ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյա Դենիս Գոնչարի այն հայտարարությանը, թե հապճեպ ստորագրված հաշտության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չի կարող կայուն լինել:
«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին: Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջական կապ ունեն այս վեճի հետ, որոնք դրա կողմերն են: Մենք այդ երկրների հետ անմիջականորեն առնչվել ենք. հատուկ բանագնաց [Լուի] Բոնոն անցած շաբաթ մեկնեց տարածաշրջան և անմիջականորեն շփվեց նրանց հետ: Եվ չնայած այլ՝ այս հարցում կողմ չհանդիսացող ցանկացած երկրների մեկնաբանություններին, մենք հավատում ենք, որ համաձայնությունը մնում է հասանելիության սահմաններում, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու համար»,- ասել է Միլլերը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































