Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Թե ՔՊ-ն ինչպես է քվեարկելու, ինձ հետաքրքրում է ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»․ բանավեճ ընդդիմության թեկնածուի հարցի շուրջ

Հունիս 14,2023 11:15

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։ Թեկնածուին ներկայացրեց պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Բաբկեն Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմեց Մամիջանյանին․ «Մի քանի րոպե առաջ մենք քննարկում էինք երեկ քննարկված նախագծերը, եւ անգամ այն բոլոր նախագծերը, որոնք միայն դրական հետեւանք են ունենում, այսինքն՝ անգամ տարաբնույթ մեկնաբանության տեղ չկա, ձեր խմբակցությունը ոչ մեկին կողմ չքվեարկեց։ Այսինքն՝ հարցը դրվում է հետեւյալ կերպ՝ անկախ նրանից՝ նախագիծը լավն է, թե վատն է, եթե նախագիծը ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք։ Այսինքն՝ դուք ընդհանրապես բովանդակային առումով հարցերին չեք նայում եւ քաղաքական պրիզմայով եք դիտարկում բոլոր որոշումները։ Հիմա ուզում եմ հասկանալ, եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք դուք լուծելու ու ինչ ակնկալիքներ ունեք Տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով»։

Մամիջանյանն ի պատասխան նշեց․ «Ես ասել եմ, որ ձեր կառավարության կողմից երկրին բացի չարիքից՝ ուրիշ բան բերելը շատ բարդ է։ Ինչ վերաբերում է տիկին Սարգսյանի թեկնածության մասով, մենք վստահ ենք, որ նրա նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում երկրին օգուտ է բերելու։ Թե ինչպես դուք կքվեարկեք, ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց համենայնդեպս՝ երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»։

«Եթե ձեզ քիչ է հետաքրքրում, թե մենք ոնց կքվեարկենք, ինչի՞ համար եք ընդհանրապես թեկնածությունն առաջադրել։ Եթե դուք համարում եք, որ բոլոր պետական ինստիտուտները հակապետական, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներ ու որակներ ունեն, մի հոգով այնտեղ ի՞նչ հարց եք լուծելու»,- հարցրեց Թունյանը։

Մամիջանյանն արձագանքեց․ «Ես ասացի, որ ՔՊ-ն է չարիք բերում, ես բացարձակ չորակավորեցի այն պրոֆեսիոնալներին, որոնց հույսով շարունակվում է պետության ինստիտուտների գործունեությունը։ Այն օրենքները, որոնք ձեր իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետեւանք են ունենալու, նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են այնպիսի խայտառակ բացթողումներով ու տրամաբանությամբ, որ հաճախ ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է։ Ու որոշ պարագայում մենք փորձում ենք գտնել որեւէ լավ բան, որ երկիրը շարունակի գոնե գոյատեւել, մինչեւ ձեզանից ազատվենք»,- ասաց նա։

Ռուբեն Ռուբինյան

Հարց տվեց նաեւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Պարոն Մամիջանյան, երբ դուք պարոն Թունյանին ասացիք, որ ձեզ չի հետաքրքրում, թե ՔՊ խմբակցությունն ինչպես կքվեարկի, ու դուք գիտեք, որ թեկնածուն կընտրվի, եթե ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե չքվեարկի, հետեւաբար հարց՝ ձեզ հետաքրքրո՞ւմ է ձեր ներկայացրած թեկնածուն կընտրվի, թե՞ ոչ, որովհետեւ ձեր ասածից բխում է, որ դա ձեզ չի հետաքրքրում»։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությանը եւ այդ ինստիտուտին կլինի օգուտ, եթե Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովի կազմում։ «Իսկ ինձ վերաբերում է հարցին, թե ինձ ձեր քվեարկությունը հետաքրքրում է, չի հետաքրքրում, ես մինչեւ այսօր խոսքի ու գործի շեղում երբեք չեմ առաջացրել, եւ եթե ես ասում եմ, որ չեմ ընկալում ձեզ՝ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետեւում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում։ Իրոք, ձեզանից որեւէ մեկն ակնկալիք ունի, որ ես պետք է գամ ու խնդրեմ, որ քվեարկե՞ք մեր թեկնածուի օգտին։ Ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք, հակառակ դեպքում կտուժի հանձնաժողովը»,- ասաց Մամիջանյանը։

Ռուբեն Ռուբինյանը պնդեց, որ Մամիջանյանի խոսքից չի հասկացվում՝ իրենց հետաքրքրո՞ւմ է՝ կընտրվի իրենց թեկնածուն, թե՞ ոչ։

«Ես գիտեի, որ Ազգային ժողով եմ գալիս զեկուցելու, ոչ թե դպրոցական հանդեսի․․․»,- արձագանքեց Մամիջանյանը։

«Ես շատ հարգալից հարցեր եմ ձեզ տալիս, դահլիճից էլ որեւէ անհարգալից ռեպլիկ չի հնչել, այնպես որ խնդրում եմ նորմալ քաղաքական հարց ու պատասխան ունենանք։ Հիմա պատասխանեք հարցիս հայերեն լեզվով՝ արդյոք ձեզ հետաքրքրում է՝ ձեր թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ»,- ասաց Ռուբինյանը։

«Ես ինքս եմ որոշում, թե ինչպես, ինչ ոճով, ինչ տոնայնությամբ պատասխանեմ հարցերին եւ հաշվետու եմ ՀՀ քաղաքացիների առաջ, ոչ՝ ձեր։ Եթե դուք մեր ընտրողն եք, կարող ենք քննարկել դա հետագայում։ Նորից կրկնեմ՝ ինձ հետաքրքրում է Անահիտ Սարգսյանի՝ հանձնաժողովի անդամ դառնալը, որովհետեւ վստահ եմ, որ իր փորձը կկարողանա ներդնել՝ իր աշխատանքային գործունեությունը որակյալ իրականացնելու համար։ Բայց թե դուք ոնց եք քվեարկելու, ինձ հետաքրքրում է մի քիչ ավելի քիչ, քան փոկերի գլխաքանակը»,- ասաց Մամիջանյանը։

«Տիկին Սարգսյան, ավելի լավ է ձեզ չներկայացներ պարոն Մամիջանյանը, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք որոշում ունենք ձեր մասով։ Մյուս անգամ, երբ ձեզ ներկայացնելու կլինեն, ես ձեզ խորհուրդ կտամ այլ մարդու»,- արձագանքեց Ռուբինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930