Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Խոշտանգումների բացարձակ արգելքը ձեւակերպված է միջազգային պայմանագրերով եւ չկա մի այնպիսի իրավիճակ, որ կարող ենք ասել, թե այս դեպքում կարելի է խոշտանգել»

Հուլիս 13,2023 18:08

Փաստաբաններին բռնության ենթարկելու եւ ընդհանրապես խոշտանգումների դեմ հայտարարված եռօրյա գործադուլի շրջանակներում այսօր ՀՀ փաստաբանների ակումբը բացօթյա հանրային կրթական մարաթոն էր կազմակերպել մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում: «Խոշտանգումների բացարձակ արգելքն ու փաստաբանությունը» խորագրով կրթական մարաթոնի ընթացքում կոնկրետ թեմաներով դասախոսություններ կարդացին ոլորտի ճանաչված մասնագետները:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հավաքվածներին նախ տեղեկացրեց, որ այս միջոցառումը նվիրված է այն թեմային, որով փաստաբանական համայնքն արդեն մեկ ամիս է՝ բողոքի ձայն է բարձրացրել: «Խոսքը առհասարակ բռնությունների, այս դեպքում՝ խոշտանգումների եւ փաստաբանության մասին է: Մենք կարծում ենք, որ փաստաբանությունը շատ ուղիղ կապի մեջ պետք է լինի հանրության հետ, ինչը հնարավորություն է վերջինի համար: Այս խնդիրը՝ բռնության գործադրումն ու խոշտանգումը, վերաբերում է բոլորիս, որովհետեւ առավոտյան տնից դուրս գալով արդյոք կարո՞ղ ենք վստահ լինել, որ եթե ոչ մի օրենք չխախտենք, ոչ մի ապօրինություն չանենք, երեկոյան նորմալ տուն ենք վերադառնալու եւ չենք հայտնվելու, օրինակ, ոստիկանական բաժնում: Իսկ եթե Աստված մի արասցե, հայտնվենք ոստիկանական բաժնում, արդյոք չե՞նք ենթարկվի բռնության, խոշտանգումների:

Ես իմ մուտքի դասախոսությունը վերնագրել եմ հետեւյալ կերպ. «Խոշտանգումների բացարձակ արգելքի գաղափարական, արժեքաբանական հենքը»: Ու կարեւոր է, որ մարդիկ սա հասկանան: Ինչո՞ւ խոշտանգումների բացարձակ արգելք: Շատերը կարող են մտածել, որ ավելի կարեւոր կամ ոչ պակաս կարեւոր արժեք է, օրինակ, կյանքի իրավունքը: Չէ՞ որ ամեն ինչի հիմքը կյանքի իրավունքն է: Բայց դա այդպես չէ: Կյանքի իրավունքը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, մնացած գրեթե բոլոր իրավունքները բացարձակ չեն: Այսինքն, կան իրավիճակներ, որոնց ժամանակ դրանք կարող են սահմանափակվել: Ասենք, եթե մեկը կյանքի նկատմամբ ոտնձգություն է իրականացնում, մարդն իրավունք չունի՞ համարժեք պաշտպանվելու: Բայց չկա մի այնպիսի իրավիճակ, որ կարող ենք ասել, թե այս դեպքում կարելի է խոշտանգել: Հանրությունը պետք է տեղյակ լինի, որ միջազգային իրավական գործիքակազմը եւ Հայաստանի ստանձնած պարտավորությունները այնպիսին են, որ խոշտանգման արգելքը միակ բացարձակ իրավունքն է»,-ասաց Ռուբեն Մելիքյանը, որից հետո էքսկուրս կատարեց խոշտանգումները բացարձակ արգելելու մասին մոտեցումների եւ օրենքների անցած ճանապարհին, երբ անձի նկատմամբ բռնություն կամ խոշտանգում իրականացվում էր հիմնականում ցուցմունք կորզելու նպատակով:

«Խոշտանգումների բացարձակ արգելքը ուղիղ բխեցվել է անմեղության կանխավարկածից: Այսինքն, եթե մարդը մեղավոր է, ապացուցեք նրա մեղավորությունը, հետո պատժեք, այլ ոչ թե նրան ստիպեք, որ խոստովանի: Եվ այս գաղափարի հիման վրա եվրոպական աշխարհիկ պետությունները սկսեցին աստիճանաբար խոշտանգումներից հրաժարվել: Այսօր խոշտանգումների բացարձակ արգելքը ձեւակերպված է միջազգային պայմանագրերով»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31