Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի հետագիծը գրեթե համանման է Սադամ Հուսեյնի հետագծին»․ ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հունիս 22,2023 15:06

ԱՄՆ կոնգրեսում Թոմ Լանտոսի գլխավորած Մարդու իրավունքների հանձնաժողովը (TLHRC) լսումներ է անցկացրել՝ ընդգծելով Արցախի բնիկ հայ քրիստոնյաների դեմ Ադրբեջանի աճող ագրեսիան և կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության դեմ՝ Երկրորդ Հայոց ցեղասպանության պատճառով:

Մոտ երկու ժամ տևած լսումները հյուրընկալել են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը և Ջեյմս Մաքգովերնը, դրանց մասնակցել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը:

Պատգամավոր Ադամ Շիֆը նաև գրավոր հայտարարություն է ներկայացրել արձանագրության համար: «Պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին» վերնագրված լսումներին հնչել են նաև միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի, Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի և Կոլումբիայի համալսարանի՝ խաղաղաշինության և մարդու իրավունքների ծրագրի, Մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսի վկայությունները:

«Ունենք 120,000 քրիստոնյա, որոնք խեղդվում են՝ շրջափակված Ադրբեջանի կողմից, – իր ելույթում ասել է դեսպանը Բրաունբեքը, որը վերջերս է վերադարձել Philos Project-ի գլխավորած դեպի Հայաստան փաստահավաք առաքելությունից: – Դա հակասում է խաղաղության համաձայնագրին, դա հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, բայց դա տեղի է ունենում: Դրան աջակցում է Էրդողանը, որը, հավանաբար, աշխարհի առաջատար իսլամիստ անձնավորությունն է, և որը առաջ է մղում ռազմատենչ իսլամը»:

Դեսպան Բրաունբեքն առաջարկել է կոնգրեսական պատվիրակություն ուղարկել Արցախ՝ նկատելով, որ իր և իր պատվիրակության մուտքը Արցախ չի թույլատրվել:

Մայքլ Ռուբինը, որը նույնպես եղել է Philos Project-ի փաստահավաք առաքելության կազմում, կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ: «Վերջին տասնամյակում նախագահ Ալիևը փոխվել է և դարձել ավելի անկանոն: Ես կասեի, որ նրա հետագիծը գրեթե համանման է Սադամ Հուսեյնի հետագծին», – ասել է Ռուբինը:

Դեյվիդ Ֆիլիպսն ասել է, որ Ալիևի գործողություններից և նրա ատելության խոսքից պարզ է դառնում, որ երկրորդ Հայոց ցեղասպանությունն է տեղի ունենում։ «Էրդողանի ռեժիմը լիարժեք գործընկեր է. նա զինել է Ադրբեջանին գործիքներով՝ իրականացնելու իր հայատյացությունը»,- հայտարարել է Ֆիլիպսը։

«Կարծում եմ, որ այսօր մեր խնդիրն է պարզապես մտածել, թե ինչպես պահպանել հայերի կյանքը Ղարաբաղում՝ պոտենցիալ ցեղասպանական սպառնալիքի պայմաններում, – իր ելույթում ասել է դեսպան Ջոն Էվանսը: – Ես, անշուշտ, համաձայն եմ այն մտքի հետ, որ 907-րդ հոդվածից հրաժարվելը պետք է չեղարկվի»:

Էվանսը նաև կոչ է արել ամերիկացի դիվանագետներին «զսպել թուրքական և իսրայելական զենքի վաճառքը Բաքվին»:

«Մինսկի խմբի մյուս բոլոր անդամները, և Թուրքիան տեխնիկապես այդ խմբի անդամ է, գործնականում համաձայնել են պահպանել ռազմական հավասարակշռությունը Կովկասում։ Այժմ Ռուսաստանը, իհարկե, երկու կողմերին մատակարարի ամենամեծ դերն էր խաղում, բայց երբ այնտեղ մտան իսրայելական և թուրքական բարձր տեխնոլոգիական անօդաչու թռչող սարքերն ու այլ սարքավորումները, էլ չեմ խոսում F-16-ների մասին, դա իսկապես շեղեց իրավիճակը և հանգեցրեց նրան, ինչ ունենք:

Կոնգրեսական Քրիս Սմիթը մատնանշել է ադրբեջանական ագրեսիայի սրմանն արձագանքելու ԱՄՆ ջանքերը: Նա հավելել է, որ նախատեսվում է ևս մեկ անգամ Արցախի հարցի վերաբերյալ լսումներ անցկացնել, որտեղ կհրավիրվեն ԱՄՆ աշխատակազմի պաշտոնյաներ:

«2020թ. ի վեր Ադրբեջանը սեղմում է օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նրա ուժերը օկուպացրել են նախկին տարածքի զգալի մասը և նույնիսկ բուն Հայաստանի տարածքը։ […] Քանի որ մեր կառավարությունը քննարկումներ է տանում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ, մենք Կոնգրեսում պարտավոր ենք հարցնել, թե ուր է տանում այս ամենը: Մեր երկիրը չի կարող պարզապես ընդունել ցեղասպանության կամ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների վտանգը»,- ասել է Սմիթը։

«Փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, հասկանալի է, իրեն խոցելի և ռիսկի տակ է զգում: Այսպիսով, ինչ ենք մենք անում այդ ուղղությամբ: Ո՞րն է այստեղ մարդու իրավունքները պաշտպանող արձագանքը,- ասել է TLHRC-ի համանախագահ, պատգամավոր Մաքգովերնը: – Դա քաղաքացիական պաշտպանության ապահովումն է, ինչը նշանակում է ձեռնարկել ցանկացած և բոլոր հնարավոր գործողությունները՝ կանխելու լարվածության հետագա սրումը, որը կարող է հանգեցնել ավելի մեծ պատերազմի և նոր վայրագությունների»:

Կոնգրեսական Բիլիրակիսը, որը նախագահում էր հանձնաժողովի լսումները, ընդգծել է 907-րդ հոդվածի սահմանափակումների կիրառման կարևորությունը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությանը: «Ես բարձր եմ գնահատում այս հանձնաժողովի ցուցմունքները և կոչերը դադարեցնելու Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածից հրաժարումը, որը արգելում է ռազմական տեխնիկայի վաճառքը Ադրբեջանին: Դուք դա վաճառում եք Ադրբեջանին, ինչպես որ վաճառում եք Թուրքիային։ Չկա արդարացված պատճառ՝ շարունակելու այս [907-րդ հոդվածից] հրաժարումը, երբ Ադրբեջանը ակնհայտորեն օգտագործել է այդ տեխնիկան՝ Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմ մղելու, անմեղ հայերի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու և ներկայիս շրջափակումն իրականացնելու համար»,- ասել է Բիլիրակիսը՝ խոստանալով շարունակել աշխատել Կոնգրեսի հայկական խմբի հետ՝ դադարեցնելու 907-րդ հոդվածի հրաժարումը «մինչև Միացյալ Նահանգները երաշխավորի, որ Ամերիկայի կողմից գնված ոչ մի ռեսուրս չի օգտագործվի մարդասիրական ճգնաժամերը, ցեղասպանական արշավները հավերժացնելու կամ անմեղներին թիրախավորելու համար»:

Կոնգրեսական Փալոնն ընդգծել է Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունը Արցախի դեմ շարունակվող ագրեսիայի և շրջափակման ֆոնին: «Ալիևը, Արցախի մասին խոսելիս, առանց այլևայլությունների ակնարկում է Հայոց ցեղասպանությանը և մարդկանց այնտեղից հեռացնելուն, ոչ էլ փորձում է թաքցնել իր շարունակական մահաբեր ներխուժումները հայկական տարածք,- հայտարարել է Փալոնը: -Նա ակնհայտորեն կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար, էթնիկ զտումների հստակ նշան, որը մենք չպետք է անտեսենք»։

Փալոնը նշել է, որ «վաղուց ժամանակն է, որ Միացյալ Նահանգները սկսի ավելի լավ օգտագործել մեր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որպեսզի ի վերջո վերջ դրվի այս նպատակային ճգնաժամին»:

Հղում կատարելով հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակության մասին հաղորդագրություններին՝ Փալոնն ընդգծել է. «Ես կոչ եմ անում վարչակազմին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ թույլ չտալու, որպեսզի Ադրբեջանն իր ռազմատենչ պահվածքով թելադրի վերջնական համաձայնագրի պայմանները, քանի որ դա չի հանգեցնի արդար և կայուն խաղաղության տարածաշրջանում»:

TLHRC-ի լսումներին ներկայացված գրավոր վկայության մեջ պատգամավոր Շիֆը խոր մտահոգություն է հայտնել, որ «Արցախն օգտագործվել է որպես սակարկության առարկա խաղաղ բանակցություններում՝ առանց որևէ ներկայացուցչության»: Նա ընդգծել է, որ «Արցախի ժողովրդի իրավունքն է ապրել ազատ քաղաքական, մշակութային և տնտեսական ճնշումներից, և որպես ժողովրդավարության պաշտպան՝ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Արցախին և կանգնել նրա ժողովրդի կողքին՝ հասնելու ճանաչման, որին նա արժանի է ավելի, քանի այլ պետություն»:

Պատգամավոր Շիֆը նախանշել է մի շարք քայլեր, որոնք ԱՄՆ-ը պետք է ձեռնարկի Արցախում մարդու իրավունքների պաշտպանության համար, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը և Արցախի ժողովրդի պաշտպանության և ինքնորոշման իրավունքի ապահովումը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930