում»,- ասաց նա։

Փոխնախարարն անդրադարձավ նաեւ ներդրումներին՝ նշելով, որ 2022 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 196 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 158 մլրդ դրամ։ Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 181 մլրդ դրամ, որից ԵԱՏՄ երկրների կողմից ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 108 մլրդ դրամ։

Նարեկ Տերյանը հավելեց, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկումներ կան ազատ առեւտրի համաձայնագրեր ունենալ Եգիպտոսի, Իրանի եւ Էմիրությունների հետ։ Հարցին, թե ի՞նչ օգուտ կտան Հայաստանին այդ պայմանագրերը, փոխնախարարը պատասխանեց․ «Եթե վերցնենք Իրանի հետ համաձայնագիրը, որն ստորագրվել է եւ հիմա ընդլայնման մասին է քննարկումը, եւ մինչեւ տարվա վերջ երեւի կստորագրվի նոր պայմանագիրը, մենք ԵԱՏՄ-Իրան եւ Հայաստան-Իրան առեւտրաշրջանառության կտրուկ աճ ենք տեսնում։ Եգիպտոսի ու Էմիրությունների հետ քննարկումներում այդ գնահատումը եւս տրվում է, թե ինչքանով արդյունավետ կլինի այդ պայմանագիրը։ Եթե տեսնում ենք, որ ինչ-որ կետով մենք զիջում ենք, պարզապես չենք համաձայնվում պայմաններին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930