Լրահոս
Օրվա լրահոսը

«The Washington Post»․ Լեռնային Ղարաբաղում հայերին հաջողվում է գոյատևել միայն այգիների և տնային պայմաններում աճեցրած այլ սննդամթերքի շնորհիվ

Օգոստոս 15,2023 10:04

«Ամերիկայի ձայն»․ Հայկական արմատներ ունեցող ամերիկացի լրագրող Դեյվիդ Իգնեշիուսը «The Washington Post»-ում հրապարակված իր՝ «Կովկասում հումանիտար աղետ է» սյունակում գրել է, որ իր իշխանությունը հաստատելու ձգտմամբ Ադրբեջանը հունիսի 15-ից արգելափակել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը, որը հայտնի է որպես «Լաչինի միջանցք»: Առանց այդ ճանապարհի հայ բնակչությունը զրկված է սննդից, վառելիքից, դեղորայքից և այլ առաջին անհրաժեշտության պարագաներից:

«Լեռնային Ղարաբաղը կարող է իրավական տեսանկյունից լինել Ադրբեջանի կազմում, բայց այնտեղ բնակվող էթնիկ հայերը մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեն: Ժամանակն է, որ բոլորն ընդունեն այդ հավասարման երկու կողմերը»,- նշում Իգնեշիուսը:

Ըստ հրապարակման, «[ԱՄՆ] պետքարտուղարության պաշտոնյաներն աշխատում են եվրոպացի գործընկերների և Ռուսաստանի հետ՝ փորձելով վերաբացել Լաչինի միջանցքը և վերջ դնել հումանիտար ճգնաժամին: Այնտեղ ստեղծված իրավիճակը միջազգային լուրջ անհանգստության պատճառ է դարձել, թե ինչ է լինելու Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների հետ»։

Դեյվիդ Իգնեշիուսը ներկայացնում է ամերիկացի պաշտոնյաների կարծիքը, թե Լեռնային Ղարաբաղում հայերին հաջողվում է գոյատևել միայն այգիների և տնային պայմաններում աճեցրած այլ սննդամթերքի շնորհիվ: Նրանք մտավախություն ունեն, որ երկու ամիս անց, երբ մոտենա ձմեռը, տեղի բնակչությունը կարող է պարզապես սովի մատնվել:

Իր հերթին, բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Engelsberg Ideas» պարբերականում հրապարակած իր՝ «Հայաստանը և Ադրբեջանը՝ կրկին [պատերազմի] շեմին» հրապարակմամբ կարծիք է հայտնում, որ «աշխարհը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի [այս խնդրին] ոչ միայն մարդասիրական նկատառումներից ելնելով, այլև ղարաբաղյան նոր հակամարտության ռիսկի պատճառով, որը կդառնա երրորդը նախորդը 30 տարում»:

«Այն կարող է բռնկվել աննախադեպ դիվանագիտական ակտիվության պայմաններում, երբ ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի բարձր մակարդակի հանդիպումներ Բրյուսելում, Վաշինգտոնում և Մոսկվայում»,- գրել է դե Վաալը:

Ներկայացնելով իր հետ զրուցած հայ և ադրբեջանցի պաշտոնյաների կարծիքը՝ վերլուծաբանը նշում է, որ Երևանը քանդել է բազմաթիվ տաբուներ և դրանցից ամենամեծը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն էր։ Սակայն դե Վաալը համոզված է՝ Հայաստանի ոչ մի ղեկավար Բաքվի չի ստորագրի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը, ըստ էության, կդիտվի որպես Ղարաբաղի հայ բնակչության հանձնում:

Նրա խոսքով, Բաքուն էլ հակված չէ զիջումների՝ հաշվի առնելով իր ուժային գերազանցությունը: «Նրանց կարծիքով, այս վեճում ուժն է առանցքային դեր խաղում, ուստի այժմ պետք է օգտագործեն իրենց առավելությունը»:

Դե Վաալի պնդմամբ, տպավորություն է, որ Ալիևը շտապում է ամրագրել իր հաղթանակի արդյունքները և ցանկանում է օգտագործել պահը, երբ ռուսները չեն ճնշում իրեն Ղարաբաղի հարցով, իսկ Արևմուտքը չունի միանշանակ կարծիք՝ արդյո՞ք Բաքուն օգտակար ռազմավարական գործընկեր է:

Բրիտանացի վերլուծաբանը եզրափակում է, թե իրավիճակն ավելի է բարդանում՝ հաշվի առնելով մեծ տերությունների միջև մրցակցությունը: Դե Վաալը նկատում է, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանը պասիվություն է ցուցաբերում ղարաբաղյան հարցում, ինչն ուղղակի հակասում է 2020 թվականի պատերազմի ավարտին ռուսական կողմի հնչեցրած հայտարարություններին: Ըստ վերլուծաբանի, սա կարող է նշանակել, որ Մոսկվան կա՛մ զուրկ է գործելու կարողությունից՝ հաշվի առնելով նրա թուլացած վիճակն ու կենտրոնացումը Ուկրաինայի ուղղությամբ, կա՛մ գաղտնի գործարք է կնքել Բաքվի հետ, որը կարող է վերաբերել ավելի լայն հարցերի, ոչ թե միայն Ղարաբաղի խնդրին:

Թոմաս դե Վաալի խոսքով, անշուշտ, հակամարտության կարգավորման համար ժամանակ է անհրաժեշտ, որը նույնքան բարդ է, որքան Կիպրոսի, Քաշմիրի և Երուսաղեմի շուրջ հակամարտությունները, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող գործընթացում, այնուամենայնիվ, վճռորոշ է լինելու արևմտյան քաղաքականությունը։

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031