Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գիտենք՝ ինչ է պետք անել, ոնց է պետք անել, ապագան մենք ենք կերտում ու մենք գիտենք՝ ինչ ապագա պետք է լինի». Ռուբեն Վարդանյանը՝ «Ապրելու երկրի» քարոզարշավին

Օգոստոս 23,2023 11:10

Այսօր՝ Հայաստանի անկախության հռչակման օրը մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության քարոզարշավը՝ Հայաստանի եւ Արցախի օրհներգերով:

Արցախից իր ողջույնի խոսքն ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը. «Հայրենակիցներ, մարդիկ, որոնք անտարբեր չեն մեր բոլորի ապագայի հետ կապված հարցերին, ուզում եմ ողջունել Արցախից ու ասել, որ այսօր շատ կարեւոր օր է: Կարող է, մենք չենք հասկանում այն կարեւորությունը, որ եղավ 33 տարի առաջ, մենք պետք է վերականգնենք մեր պետությունը, պետական մտածելակերպը: Հայրենիքը առանց պետության հնարավոր չէ պահպանել, մենք արել ենք դա հարյուրավոր տարիներ, բայց մեծ գին ենք դրա համար վճարել: Ոչ մեկը ոչ մի բան մեզ չի ապահովելու, մեզ պարտական չի: Եթե մենք խոսում ենք մեր ապագայի, մեր հայրենիքի մասին, դա մեր պատասխանատվությունն է ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր վրա վերցնենք այս պարտականությունը եւ անենք:

Մենք գիտեք ինչ է պետք անել, ոնց է պետք անել: Ապագան մենք ենք կերտում ու մենք գիտենք ինչ ապագա պետք է լինի: Այդ ապագան ունի կարեւոր հատկանիշ՝արժանապատիվ, իրեն հարգող հայի մասին է խոսքը, որը ավելի կարեւոր է, քան այն, թե քանի անգամ դու գնացիր հանգստանալու, քանի անգամ գնացիր ռեստորան հաց ուտելու:

Մենք այսօր ունենք լուրջ մարտահրավեր Արցախում: Արցախն ու ՀՀ-ն իրար հետ կապված երկու եղբայրներ են, առանց մեկը մյուսի չի կարող գոյատեւի: Ես վստահ եմ, որ մեր ապագան որոշվում է Արցախում ու մարդիկ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք ունենք նոր քաղաքական իրավիճակ, ունենք այսպես ասած նախկիններ եւ այսօրվա իշխանություն, որոնք երկուսն էլ իրար հետ պայքարելով՝ չեն կարողանում պատասխանել մի հարցի՝ ոնց մենք կարող ենք դուրս գալ այսօրվա իրավիճակից, դառնանք ուժեղ: Առանց ուժեղ Արցախի եւ Հայաստանի, առանց ուժեղ սփյուռքի հնարավոր չէ, բոլորս միասին պետք է այս մարտահրավերների պատասխանը տանք: Ես գիտեմ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնի:

Ես ուզում եմ կոչ անել բոլոր երեւանցիներին՝ Երեւանը ՀՀ-ի մոտ կեսն է, Երեւանում են կուտակված մեծ ռեսուրսներ, մենք ունենք հնարավորություններ, որ մարդկանց ցույց տանք՝ ինչ պետք է անել, որ փոխվի ամբողջ Հայաստանում իրավիճակը: Դրա համար ձայնը տվեք «Ապրելու երկրին», որը նոր մոտեցում ու նոր ուղի է ցույց տալիս: Մենք ունենք էքզիստենցիալ լուրջ վտանգ, դա ոչ միայն պատերազմի վտանգն է, դա մարդկային արժանապատվության կործանումն է: Մենք հազարավոր տարի ապրել ենք այս երկրագնդում ու ամբողջ աշխարհին շատ բան ենք տվել: Այս իրավիճակում միակ մեր պատասխանը պետք է լինի հետեւյալը՝ մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի համար ու թույլ չենք տա ոչ մեկի կործանել Հայաստանը եւ Արցախը: Տարբեր դժվարություններ ենք ունենալու, բայց հաղթելու ենք ու անցնելու ենք այս ճանապարհը՝ մեր գլուխը բարձր պահելով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031