Այսօր «Մենք Արցախն ենք» նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույց էր կազմակերպել՝ արդարության ու արդարադատության պահանջով։
Նրանք հայտարարությամբ հանդես եկան. «Արցախում գրանցվել է սովամահության առաջին դեպքը։ 120 000 մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը վաղը կարող է դառնալ հաջորդը։ Արցախը կանգնած է Ցեղասպանության բացահայտ վտանգի առաջ։ Արցախը մենք ենք՝ ես, դու, նա։ Մեր բոլորիս լռությունը վաղը կարող է կործանարար լինել»:
Այսօր կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է Լաչինի միջանցքի փակ լինելու խնդիրը։ Ուստի, ակտիվիստներն այս ճանապարհով ՄԱԿ-ի ներկայացուցիչների ուշադրությունն են հրավիրում: Նախաձեռնության անդամներից մեկի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արդեն երկրորդ անգամ պետք է քննարկվի Բերձորի միջանցքի հարցը. «Եթե առաջին անգամ այսքան աղետալի չէր իրադրությունը, հիմա արդեն Արցախում կա չծնված երեխայի մահվան դեպք, վառելիքի բացակայության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողացել մոտենալ բուժառուին, հնարավոր չի եղել նրան բուժհաստատություն տեղափոխել, եւ ցավոք, երեխան չծնված մահացել է: Այս դեպքերը կդառնան պարբերական, եթե որեւէ միջոց չկիրառվի ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ: Իր այս քայլերով մեկ նպատակ ունի՝ Արցախում իրականացնել էթնիկ զտում, հայաթափել ու տիրանալ Արցախի մնացած մասին»:
Կարդացեք նաև
Մտավախություն կա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում առաջարկ կլինի Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով տեղափոխել մարդասիրական բեռները: Այս առնչությամբ արցախցի Լիաննան ասաց. «Ընդհանրապես այսպիսի խոսք է շրջանառվում՝ երբ սովը թակում է մարդու դուռը, նա անգամ թշնամու դուռը կգնա, բայց ես վստահ եմ, որ մենք նման իրավիճակ չենք ունենա, որովհետեւ Ակնայի այլընտրանքային ճանապարհի քննարկումն անգամ հնարավոր չէ, որովհետեւ դա կլինի Ադրբեջանի՝ հայաթափումից զատ ամենամեծ ցանկության իրականացումը՝ ինտեգրացիա»:
Արցախցիները հորդորում էին ՄԱԿ-ին՝ կիրառել քաղաքական, իրավական, տնտեսական բոլոր գործիքները, որ Ադրբեջանը բացի կյանքի ճանապարհը. «Երեկվա զոհի գրանցումը սովամահությունից ցեղասպանության մասին վառ ապացույց է: 120 հազարից արդեն ունենք մեկ զոհ, այդ թվերը զուտ թվեր չեն, նրանք մեր հարազատներն են, մեր ընտանիքները եւ Արցախի հայ ժողովուրդը: Խնդրում եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջեք, որպեսզի այսօրվա նիստից հետո առավելագույն արդյունք ապահովվի, որ Ադրբեջանը կասեցնի իր ցեղասպան քաղաքականությունը»,- ասաց արցախցին ու սկսեց արտասվել՝ ներողություն խնդրելով ներկաներից՝ բացատրելով, որ առանց հուզվելու հնարավոր չէ խոսել այս մասին:












Մեկ այլ ակտիվիստ խոսեց Վագիֆ Խաչատրյանի դեպքի մասին. «Այսօր առեւանգվել է Վերայի հայրիկը, վաղը կարող է լինել իմ հայրիկը, Աստված չանի, մյուսի եղբայրը, մյուսի մայրը կարող է վատանալ եւ այսպես շարունակ: Եթե մենք այսօր միասնական չլինենք, կորցնելու ենք Արցախը, ուշ է լինելու պայքարել: Կոչ եմ անում պայքարել Արցախի շուրջ՝ մինչեւ հաղթանակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































