«Այս զեկույցի հրապարակումից անցել է 30 տարի։ Զեկույցի անվանումն է «Էթնիկ զտումն այսօր․ պատերազմը ԼՂ-ում։ Եթե այս զեկույցը վերահրատարակելու լինեինք այսօր, վերնագրում ոչինչ չէր փոխվի։ Երեսուն տարի անց էթնիկ զտումները դեռ ընթացքի մեջ են»,- Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային նախագահ դոկտոր Ջոն Էյբները։

Ըստ Ջոն Էյբների՝ ՀՀ-ն և ԼՂ-ն սիամական երկվորյակների են նման․ «Նրանցից յուրաքանչյուրն ունի իր բնավորության գծերն ու հատկանիշները, բայց դրանք համաստեղծված են։ Եվ նրանց կենսական օրգանների մի մասը ԼՂ-ում է մյուս մասն՝ այստեղ։ Այս երկվորյակները միմյանցից բաժանելու ցանկացած փորձի արդյունքում զոհ կգնա ոչ միայն ավելի թույլը, այլ երկուսն էլ չեն կարողանա ապրել»։
Լրագրողների դիտարկմանը՝ ՀՀ իշխանությունն այդպես չի կարծում, հակառակը՝ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչել, Ջոն Էյբներն արձագանքեց․ «ՀՀ կառավարությունն իրավասու չէ, որևէ կերպ իրավունք չունի ասելու նման բան։ Կարող են ընտրել չպաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց դա միջազգային իրավունք է, որը Արցախի ժողովուրդն ունի։ Նրանք, որոնք հայոց պատմությանը ծանոթ են, գիտեն՝ ԼՂ-ն ինչպիսի դերակատարություն է ունեցել ՀՀ ինստիտուտների կայացման գործում։ Շատ ռիսկային փորձարկում կլինի, եթե ՀՀ կառավարությունն ասի, որ Արցախը չունի ինքնորոշման իրավունք։ Նրանք, ովքեր այդ տրամաբանությանը կհետևեն, ստիպված կլինեն առերեսվելու Սյունիքի հարցին։ Շատ կասկածահարույց վիճակ կստեղծվի, եթե ՀՀ կառավարությունը հանդգնի նման բան անել»։

Ըստ Ջոն Էյբների՝ այնպես չէ, որ միջազգային հանրությունը անգործ նստած է․ «ՄԱԿ-ի ԱԽ նիստ է գումարվել, բայց գերտերությունները հստակ ասում են՝ առանց հստակ ասելու, որ նախագծում են ամբողջ ժողովրդի ելքը Ղարաբաղից։ Նրանք իրենց օրակարգից հանել են ինքնորոշման իրավունքը։ Օրինակ՝ եթե երկու ճանապարհները զուգահեռ բացվեն, ի՞նչ կլինի Արցախում՝ հաշվի առնելով սովամահության առկա պայմանները։ Մտածեք, թե ինչպես կպահի իրեն բնակչությունը, ինչերի կբախվի հասարակությունն այնտեղ։ Հավատացած եմ, որ այսպիսի ելք է նախապատրաստվում։ Գիտենք, որ 44-օրյա պատերազմից հետո տասնյակ հազարներ թողեցին Ղարաբաղը, բայց քանի որ եռակողմ համաձայնություն կար, ռուսական կողմից պաշտպանության ակնկալիք կար, շատերը վերադարձան Ղարաբաղ։ Այլևս ռուսական աջակցություն չկա, ուստի անհնար է՝ ժողովուրդը վերադառնա մի Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի վերահսկողության տակ է, և ապագան՝ ոչ հստակ։ Այս քաղաքականությունը Ադրբեջանի կողմից համայն աշխարհին ներկայացվում է մարդասիրական քայլ՝ իբր մարդասիրական միջանցքներ ենք բացում»։
Կարդացեք նաև
Ջոն Էյբների վստահեցմամբ՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարները պետք է պատժվեն հրատապ կարգով՝ անմիջապես․ «Մենք կողմ չենք այնպիսի տնտեսական պատժամիջոցների, որ Ադրբեջանի ժողովրդին ցավ կպատճառի։ Նրանք, ովքեր քաղաքական ու ռազմական պատասխանատվություն են կրում, պետք է պատժվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
















































