Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես իրենց ձեռքից ապօրինի առեւանգել են Վագիֆ Խաչատրյանին, նույն ձեւ թող հետամուտ լինեն նրա ազատության համար». Ցուցարարները՝ «Կարմիր խաչին»

Օգոստոս 02,2023 14:35

Այսօր քաղաքացիները «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի գրասենյակի մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով միջազգային գործընթաց սկսել եւ ազատ արձակել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

Ցույցին մասնակցում էր նաեւ «Բացում» նախաձեռնության անդամ Վերոնիկա Շահնազարյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ստացվում է, որ ապօրինաբար կողքի պետությունը կարողանում է առեւանգել եւ ձերբակալել մեր քաղաքացուն եւ հասցնել նրան Բաքու, տալ տեղեկատվություն՝ իբր նա հիվանդանոցում է եւ «Կարմիր խաչի» միջոցով իբր կապ է հաստատվել իր ընտանիքի հետ: Ընտանիքի անդամները բազմիցս այս օրերին հերքեցին այդ տեղեկատվությունը: Բոլոր այն միջազգային կազմակերպությունները, որոնք ստեղծված են բարձր ու վեհ նպատակների համար, ինչպիսին է հումանիզմը, գիտենք, որ ՄԱԿ-ը Երկրորդ համաշխարհայինից հետո երբ ստեղծվում էր, այս նպատակի համար էր՝ բոլոր մարդիկ իրար հավասար են, բազմաթիվ կոնվենցիաներ, սկզբունքներ ունեն, հիմքում դրված է մարդը, մարդու իրավունքները… Ո՞նց է ստացվում, որ մարդու իրավունքները կարող են այս աստիճան խեղաթյուրվել, մարդը կարող է առեւանգվել առանց որեւէ պատճառաբանության ու դա դատապարտման չարժանանա միջազգային կառույցներից»:

Դիտարկմանը, որ ոչ միայն չեն դատապարտում, այլեւ շարունակում են խոսել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, այս պարագայում հնարավո՞ր է երկխոսել՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ հնարավո՞ր է երկխոսության գնալ, թե ոչ, որպես քաղաքացի՝ կարծում եմ, որ երկխոսություն առհասարակ պետք է լինի: Բանակցություններ պետք է լինեն ու բնականաբար, բոլոր տեսակի իրավունքները, որոնք բխում են մեր շահերից, պիտի առաջ մղվեն: Այսպես չի կարող շարունակվել: Չի կարող շարունակվել այս անմարդկային պայմանները, որոնք ստեղծվել են դեկտեմբերի 12-ից եւ ավելի անմարդկային են դարձել հունիսի 15-ից, երբ դարձավ լրիվ շրջափակում: Բոլոր անմարդկային գործողությունները պիտի դադարեցվեն ու դադարեցվեն հնարավոր բանակցություններով: Ադրբեջանական կողմը բազմիցս ցույց է տվել, որ խոսել չեն ուզում հայկական կողմի հետ ու դա մեկ անգամ չեն ցույց տվել: Երեկ նորից մեր քաղաքացի է առեւանգվել՝ Շուշիից տեղահանված: Մյուս կողմը պարզ ցույց է տալիս, որ ինքը չի ուզում խոսել, ուզում է քայլեր ձեռնարկել եւ հայկական կողմը դրա հետ հաշտվի, ոչինչ չանի: Բայց բնականաբար, այդպես չի կարող լինել, որովհետեւ այստեղ մարդկային կյանքերի մասին է խոսքը»:

Արցախցի ուսանող Վիոլետա Գրիգորյանն էլ ասաց. «Կարմիր խաչը» ապահովում է մարդկանց տեղաշարժը, բայց պարզվում է՝ այդ ամեն ինչը անվտանգ չէ, չեն կարողանում անել: Հստակ երեւում է, որ խախտվում են մարդու ամենապարզ իրավունքները՝ կյանքի, ազատության իրավունքը: «Կարմիր խաչից» պահանջն այն է, որ ինչպես իրենց ձեռքից ապօրինի առեւանգել են Վագիֆ Խաչատրյանին, նույն ձեւ թող հետամուտ լինեն Վագիֆ Խաչատրյանի ազատության համար, որովհետեւ նա առողջական խնդիրներով՝ աորտալ ստենոզով գալիս էր Երեւան՝ վիրահատություն կատարելու նպատակով: Հաստատ բոլորս գիտենք ինչպես են վարվում հայերի հետ մեր թշնամիները»:

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան՝ Կարմիր խաչի մեքենայով, տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան՝ վիրահատման, հուլիսի 29-ին առեւանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Նրան մեքենայից դուրս են հանել՝ հրելով եւ թույլ չտալով, որ Կարմիր խաչի ներկայացուցիչը նույնպես նստի իրենց մեքենան: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031