«Ես արձակուրդի մեջ եմ»,- այսօր Նուբարաշեն վարչական շրջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է աշխատանքային ժամի քարոզարշավով զբաղված։
Ավինյանին ուղեկցում էին Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները, նրա թիմակիցները։ Ավինյանը բնակչության հետ հանդիպման ժամանակ հանձնարարականներ էր տալիս իր ենթականերին։ Հարցին, թե իր աշխատակիցները նույնպե՞ս արձակուրդում են, նա պատասխանեց․ «Ես հանձնարարական եմ տալիս վարչական շրջանի ղեկավարին, ով նույնպես արձակուրդի մեջ է։ Այստեղ դուք ում տեսնում եք, 90 տոկոսը մեր ավագանու ցուցակի թեկնածուներ են նաեւ»։ 

Տիգրան Ավինյանը նաեւ անդրադարձավ հարցին, թե ինչպես է վերաբերվում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջադրմանը եւ այն տեսակետներին, որ Մարությանը լուրջ մրցակից է գործող իշխանության թեկնածուի համար։ «Ես կարծում եմ, որ մեր թիմի հիմնական թիրախը երեւանցին է։ Եվ մեր հիմնական խոսքն ուղղված է երեւանցուն։ Մեր լսելիքն էր երեւանցուց պետք է գա։ Եթե մենք կենտրոնանանք մեր ծրագրի ու ասելիքի վրա, ես կարծում եմ՝ մենք կարիք չենք ունենալու կենտրոնանալ մրցակիցների վրա։ Մենք արդեն իսկ ապացուցել ենք, որ ունակ ենք կատարել մեծ ծավալի աշխատանք։ Եվ գալիք հինգ տարիներին Երեւան քաղաքը էական ու հեղափոխական տրամաբանությամբ պետք է փոխվի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հայտնի հրապարակմանը, ըստ որի՝ ՔՊ-ն համայնքապետերի միջոցով ցուցակագրում է մարզերում բնակվող, բայց Երևանում հաշվառված ընտրողների տվյալները՝ Ավինյանի օգտին քվեարկելու համար, Ավինյանն ասաց․ «Իրականում մենք ունենք երեւանցիներ, որոնք գրանցված են տարբեր մարզերում։ Կուսակցական գործունեություն է, առանձնապես մեկնաբանելու բան չեմ տեսնում։ Ես էլ եմ լսել այդ ձայնագրությունները, եւ այնտեղ ընդամենը կուսակցականները խոսում են կուսակցական գործունեության մասին, քարոզչություն իրականացնելու մասին։ Մարզերում եւս կան երեւանցիներ, նրանց ձայնը պետք է լսելի լինի»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




























































