Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ բնակավայրերի 100 աշակերտներ մասնակցեցին «Տեխնոլոգիական ճամբար 2023» ուսումնաճանաչողական ծրագրին

Օգոստոս 04,2023 11:38

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից Դիլիջանում  հուլիսի 24-30-ն իրականացվեց «Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» ուսումնաճանաչողական ծրագիրը։

Ճամբարի նպատակն էր ավագ դպրոցների պատանիներին տրամադրել գիտելիքներ տեխնոլոգիական տարբեր ուղղություններով և նպաստել  մասնագիտության կողմնորոշման հարցում:

«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023» պիլոտային ծրագրում մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ սահմանամերձ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտներ։

Մասնակիցների ընտրությունը կատարվեց  մոտիվացիոն նամակների միջոցով և դպրոցի առաջադիմության հիման վրա։ Ընտրվեցին տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրված և որոշակի գիտելիքներ ունեցող աշակերտները։

«Տեխնոլոգիական ճամբար (Tech Camp) 2023»-ի ընթացքում ոլորտի լավագույն մասնագետները  ճամբարականների համար դասախոսություններ ու պրակտիկ պարապմունքներ անցկացրին «Տվյալների պաշտպանություն», «Ինֆորմացիայի անվտանգություն», «Թվային միջավայր, նոր հնարավորություններ», «Ապագայի մասնագիտություններ», «Այլընտրանքային էներգետիկա, հեռանկարները ՀՀ-ում», «Կենսատեխնոլոգիա», «Աստղաֆիզիկա», «Արհեստական բանականություն և նոր իրականություն» թեմաներով։

Կազմակերպվեցին նաև էքսկուրսիաներ, ազգային պարերի ուսուցում, հանդիպումներ տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր կիսվեցին իրենց փորձով ու հաջողության պատմություններով։

Հուլիսի 29-ին կայացավ ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Նախարարի տեղակալը ողջունեց ճամբարի մասնակիցներին, ներկայացրեց նախարարության ծրագրերը, որոնց կարող են մասնակցել նաև ճամբարականները։ Նա նաև ընդգծեց, որ ցանկացած ոլորտի մասնագիտությունում կարելի է տեխնոլոգիաներ ներդնել և ավելի արդյունավետ դարձնել տվյալ աշխատանքը։

Ճամբարականները կիսվեցին իրենց տպավորություններով, բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարի տեղակալին, ինչպես նաև ներկայացրին առաջարկներ՝ ճամբարն էլ ավելի հետաքրքիր և ուսանելի դարձնելու համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031