Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ արձանագրվել է, որ Ռուսաստանի առաջարկությունն այլեւս ակտուալ չէ»․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը Լավրովին

Սեպտեմբեր 11,2023 23:33

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։

Մասնավորապես, Լավրովն ասել էր«Պրահայում Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը ստորագրեցին հայտարարություն, ըստ որի՝ նրանք ճանաչում են Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը, բոլոր հարցերը փակվեցին։ Պետք չէ մեզ մեղադրել 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղը տալու համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ստորագրվել է 1991 թվականին՝ նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների կողմից, բացի Մերձբալթյան երկրներից։ Եվ այդ հռչակագիրը ՀՀ խորհրդարանի կողմից վավերացվել է 1992 թվականի փետրվարին։ «Այսինքն՝ Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելը փորձ անել ներկայացնել որպես որեւէ նոր գործոն կամ նոր հանգամանք, որը վատթարացրել է Հայաստանի իրավիճակը կամ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, այնքան էլ ճիշտ չէ։ Մենք հղում ենք արել մեր օրենսդրությանը, եւ դա համարել արտառոց մի բան, առնվազն ճիշտ չէ։

Մեր գործողությունները՝ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի հետ, որեւէ կերպ չեն հակասում Հայաստանի՝ 1991 թվականին՝ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին վարած քաղաքականությանը։ Եթե մենք վերադառնանք 1991 թվական, Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումից հետո ծանոթանանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն այդ առնչությամբ, կտեսնենք, որ Տեր-Պետրոսյանն ասում է՝ ռուսական ինքնավարությունների մոդելն այն է, ինչ մենք ուզում ենք ԼՂ համար»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ ընդդիմադիր գործընկերներն իրենց քննադատում են՝ ասելով, թե ինչո՞ւ հղում չեն անում Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Հայաստանի խորհրդարանի արած վերապահումներին։

«Այդ վերապահումները հրապարակային են, այդ վերապահումները որեւէ բան չեն փոխում քիչ առաջ իմ ասածի մեջ։ Հետեւաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը այսպես ասած դեմոնիզացնելը շատ վտանգավոր է, որովհետեւ դե յուրե, ինչ-որ տեղ նաեւ դե ֆակտո ՀՀ-ն ու խորհրդային մյուս պետություններն անկախություն ստացել են նաեւ Ալմա-Աթայի հռչակագրով։ Ես նկատի ունեմ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք չէ հիշատակել բացասական համատեքստում։ Մյուս կողմից, մենք ասել ենք եւ շարունակում ենք ասել, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունն կարեւոր ու առանցքային են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու ջանքերին ուղղությամբ»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ Պրահայի համաձայնությունը ձեռք է բերվել այն արձանագրումից հետո, երբ արձանագրվել է, որ Ռուսաստանի առաջարկությունն այլեւս ակտուալ չէ, որովհետեւ Ադրբեջանը մերժել է այն։ «Երբ այդ առաջարկությունը եղել է, այդ առաջարկությունից առաջ Ռուսաստանն առնվազն երկու անգամ ամենաբարձր մակարդակով արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է։ Պրահայի պայմանավորվածությունը եւ որեւէ պայմանավորվածություն չեն չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի վրա դրված պարտավորությունները։ Այսինքն՝ այդ մեկնաբանություններն անելուց հետո պետք է անդրադառնալ մի հարցի՝ արդյոք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ է, թե՞ ոչ։

Ակնհայտորեն ուժի մեջ է, եւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարությունը որեւէ կերպ չի չեղարկել եւ չի կարող չեղարկել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Լաչինի միջանցքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ինստիտուտ է, եւ այնտեղ սահմանված են կողմերի իրավունքներն ու պարտականությունները։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ է, շարունակում է մնալ ուժի մեջ։ Եվ դրա ուժի մեջ մնալը կապ չունի ոչ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հետ, ոչ էլ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանավորվածության հետ։ Ես ուզում եմ ասել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման պահին եւ դրանից հետո Ալմա-Աթայի հռչակագիրը եղել է եւ շարունակում է մնալ եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի, եւ Ադրբեջանի օրենսդրության մաս»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա նշեց, որ Արեւմուտքը կամ Ռուսաստանը ԼՂ հարցով զբաղվելու մենաշնորհ երբեք չեն ունեցել, միշտ էլ Հայաստանն այդ հարթակներում քննարկել է հարցը։ Այլ հարց է, որ 2022 թվականի փետրվարից ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահությունում ճգնաժամ առաջացավ։ «Այսինքն՝ մենք գործնականում ոչ մի նոր բան չենք արել, որովհետեւ, ինչպես նախկինում, ԼՂ հարցը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցերը մենք քննարկել ենք եւ Ռուսաստանում, եւ Արեւմուտքում, այլն բան, որ այն ժամանակ ՌԴ-ն ու Արեւմուտքն իրար հետ շփվում էին, հիմա չեն շփվում իրար հետ։ Եվ իրենց մտածում են, որ մենք այն մյուս կողմի հետ պակաս պետք է շփվենք, բայց դա սխալ մոտեցում է Հայաստանի շահերի տեսանկյունից։ Մենք չենք կարող մտնել այդ գոտի։ Իրենց հարաբերությունները փոխվել են, բայց մեր հարաբերություններն իրենց հետ չեն փոխվել։ Բայց փոխվել է իրենց ընկալումը մեր՝ ուրիշների հետ ունեցած հարաբերությունների մասին, սրանում է ամբողջ բարդությունը»,- նշեց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930