Իր հիմնադրման տասը տարիների ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբը հետամուտ է եղել Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությանը, իրենց աշխատանքներում հնարավորինս փորձել են ներգրավել առավելագույն թվով մարդկանց, ովքեր հետաքրքրված են հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմամբ եւ խորացմամբ, ովքեր նաեւ պատրաստ են իրենց աշխատանքով ներդրում ունենալ այդ գործում. այս մասին այսօր Երեւանի պետական համալսարանում կազմակերպված՝ «Համալսարանների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցություն՝ կրթական եւ երիտասարդական ծրագրերի շրջանակներում», թեմայով գիտագործնական սեմինարի ժամանակ ասաց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսագիտության կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը:
Գիտագործնական սեմինարը կազմակերպել էին Երեւանի պետական համալսարանը, «Խելացի քաղաքակրթության ինստիտուտը» (Մոսկվա), «Ինտեգրացիա և զարգացում հասարակական կազմակերպությունը»:

«Մենք ապրում ենք դժվար ժամանակներում եւ մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ են մտածում մեր ուսանողները տարբեր հարցերի շուրջ: Այդ իսկ պատճառով մենք սերտ համագործակցում ենք որոշ բուհերի դեկանատների հետ»,- ասաց Արամ Սաֆարյանը՝ նկատի ունենալով ԿԳՄՍ նախարարության այն պնդումները, որ բուհերում քաղաքական քարոզչություն չպետք է իրականացնել ու հստակեցրեց, որ տվյալ պարագայում, խոսքը գիտականորեն ստուգված գիտելիքների մասին է, որոնք ձեւավորում են երիտասարդների քաղաքացիական դիրքորոշումը։



Կարդացեք նաև
ԵՊՀ հումանիտար եւ հասարակագիտական գիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իր ողջույնի խոսքում նկատեց, որ Երեւանի պետական համալսարանը համագործակցում է Ռուսաստանի մի շարք գիտավերլուծական առաջատար կենտրոնների հետ. «Հույս ունենք էլ ավելի խորացնել փոխշահավետ և արդյունավետ համագործակցությունը»։ 21-րդ դարում կարեւորելով հասարակական կազմակերպությունների դերը հանրային կյանքում, առավելապես, կրթական ոլորտում, տիկին Ասրիյանն ընդգծեց, որ ԵՊՀ-ն համագործակցում է մի շարք ՀԿ-ների հետ. ՀԿ-ների փորձը տարբեր ոլորտներում, օգտակար է ժամանակակից և կրթական գործընթացի համար: Այդ համագործակցությունները. ըստ նրա, համալսարանականներին օգնում են մասնակցել տարբեր միջազգային սեմինարների, գիտաժողովների, ինչը շատ կարևոր է ժամանակակից աշխարհում. «Մենք հաստատում ենք աշխարհի երկրների տարբեր կենտրոնների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը, ուրախ ենք ռուսական կողմի հետ համագործակցելու համար»:
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Բեզբորոդովն էլ կարեւորում է բուհերի միջև համագործակցությունը՝ հատկապես երիտասարդներին վերաբերվող ծրագրերի շրջանակներում: Նա հուսով է, որ այդ նախագծերի շրջանակներում համագործակցությունները կխորանան, ինչը համապատասխանում է նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի շահերին։
Քաղաքագիտության դոկտոր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, «Ժամանակակից Եվրոպա» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոման Լունկինն էլ իր ելույթում առանձնահատուկ նշեց երիտասարդական կազմակերպությունների դերի բարձրացումը, համագործակցությունների ընդլայնումը, այսպես կոչված, հումանիտար դիվանագիտության շրջանակներում:
Նրա կարծիքով, երիտասարդներին ոգեշնչող ու մոտիվացնող գաղափարներ են պետ, որոնք գտնելու համար ավագ սերունդը պետք է նրանց օգնի՝ հենց հասարակական կազմակերպությունների ակտիվ աշխատանքի արդյունքում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

























































