Tert.am – Երեկ Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստին զուգահեռ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում նաև ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև մի խումբ ադրբեջանցիներ։
Ակցիայի ժամանակ ադրբեջանցիներից մի քանիսը հարձակվել են ի պաշտպանության Արցախի բողոքի ակցիա իրականացնող հայ ընտանիքի վրա, իսկ նրանցից մեկը հարվածել է երիտասարդ աղջկան՝ մարմնական վնասվածքներ պատճառելով վերջինիս։
Դեպքին միջամտել է վնասվածքներ ստացած հայ աղջկա՝ Լուսինե Չոբանյանի հայրը՝ Սուրենը, ինչից հետո վերջինս ձերբակալվել է։ Որոշ ժամանակ անց, սակայն, ակցիայի մասնակից Տիրան Անթափլյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ժամը 22։00-ի սահմաններում Սուրեն Չոբանյանն ազատ է արձակվել, իսկ երիտասարդ աղջկա վրա հարձակում գործած ադրբեջանցուն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել։
Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում, սակայն, ադրբեջանցի ակտիվիստները հերքում էին հարձակման փաստը՝ պնդելով, որ Լուսինե Չոբանյանն «ինքն է իրեն վնսավածքներ պատճառել» (չակերտները՝ Tert.am)։
Կարդացեք նաև