Ազգային ժողովի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավորները ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու Անահիտ Սարգսյանին հիշեցնում են իր ֆեյսբուքյան գրառումները։
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ գրառումներից մեկում Անահիտ Սարգսյանը Հայաստանի ժողովրդին «ոչխար» էր անվանել։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն էլ մեկ այլ գրառում մեջբերեց․ «Դուք թիվ մեկ քաղաքական ամբիոնի առաջ եք կանգնած եւ նաեւ պետք է պատասխանեք քաղաքական հարցերի։ Եթե ընտրվեք, ձեզ պետք է կողմ քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Սակայն դուք ձեր հրապարակային գրառումներից մեկում ձեր կարծիքն եք հայտնել Նիկոլին սատարողների մասին՝ «դուք փուչ մարդիկ եք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար եք, որ չի հասկանում, որ իրեն տանում են սպանդանոց»։ Եվ մի տեղ էլ ասել եք՝ «2018-ին դուք հորթի հրճվանքով բառաչում էիք ձեր ընտրություններից»։ Հիմա դուք կանգնել եք այս ամբիոնում եւ պատասխանում եք «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հարցերին։ Եթե դուք պնդում եք, որ որպես քաղաքացի՝ կարող եք ունենալ ձեր կարծիքը, խնդիր չկա։ Դուք որպես քաղաքացի՝ նաեւ կարծում եմ, այս ամբիոնից պիտի պնդեք ձեր կարծիքը, որով ձեր գրառումներում հանդես եք եկել եւ չգիտես ինչու՝ այդ գրառումները ջնջել եք։ Դուք պնդո՞ւմ եք, որ մենք փուչ մարդիկ ենք, անհայրենիք, փչացած գենետիկ կոդով, անուղեղ ոչխար, որ չեն հասկանում, որ իրենց տանում են սպանդանոց»։

Կարդացեք նաև
Անահիտ Սարգսյանը հավելեց․ «Իմ համար ավելի ցավալի է ոչ թե այն, որ ընդդիմությունը ժողովրդին կարող է անվանել «ժեխ», իմ համար ցավալին այն է, որ կարող ենք կորցնել հայրենիք։ Իմ Եվ բոլորս, եթե հայ ենք, պետք է առաջնորդվենք այդ սկզբունքով։ Ես հիշում եմ, որ նախկինում՝ մինչեւ 2018 թվականը, կային ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում՝ ներկայիս վարչապետը, որը բազմաթիվ անվանարկումներ էր անում ժողովրդի մասին, բազմաթիվ վիճաբանություններ եմ հիշում։ Դա ընդդիմության ֆունկցիան է, ինքը պետք է քննադատի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































