Հունիսի 20-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: Ինչպես Аravot.am-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը` քննությունը տեւել է 3 ժամ:
«Սա քննություններից 4-րդն էր եւ 3-րդ ու ամենավերջին մեծ քննությունը՝ անգլերենից ու մաթեմատիկայից հետո: Քննական կենտրոններից գործել է 34-ը, որից 9 Երևանում եւ 25-ը՝ մարզերում: Երեւանի քննական կենտրոններում նախնական տվյալներով 1182 հոգի է քննություն հանձնել, մարզերում՝ 3167: Ասում եմ` նախնական, որովհետեւ հաստատ բացակայածներ կլինեն ու, ցավոք, նաեւ տեխնիկական միջոցներից օգտվելու պատճառով քննությունն ընդհատածներ»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ այս քննության գնահատականները հայտնի կդառնան հունիսի 25-ին, իսկ բողոքարկումը կլինի հունիսի 26-ին: Գնահատականները կուղարկվեն դիմորդների անձնական էլեկտրոնային հասցեներին: «Բողոքարկման դիմումներն ընդունվում են բոլոր այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը: Ամեն քննությունից հետո ժամը 15-ի շրջանում ԳԹԿ-ն հրապարակում է թեստերի ճիշտ պատասխանները, եւ քննասենյակից իրենց հետ պատասխանի ձեւաթուղթը դուրս հանած դիմորդները կարող են համեմատել, հաշվարկել իրենց միավորը՝ մինչեւ գնահատականների հայտնի դառնալը»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:

Կարդացեք նաև
Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առավոտյան այցելել է Երեւանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոն եւ մասնակցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նա կարծիք է հայտնել, որ դիմորդների՝ երկու անգամ քննություն հանձնելու այս տարի ներդրված հնարավորությունը դրական դինամիկա է ապահովել:
Խաչանուշ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է, որ քննական թեստերում վրիպակներ կամ սխալներ գտնվեն, եւ նման դեպքերում ինչպե՞ս է լուծվում հարցը: «Միջազգային պրակտիկայում էլ է պատահում, վրիպակները կարծես անխուսափելի են: Չի բացառվում, որ լինեն, ամեն դեպքում, եթե վրիպակներ են պատահում, արագ այդ հարցը լուծվում է, թեստի հեղինակներն արագ պարզաբանում են:
Եթե նման բան հայտնաբերվում է քննական կենտրոնում, քննական կենտրոնի ղեկավարը կապվում է ԳԹԿ-ի հետ, եւ թեստի հեղինակը պարզաբանում է տալիս: Իսկ եթե քննությունը հանձնելուց հետո է պարզվում վրիպակը, սխալը եւ դա, ասենք ԳԹԿ-ի մեղքով է լինում, անկախ նրանից դիմորդը բողոքարկել է, թե ոչ, այդ տարբերակի բոլոր դիմորդների միավորները բարձրացվում են»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ հունիսի 23-ին էլ կկայանա կենսաբանություն եւ աշխարհագրություն առարկաների քննությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Խաչանուշ Գրիգորյանը


















































