Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանցին պետք է լինի պահանջատեր, եւ մենք՝ ծառայող, կատարող»․ Տիգրան Ավինյանը քարոզարշավն սկսեց Նուբարաշեն վարչական շրջանից

Օգոստոս 23,2023 21:05

«Մենք եկել ենք եւ ասում ենք՝ ասե’ք, եւ մենք կանենք» կոչով այսօր Նուբարաշեն վարչական շրջանից իր նախընտրական քարոզարշավն սկսեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նուբարաշենի բնակիչներն Ավինյանին տարբեր հարցեր ներկայացրեցին։ «Մեր դպրոցը սարքել են, երեք տարի է, բայց այս տարի էլ հույս չկա, որ երեխեքն այնտեղ պիտի սովորեն։ Շինարարությունն ավարտել են, զամոկը դրել են, ոնց որ թանգարան լինի»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը խոստացավ, որ սեպտեմբերի 1-ին դպրոցի բացումը կլինի։

Բնակիչները դժգոհեցին, որ երկար են սպասում հասարակական տրանսպորտին, Նուբարաշենում տրանսպորտի խնդիր կա։ Բնակիչներից մեկը բողոքեց, որ թափառող շները շատ են։ «Ինչպե՞ս կարելի է տանից չկարողանալ դուրս գալ, շներով շրջապատված ենք։ Ես առաջարկություն եմ արել, որ Նուբարաշենի անունը դնեք շնառատ, հնարավո՞ր է»,- հարցրեց քաղաքացին։ «Ոչ, դա հնարավոր չէ»,- արձագանքեց Ավինյանը։ Նա նշեց, որ շների հարցը կլուծեն։ Այնուհետեւ բնակիչները Ավինյանին առաջարկեցին մոտենալ նաեւ այգում գտնվող շներին․ «Պարոն Ավինյան, մի հատ էլ շներին նայեք, նոր գնացեք»։ «Նուբարաշենցի շներն ուրիշ են»,- մոտենալով շներին՝ ասաց Ավինյանը։

Նուբարաշենի աղբավայրի հարցը, բնակիչների խոսքով, խիստ մտահոգիչ է։ «Հինգ տարվա ընթացքում հաստատ կոնսերվացնում ենք։ Հինգ տարի տվեք մեզ, եւ աղբավայրի հարցը լուծում ենք»,- խոստացավ Ավինյանը։ «Աղբավայրը մի կողմ թողեք, մեզ ոռոգման ջուր տվեք»,- ասաց բնակիչներից մեկը։ «Եթե կենտրոնական այգին հիմա ոռոգվում է, դա չի նշանակում, որ Նուբարաշենը ոռոգման ջուր ունի։ Կամաց-կամաց մեր համայնքի այգիները վերանում են, մարդիկ չեն կարողանում ոռոգման ջուր օգտագործել։ Շատերն այս աղբավայրի պատճառով թողնում գնում են համայնքից»,- դժգոհեց նա։ «Պարոն Գասպարյանը թող ինձանից հեռու չգնա, արի, լավ լսիր»,- վարչական շրջանի ղեկավարին դիմեց Ավինյանը։ Նա հարցրեց Անդրանիկ Գասպարյանին․ «Հինգ տարվա ընթացքում ոռոգման ամբողջ ցանցը կվերականգնե՞նք»։ Վարչական շրջանի ղեկավարն արձագանքեց, որ երկու տարվա ընթացքում կկարողանան անել։

Բնակիչները բարձրաձայնեցին նաեւ գազիֆիկացման, խմելու ջրի, աշխատավարձերի բարձրացման եւ այլ հարցեր։ Իր ելույթում Տիգրան Ավինյանն ասաց, որ իր քարոզարշավն սկսել է հենց Նուբարաշենից, որովհետեւ իրենց համար չկան ավելի կարեւոր եւ քիչ կարեւոր վարչական շրջաններ։ «Մեզ համար նույնքան կարեւոր է Նուբարաշեն վարչական շրջանը, որքան Կենտրոն վարչական շրջանը։ Շենգավիթ վարչական շրջանը նույնքան կարեւոր է, ինչքան Արաբկիր վարչական շրջանը, եւ այդպես շարունակ»,- հայտարարեց նա։

Ավինյանը նաեւ ասաց, որ այս տարի Երեւանում 24 մանկապարտեզ է կառուցվել ու հիմնանորոգվել։ «Վերջին 40 տարիների ընթացքում սա ամենամեծ շինարարության ծավալն է, որ տեղի է ունենում Երեւան քաղաքում։ Երեւան քաղաքում բարեկարգվում են բազմաթիվ այգիներ եւ պուրակներ, մասնավորապես, Մերգելյանի այգին, Դավթաշենի առաջին զանգվածի այգին, Տորք Անգեղի արձանի հարակից այգին, Կոմիտասի շուկայի հարակից պուրակը, Հաղթանակի 40 ամյակին նվիրված այգին, Օղակաձեւ այգին եւ այլն։ Երեւանում վերջին մեկ տարվա ընթացքում մենք 35 հեկտար անտառ ենք տնկել։ Եվ մենք ասում ենք, որ Երեւանում շարունակելու ենք բոլոր այգիների վերակառուցումը, մենք շարունակելու ենք բոլոր մանկապարտեզների վերակառուցումը։ Եվ չենք խոստանում, որ դա անելու ենք 5 տարում։ Երեւան քաղաքում 2025 թվականի ավարտին չպիտի մնա մանկապարտեզ, որը բարեկարգված չէ։ Երեւանում մենք բարեկարգում ենք բազմաթիվ բակեր, եւ այս ամենը մենք անում ենք ձեզանից ստացած հանձնարարականի հիման վրա։ Դուք ասել եք մեզ, եւ մենք արել ենք։ Եվ եւս մեկ անգամ մենք եկել ենք ձեզ ասելու՝ ասե՛ք, եւ մենք կանենք։ Պահանջը պետք է գա երեւանցուց, երեւանցին պետք է լինի պահանջատեր, եւ մենք ծառայող, կատարող»,- հայտարարեց Ավինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031