Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պողոսյան․ «Նախքան բանակին մեղադրելը՝ վերլուծեք պետական կառույցների գործողություններն ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ եք արել դուք Զինված ուժերին աջակցելու համար»

Հունիս 30,2023 12:41

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանն արձագանքել է ԱԽ մամուլի խոսնակի՝ երեկ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում արած հայտարարությանը։

Երբ ԳՇ պետը հաղորդում է հակառակորդի հետ ուժերի եւ միջոցների հարաբերակցության մասին օպերատիվ ուղղություններով, դա նշանակում է, որ գնահատվել է թուրքական զինված ուժերի գործողությունների բնույթը թուրքական օպերատիվ ուղղություններով, հետեւաբար, հաշվարկներում թուրքական գործոնը հաշվի չի առնվել արեւելյան եւ հյուսիս-արեւելյան ուղղություններով։ Սա ակնհայտ փաստ է։ Բայց զեկույցի այս հատվածը ներկայացնելով՝ ԳՇ պետը ներկաներին պարզաբանել է, որ լայնածավալ պատերազմի դեպքում կա մեծ հավանականություն, որ Թուրքիան Ադրբեջանին ռազմական էական աջակցություն կցուցաբերի, այդ թվում՝ պատերազմում անմիջական մասնակցությամբ։ Հենց սրանից ելնելով էլ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ առաջարկեց քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական մի շարք միջոցներ կիրառել պատերազմը կանխելու կամ ռազմական ուժ կիրառելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։

Այս միջոցների մասին նա բավականին մանրամասն ներկայացրել է իր հայտարարությունում։ Նա նաեւ բացատրել է պաշտպանության կազմակերպման էությունը «ոչ մի քայլ» հետ» սկզբունքով։ Այո, իսկապես, Նախիջեւանի եւ Թուրքիայի օպերատիվ ուղղություններով հակառակորդը ակտիվ գործողություններ չէր իրականացնում, բայց արեւելյան ուղղությունում կենտրոնացած էին հակառակորդի հիմնական ուժերը, այդ թվում՝ թուրքական ստորաբաժանումներ։

Արդյունքում, պաշտպանական գծում մենք ստիպված էինք կռվել արդեն հաշվի առնելով թուրքական գործոնը, եւ ոչ միայն։

Ի դեպ, այն փաստը, որ Թուրքիան մի քանի այլ պետությունների հետ ակտիվորեն միջամտել են պատերազմում, Հայաստանի կառավարության օգտին չի խոսում․ քաղաքական ղեկավարության խնդիրն է՝ դիվանագիտական միջոցներով թույլ չտալ այլ խաղացողներին միջամտել կամ խառնվել հակամարտությանը։

Նախքան բանակին մեղադրելը, վերլուծեք պետական կառույցների գործողություններն եւ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ի՞նչ եք արել դուք Զինված ուժերին աջակցելու համար։

Բանակը, գեներալ Գասպարյանի ղեկավարությամբ, փաստացի պետության կողմից առանց լուրջ աջակցության, 44 օր պայքարել է ուժերը անգամներով գերազանցող հակառակորդի հետ՝ հասցնելով մեծ կորուստներ։ Իսկ ի՞նչ են արել քաղաքական իշխանությունները։

Զինված ուժերի ղեկավարությունը պետք է պատասխանատվություն կրի ռազմական գործողությունների անհաջողության համար, իսկ քաղաքական ղեկավարությունը՝ պատերազմում անհաջողության համար։ Եթե դուք ի վիճակի չեք գնահատել ԳՇ պետի զեկույցը, գաղափար չունեք, թե ինչ է օպերատիվ ուղղությունը, մի խայտառակվեք եւ մի խոսեք այն թեմաներով, որտեղ ձեր գիտելիքը մանկապարտեզի մակարդակի վրա է։

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյան

Հ․Գ․ Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հունիսի 28-ին հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում արած Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններին։ Գասպարյանի հայտարարությանն էլ արձագանքել է անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը, որն ասել է․ «Օնիկ Գասպարյանն իր հունիսի 28-ի հայտարարության մեջ խեղաթյուրել է 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստի ընթացքում իր հնչեցրած զեկույցը: Այդ օրվա նիստում Գասպարյանը մասնավորապես ասել է, որ Արևելյան և Հյուսիս-Արևելյան օպերացիոն ուղղություններում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները` չընդգծելով Թուրքիայի գործոնը: Իսկ Նախիջևանյան և Թուրքիայի օպերացիոն ուղղություններով ուժերի հարաբերակցության մասին տեղեկատվություն է տրամադրել և նշել խնդիրները: Նա նաև նշել է, որ խնդիրների լուծման մեծ մասը տեսնում է աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում: Այդ օրվա նիստի ընթացքում Օնիկ Գասպարյանի առաջարկած խնդիրների լուծման բոլոր առաջարկներին ԱԽ-ն հավանություն է տվել: Հետագայում, 44-օրյա պատերազմի ընթացքում Նախիջևանյան ու Թուրքիայի օպերացիոն ուղղություններում ՀՀ-ն Օնիկ Գասպարյանի նշած ռազմական խնդիրները չի ունեցել: Չնայած սրան պարոն Գասպարյանի ղեկավարության ներքո ԶՈւ-ն չի կարողացել ապահովել ԱԽ նիստում ստանձնած «առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հակառակորդի հարձակումը հետ մղելու, ձախողելու և նրա խմբավորումները ջախջախելու» ԱԽ առաջ ստանձնած պարտավորությունը եւ խոստումը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930