Հարցադրումը ժամանակավրեպ է, եթե քարոզարշավի մեկնարկին հարցնեիք՝ կհասկանայի, բայց արդեն մոտենում ենք քարոզարշավի ավարտին և ակնհայտ է, թե քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ինչ օրակարգով է ներկայանում՝ քաղաքակա՞ն, թե՞ քաղաքային: Այս մասին ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը՝ «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Ի՞նչ օրակարգով են քաղաքական ուժերը մասնակցում ավագանու ընտրություններին» թեմայով քննարկմանը։
«Մեր օրակարգն ամբողջական իշխանափոխությունն է, եթե պատկերավոր ասենք՝ ունենք տուն, որի մի սենյակը հարևանը զավթել է, մուրճով ջարդում է պատը և սպառնում է տան անդամներին դուրս վռնդել, իսկ մենք այդ հարցը թողնում ենք ու քննարկում, թե տան վերանորոգումն ինչ դիզայնով պետք է անենք: Այդ տրամաբանությունից մենք դուրս ենք, սկզբից անվտանգություն, հետո՝ մնացածը»,-ասած Սուքիասյանը:

Մանուկ Սուքիասյանի հավաստմամբ, քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում «Մայր Հայաստան» դաշինքը համոզվել է, որ մարդկանց անհանգստացնում են մեր պետության անվտանգային խնդիրները և նրանք պատրաստ են այս դաշինքի հետ գնալ իշխանափոխության:
Կարդացեք նաև
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Ծովինար Կոստանյանի կարծիքով էլ այս ընտրությունները միաժամանակ, և՛ քաղաքական են, և՛ քաղաքային։ Քաղաքական են, քանի որ առհասարակ ընտրությունները քաղաքական գործընթաց են: Որպես երիտասարդ կուսակցություն, մինչ ընտրական գործընթացներին ներառվելը բազմաթիվ խորհրդատվական հանդիպումներ են ունեցել և հասկացել են, որ պետք է սոցիալական ուղղվածությունը ուղենիշային դարձնեն: «Բազմաշերտ սոցիալական փաթեթ ենք առաջարկում և կարծում ենք, որ Երևանի կառավարման հարցում պետք է էականորեն ընդլայնվի հենց սոցիալական բաղադրիչը քանի որ պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում աղքատության շեմն արդեն 40 տոկոսի է հասնում և դա իսկապես օրհասական խնդիր է: Մեր կուսակցությունն այս ընտրություններին հանդես է գալիս շատ մեծ սոցիալական փաթեթով»: Օրինակ, իրենք առաջարկում են ուսանողության և թոշակառուների համար 50 տոկոսով զեղչել հանրային տրանսպորտի արժեքը, հիմնել սոցիալական ճաշարաններ, ընդլայնել դպրոցների ու մանկապարտեզների քանակը, մինչև 16 տարեկան երեխաների համար սպորտդպրոցներն անվճար դարձնել, վերազինել ու նորոգել պոլիկլինիկանները:

Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի


















































