Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ մանրամասներ՝ Գյումրու «Ձկի ձոր» ռեստորան տանող ճանապարհին կատարված սպանությունից

Օգոստոս 08,2023 19:35
spanutyun

Համահայկական 8-րդ ամառային խաղերի պաշտոնական բացման հանդիսավոր արարողության օրը, երբ  ուժային կառույցների ներկայացուցիչները զբաղված էին մոտ 11 հազար հյուրեր  դիմավորելով, քաղաքում կարգ ու կանոն պահպանելով,  Գյումրու «Չերքեզի» կամ գյումրեցիներ շրջանակում  առավել հայտնի՝  «Ձկի ձոր» ռեստորան տանող ճանապարհին սպանություն էր տեղի ունեցել:

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝

«Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ․ օգոստոսի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվ է տեղի ունեցել նշված ռեստորանի երկու աշխատակիցների միջև, որը, արդեն երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ, շարունակվել է աշխատանքի ավարտից հետո, այլ վայրում՝ «Ձկի ձոր» տանող ճանապարհին։

Նրանց միջև խոսակցությունը կրկին վերաճել է վիճաբանության, որի ընթացքում մասնակիցներից մեկը սուր կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից 30-ամյա տղամարդու աջ ձեռքին, Ա․Սարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վնասվածք ստացած անձը, ինչպես նաև մահացած Ա․Սարդարյանը ճանաչվել են տուժող»։

Ըստ այդ հաղորդագրության «Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում նշված անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է»։

Aravot.am-ին որոշակի մանրամասներ հայտնի դարձան այս միջադեպից։

Պարզվում է Մասիսի 36-ամյա բնակիչը, որը կասկածվում է սպանություն կատարելու մեջ, մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել էր Գյումրի․ նա աշխատանք էր գտել «Ձկի ձոր» ռեստորանում, տուն վարձակալել Գյումրիում։ Բնակվել է միայնակ։

Նրա ընտանիքի անդամներից մեկը, ըստ տեղեկությունների, կալանավորված է, մայրը Հայաստանում չի բնակվում։

Մասիսի բնակչի և տվյալ ռեստորանի 40-ամյա մեկ այլ աշխատակցի միջև  բարբառի շուրջ խոսակցություններ ծավալվել էին ավելի շուտ, դրանք ընթացիկ միշտ եղել են, պարզապես այդ օրը կրքերը չափից ավելի են բորբոքվել։

«Ձկի ձորից» ոստիկանությանը հայտնել են այն մասին, որ դեպքի օր մենեջերը, տեսնելով, որ գյումրեցի աշխատակիցը շատ է լարված, նեղված Գյումրու բարբառը հեգնելու համար, սաստել է  նրան, թե հանգստացի, այնուհետ հորդորել աշխատանքը թողնել ու տուն գնալ։

Տուն գնալու ճանապարհին էլ՝ «Ձկի ձորից» բավական հեռավորության վրա այլ անձանց ներգրավմամբ հաշիվներ են պարզել, որն էլ ավարտվել է սպանությամբ։

Սպանվածը՝ 36-ամյա Ա․ Ս․-ն, «Ձկի ձորում» չի աշխատել, նա եկել է այդ ռեստորանում աշխատող իր ընկերոջ կանչով։

Նա, ըստ տեղեկությունների, այգեգործությամբ է զբաղվել։

Մասիսցի երիտասարդն էլ մենակ չի գնացել հաշիվներ պարզելու։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նրան ուղեկցել է մեկ այլ աշխատակից, որը գնացել է, որպեսզի վեճի չբռնվեն, հանգստացնի ու հաշտեցնի, մեկընդմիշտ վերջ դնեն այդ խոսակցությունը։

Սակայն, հանդիպումը վերածվել է վիճաբանության ու երկու աշխատակիցների միջև բարբառի շուրջ ծավալված խոսակցության հետ բնավ կապ չունեցող 36-ամյա Ա․Ս․-ն, վնասվածքներ ստանալով որովայնի հատվածում, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ինչպես հայտնում է ոստիկանությունը՝ Մասիս քաղաքի  բնակիչը, որը հայտնաբերվել էր Գեղարքունիքի մարզում, կատարված սպանությունից հետո փորձել է ինքնասպանություն գործել։

Ոստիկանությունն իր պաշտոնական կայքում տեղեկացնում է ․  «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել անհայտ քաղաքացի՝ «երկու նախաբազուկների կտրած վերքեր, ինքնաթունավորում կարբամազեպին դեղորայք հարցականով» ախտորոշմամբ: Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ՊԾ կարգախումբը և քննչական խումբը պարզել են, որ Վարդենիսի հյուրանոցում հաբեր խմելու և ածելիով երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարողը Մասիս քաղաքի 35-ամյա բնակիչն է:

Պարզվել է, որ նա ինքնասպանության փորձը կատարել է այն պատճառով, որ Գյումրի քաղաքում դանակահարել ու սպանել էր Արշակ Սարդարյանին», -գրված է ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031