«Խոսող կտավներ» ներառական նախագիծը ներկայացվեց հանրությանը։ Նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն ունեն «տեսնելու» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն ընձեռեց դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճենների՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։

Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճեն թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։
«Ֆրանսիացի քննադատ Լուի Վոկսելն ասել է․ «Նախ Սարյանն է նկարել Հայաստանը, հետո միայն Աստված ստեղծել է այն»։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ մենք ստեղծել ենք այնպիսի մատչելի միջավայր, ուր տեսողության խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին հասանելի կդառնա սարյանական հրաշքը։ Անչափ ուրախ ենք, որ մեր աշխատանքի արդյունքում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բնօրինակների կողքին կտեղադրվեն Վարպետի 6 կտավի շոշափելի պատճենները։ Շոշափելի կտավները ուղեկցվում են նաև սիրված դերասանների կողմից ձայնագրված տիֆլոմեկնաբանություններով, որոնց շնորհիվ դրանք նաև խոսում են»,- նշում է ծրագրի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր շոշափելի կտավը լրացվում է տիֆլոմեկնաբանություններով։ Տիֆլոմեկնաբանությունը հակիրճ տեղեկատվություն է, որը հատուկ պատրաստված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար՝ փոխարինելու տեսողական տեղեկատվությունը, որը ճակատագրի բերմամբ անհասանելի է նրանց համար։
Նշենք, որ նախագծի հնչյունային ռեժիսորն է կոմպոզիտոր Վահան Նահապետյանը, ով, լինելով նախագծի թիրախային լսարանի ներկայացուցիչ, հանդես է գալիս նաև որպես ներառական նախագծի գլխավոր փորձագետ։
Նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական պիլոտային նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել էին Պատկերասրահի 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ․ հաշվի առնելով ներառական նախագծի նկատմամբ հետաքրքրությունը, այս տարի որոշվել է նաև ստեղծել տիֆլոմեկնաբանություններ անգլերեն և ռուսերեն տարբերակներով՝ Սարյանի Պաննո «Հայաստան» կտավի համար։ Տիֆլոմեկնաբանությունները ստեղծվել են նախագծի գործընկեր Արարատ թանգարանի հետ միջթանգարանային համագործակցության շրջանակներում։
Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Մամուլի հաղորդագրություն



















































