Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ փակվեցին ճանապարհները կյանքի…

Հուլիս 30,2023 18:50

Երբ փակվեցին ճանապարհները կյանքի
և կյանքը խաչվեց մահվան հետ մի անկյան տակ,
երբ սովամահ եղան երեխաներն այն տան,
և կնոջ արգանդում մնաց չճնված մի կյանք,
ձեռնափայտով պապն էլ ուշքը կորցրեց անթթվածին օդից
և խանութներն իմ բակում դատարկությունից փակեցին իրենց
մուտքը։
Չոր հացին կարոտ մնաց երկու-երեք տարեկան երեխան։
երբ հերթի մեջ մահացավ տղան,
ուժասպառ եղած տատիկն էլ հիասթափված բռնեց ճամփան իր տան։
Ես նայում էի բակում ծիծաղող փոքրիկներին ու հավատում՝
լոխ լյավ ա իննան…

Ես լսում էի թռչունների ծլվլոցը,
ու քամի շնչում ողջ թոքերիս մեջ…
Ինքս ինձ ժպտալով,
աղոթքալցված կրկնում էի՝
Լոխ լյավ ա իննան…

Որովհետև Աստված մեծ է
և իր Զավակին մենակ չի թողնում։
Որովհետև բազմիցս տեսել եմ հրաշքներ
ու հուսացել, լուռ սպասել…
Որովհետև Աստված Սեր է,
և Աստված է ժամանակը։
Աստծով է ժամանակն ապագայի։

Բայց այսօր,
երբ երեխան արևահարված ու պառկած է առանց դեղի,
երբ գերի են տանում հիվանդ մարդուն,
երբ մայրը հեռու է իր զավակից,
մանուկն էլ զուրկ է «մանուկ» մնալու իրավունքից,
երբ կյանքը խաչվել է մահվան հետ
և վանդակված ազատություն է մեր գլխավերևում
և անազատ «ազատ» ենք մենք…
և անարդար գերի ենք մենք ու մեղավոր,
որ ծնվեցինք հենց այս երկրում…
Մեզ կողպեցին մի քաղաքանման վանդակի մեջ,
խլեցին մեզնից շնչելու օդն ու ասեցին՝
ապրե՜ք…
ապրեք,
որ Չապրե՛ք։

Հիմա նայում եմ (ան)հոգ երեխաներին,
հիվանդ ու ծեր տատուպապերին,
այս կռո, չհանձնվող ու պայքարող ազգին,
ու նորից մտքում ասում ինքս ինձ.
-Լյա՛վ, պա վերջը հինչա՞ իննան։
Ու էլի Աստված գալիս է մտքիս,
ամուր գրկում ինձ,
Ու…
-Վերջը Եսում իննան (Տեր Աստված)
Ուրեմն…
Լոխ լյավա իննան։

Աննա ՄԵՐՈՒՆՑ
Արցախ, Ստեփանակերտ, հուլիսի 30, 2023 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31