«Կան մարդիկ, որոնց խոսքը նման ձեւով չես լռեցնի. Արմեն Աշոտյանը պատկանում է այդ մարդկանց դասին: Ճշմարտացի խոսքը ճաղերի հետեւում թաքցնելը ոմանց հնարավորություն է ընձեռում շարունակել իրենց թրքական նպատակների իրականացումը»,- այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։


Aravot.am-ի հարցին՝ քաղաքական ուժերն ի՞նչ օրակարգով են ուզում հակադրվել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ու Հայաստանը հանձնելու օրակարգին, քանի որ «Դիմադրության» շարժման անփառունակ ավարտից հետո, մինչ օրս դժգոհություններ եւ ահազանգեր ենք լսում նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Օրակարգերը, քաղաքական ուժերի մոտ կարող են լինել տարբեր, բայց առաջնահերթը, ինչը որ պետք է արվի քաղաքական ուժերի կողմից, պետք է անդադար բացահայտվի ճշմարտությունը: Եթե ուսումնասիրեք այն վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվում են անկախ մարմինների կողմից, կտեսնեք, որ ի վերջո, բաց խոսքը գտնում է իր հասցեատիրոջը, եւ մարդիկ ընկալում են, թե ինչ է տեղի ունենում իրենց երկրի հետ»:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ըստ բանախոսի, կներկայացնի իր գործողությունների ծրագիրը:
Կարդացեք նաև
Մեր ճշտող հարցին՝ մոտ ապագայում գործողությունների սպասե՞լ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մի բան ակնհայտ է. առաջին հերթին դա պետք է լինի ուղիղ խոսքը ժողովրդի հետ»:
Ըստ բանախոսի, երբ խոսում ենք Սահմանադրության մասին, այն ամրագրում է մի շարք բարձրագույն արժեքներ. ժողովրդական ապստամբությունն ընդունված է եւ սահմանադրական իրավունքը նաեւ դիտում է ժողովրդի իրավունք, թեեւ դրա մասին ուղղակիորեն գրված չէ. «Բավական է բացել սահմանադրական իրավունքի որեւէ դասական միջազգայնորեն ընդունված դասագիրք եւ դրա մասին կտեսնեք: Դա չի նշանակում, որ դա միակ եղանակն է: Այս պահին ես չեմ տեսնում որեւէ անհրաժեշտություն՝ գործելու ստանդարտ իրավական դաշտից դուրս՝ ապավինելով վերջին միջոցներին»:
Aravot.am-ի դիտարկմանը՝ իրավիճակն օրհասական չէ, եթե մենք խոսում ենք ստանդարտ իրավական դաշտում գործելու մասին, Դավիթ Հարությունյանը չհամաձայնեց՝ հավելելով, որ իրավիճակն օրհասական է եւ բավական երկար ժամանակ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ



















































