Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե խորքային վերլուծություն անելու գիտելիք չունենք, կարելի է տպավորություն ունենալ, որ տնտեսական աճից օգտվել են բանկերն ու վարձով բնակարան տվողները»․ ֆինանսների նախարար

Հունիս 14,2023 15:25

«Ի՞նչ դեր է ունեցել կառավարությունը 12․6 տոկոս տնտեսական աճի մեջ։ Հանդիպում են կարծիքներ, որ կառավարությունը որեւէ կապ չունի այդ աճի հետ, եւ որ տնտեսությունն աճել է կառավարությունից բացարձակապես անկախ պատճառներով»,- այս մասին Ազգային ժողովի նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը (լուսանկարում)։

Նախարարը նշեց, որ վերջին տարիների բարեփոխումներն ազդել են Հայաստանի դիմագծի վրա։ Չնայած անվտանգային եւ լոգիստիկ խնդիրներին, Հայաստանը հրաշալի վայր է՝ ապրելու եւ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար։ «Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայուն համակարգը արագ զարգացող հանրային ենթակառուցվածքները եւ բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս ռելոկանտների համար։ Եվ այստեղ հսկայական դեր ունի կառավարության ամենօրյա քրտնաջան աշխատանքը։ Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում, եւ պետք է ուղղակի հարցնել, թե ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չկա այդ ցանկում։ Մենք մրցում ենք մեզանից զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը, Արաբական Էմիրությունները։ Այլ կերպ ասած՝ կառավարության հիմնական դերն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կուզեն ապրել, աշխատել եւ ներդրում կատարել»,- ասաց նա։

Նախարարն անդրադարձավ նաեւ քննարկվող մեկ այլ հարցի, թե ի՞նչ կապ ունի Հայաստանի քաղաքացին 12․6 տոկոս տնտեսական աճի հետ։ Ըստ Հովհաննիսյանի՝ փորձ է արվում համոզել, որ Հայաստանի քաղաքացիները միայն տուժել են 8․6 տոկոս գնաճից։ «Եթե խորքային վերլուծություն անելու տրամադրություն կամ գիտելիք չունենք, ապա կարելի է տպավորություն ունենալ, որ տնտեսական աճից հիմնականում օգտվել են բանկերը, որովհետեւ սանկցիաների հետեւանքով մեծ պահանջարկ է առաջացել ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ, վարձով բնակարան տվողները՝ ռուս ռելոկանտների Հայաստան տեղափոխման պատճառով, տրանսպորտային եւ պահեստային ծառայություններ մատուցողները։ Սակայն նախ պետք է փաստել, որ տնտեսական աճն արտացոլվել է բազմաթիվ ճյուղերում, ինչը նշանակում է, որ այդ ոլորտներում աշխատող մեր քաղաքացիները զգացել են դրա դրական հետեւանքները»,- հավելեց նա։

Ըստ նախարարի՝ 2022 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 15․5 տոկոսով՝ կազմելով 235 576 դրամ, իսկ իրական աշխատավարձերը 8․6 տոկոս գնաճի պայմաններում աճել է 6․3 տոկոսով։ Գործազրկությունը նվազել է։ «Ասում են, որ սա ապահովվել է միայն ռուս ՏՏ մասնագետների շնորհիվ, սակայն 2022 թվականին գրանցված 55 հազար նոր աշխատողներից 45 հազարը ՀՀ քաղաքացիներ են։ Ընդ որում, պետական կառավարման համակարգի 19 հիմնարկներում հաստիքները կրճատվել են ավելի քան 500-ով։ 2022 թվականին 10 հազարով կրճատվել է ընտանեկան նպաստից օգտվողների թիվը։ Մեկ այլ կարեւոր ցուցանիշ է ջինի ինդեքսը, որի մասին թեեւ քիչ ենք խոսում, սակայն այն բնութագրում է երկրում ստեղծված արժեքի բաշխման համաչափությունը հասարակության տարբեր խմբերի միջեւ։ Եթե ցուցանիշը մոտ է զրոյին, ապա հարստությունը բաշխվում է համաչափ, եթե ցուցանիշը մոտ է մեկին՝ ապա ծայրահեղ անհամաչափ։ Հայաստանն աշխարհում այդ ցուցանիշով ամենացածր երկրների շարքում է՝ 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 0․27։ Համեմատության համար նշեմ, որ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 0․34 է, Շվեդիայինը՝ 0․28, իսկ Ֆրանսիայինը՝ 0․30։ Կարեւոր ցուցանիշ է նաեւ աղքատության էլաստիկության ինդեքսը, սա ցույց է տալիս, թե մեկ տոկոսային կետով ՀՆԱ-ի աճը որքան է ազդում աղքատության վրա։ Վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ 1 տոկոսային կետով ՀՆԱ աճը հանգեցնում է 1 տոկոսով աղքատության նվազմանը։ Եվ վստահ եմ, որ 2022 թվականի աղքատության ցուցանիշի հրապարակումից հետո մենք կարձանագրենք նաեւ աղքատության ցուցանիշների նվազում»,- հավելեց նա։

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ տնտեսական աճը ոչ միայն բարելավել է Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, այլ նաեւ դրա արդյունքում հնարավոր է դարձել հավաքագրել ավելի քան 82 մլրդ դրամ հավելյալ հարկային եկամուտներ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930