Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: «Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ եթե բարձրաստիճան պաշտոնյան կարող է հայրենադարձվելու ընթացքում ունենալ նման խնդիրներ՝ կապեր ունենալով և հասանելիություն ունենալով, ընդհուպ Հանրապետության վարչապետի, նախագահի, նախարարների հետ, ապա ի՞նչ կարող է տեղի ունենալ բազմաթիվ այլ մարդկանց հետ, որոնք նման հնարավոր կապեր չունեն:


Հայրենադարձություն բառը բոլորիս համար թանկ, կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող արտահայտություն է, բայց երբ քաղաքական մակարդակում դա հայտարարում ենք՝ չենք արձանագրում, որ քաղաքական ուղերձն այո՛, բազմաթիվ մարդկանց մոտ կարող է առաջացնել ոգևորություն, ցանկություն, բայց մի պետական կառավարման կամ իրավական մի ընթացակարգերի հետ բախվելուց մարդու ոգևորությունը կարող է զրոյանալ և հակառակը՝ հետ պտտվել ու առաջ բերել զղջման խորը զգացում, թե ինչու ես այս ճանապարհին ոտք դրեցի»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ քննարկումների արդյունքում է հասկացվել այնպիսի ինստիտուտի անհրաժեշտությունը, որն աջակցի բոլոր այն մարդկանց, ովքեր հայրենադարձության շատ կարևոր որոշում կկայացնեն:

Պարոն Սինանյանն արդեն նշեց, որ այս գրասենյակի և ինստիտուտի նպատակը մարդուն ուղեկցելն է մտադրության ձևավորման փուլից։ Ավելին, սա նաև ևս մեկ գործնական քաղաքական ուղերձ է, որ հայրենադարձությունը ցանկալի է։ Կառավարությունն ուզում է Հայաստանի Հանրապետություն վերադարձած ավելի ու ավելի շատ մարդկանց տեսնել: Արդեն նշվեց, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով կան որոշակի միտումներ, և մեր խնդիրն այն է, որ այդ միտումներին զուգահեռ նաև մեր պոտենցիալ հայրենադարձներին մատուցենք այնպիսի ծառայություններ, որոնց վերաբերյալ խոսակցությունները կոգևորեն ուրիշներին նույնպես քայլ անել դեպի հայրենադարձություն, դեպի Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև
Հույս ունեմ, որ այսօրվա մեր իրադարձությունը բազմաթիվ մեր հայրենակիցների հնարավորություն կտա ստեղծելու այդ երջանկությունը, այդ ազատությունը, զարգացնելու այդ հզորությունը և ուրիշներին էլ ստեղծելու և հաղորդակցվելու այդ ամենի հետ»,- ասել է վարչապետը։
Հայրենադարձների ինտեգրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանի Հանրապետությունում և կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար: Կենտրոնի բացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության և «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» արդյունավետ փոխգործակցության շնորհիվ:
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայրենադարձներին խորհրդատվական ու գործնական աջակցություն է տրամադրելու տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեռևս նախահայրենադարձման փուլում, երբ անհատը կամ ընտանիքը հայրենադարձվելու ցանկություն է արտահայտել: Կենտրոնի աշխատակիցը նախապատրաստելու և ուղեկցելու է հայրենադարձին ողջ ընթացքում՝ նրան ներկայացնելով ու ծանոթացնելով Հայրենիքում իրավական գործընթացներին, կրթական, առողջապահական, մաքսային, զբաղվածության, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցերում՝ սերտորեն գործակցելով գործընկերների հետ:
Կենտրոնն առաջարկում է մշտապես գործող հայերենի անվճար դասընթացներ, ինտեգրման ու իրազեկման անվճար սեմինարներ, օնլայն և օֆլայն տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական, կապերի հաստատման ու պոտենցիալ գործատուների հետ շփումներ և այլն:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ























































