Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցարական Ռուսաստանի ԼՂ-ն»՝ աշխարհաքաղաքական «կռվախնձոր»

Սեպտեմբեր 21,2023 12:00

Անկարա-Բաքու ռազմական համագործակցությունը շարունակում է խորանալ

Մի կողմից Թուրքիան հանդես եկավ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա քառակող ձեւաչափի գործարկման առաջարկով, մյուս կողմից՝ Անկարան ու Բաքուն ամրացնում են ռազմական համագործակցությունը: Դեռ անցյալ ամսվա վերջին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բաքու։ Ինչպես նշում էին ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի գլխավոր նպատակն Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմանը վերաբերող ծրագրերի քննարկումն էր, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։

Այնուհետեւ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարարն էր աշխատանքային այցով գտնվում Թուրքիայում, որտեղ երկրի ռազմական ոլորտի պատասխանատուների հետ քննարկեց ռազմական եւ ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հասանովը հանդիպել է նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, մասնակցել 2023-2024թթ. ուսումնական տարվա բացման արարողությանը, հանդիպել էր նաեւ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակի հետ:

Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիեւն էր պաշտոնական այցով մեկնել Թուրքիա, եւ քննարկում էր ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության հարցեր։ Այս այցի շրջանակներում Անկարայում գտնվող Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հանդիպեց Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Անցյալ շաբաթ Թուրքիան եւ Ադրբեջանը SAT-SAS զորավարժություններ անցկացրեցին: Ըստ թուրքական ռազմական գերատեսչության, դրանք երկու երկրների ռազմածովային ուժերի հատուկ նշանակության համատեղ զորավարժություններ էին, որոնք տեւեցին մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Բացի այդ, սեպտեմբերի 18-ից 30-ը Թուրքիան եւ Պակիստանն են անցկացնում` «Հավերժ եղբայրություն 2» զորավարժությունները, միեւնույն ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան «Կովկասյան արծիվ» զորավարժություններ կանցկացնեն երկու երկրների հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։

Ուժի ցուցադրությանը զուգահեռ` Անկարան ու Բաքուն «Զանգեզուրյան» ճնշումն են շարունակում գործի դնել: «Առաջիկա ամիսներին թուրքական կողմը ձեռնամուխ կլինի «Զանգեզուրի միջանցքի» բացման աշխատանքներին», – օրերս Ստամբուլում նշեց Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառույցների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ «Զանգեզուրի միջանցքի հետ կապված մենք որոշակի ճանապարհ ենք անցել, եւ ես հավատում եմ, որ կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը կյանքի կկոչեն այս ծրագիրը», – ասել էր թուրք նախարարը։ Օրերս նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, թե` «Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման «պլան Բ» ունի՝ առանց Հայաստանի մասնակցության», եւ որ Բաքուն այդ ծրագրի իրագործումը կշարունակի ամեն դեպքում՝ նաեւ առանց Հայաստանի, «այդ դեպքում այդ երկիրը պարզապես դուրս կմնա նախագծի շահառուների ցանկից»։

Իրանի զսպող դերը

Թուրքիայի ակտիվությանը զուգահեռ՝ Իրանը շարունակում է տարածաշրջանում հավասարակշռող իր պահվածքը, շարունակ թեժ պահելով Հայաստան-Իրան սահմանների անխախտելիության հրամայականը:

«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», – օրերս Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանի պետական-ռազմական գործիչները եւս անցյալ շաբաթ ակտիվորեն հանդես էին գալիս: «Տարածաշրջանում պատերազմ չի լինի», – Թեհրանում, կառավարության նիստում հայտարարեց Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին օրերին նկատվող լարվածությունը։ «Իսլամական Հանրապետության մոտեցումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների հանդեպ շատ հստակ է», – նշել էր նախարարը։ «Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում օրերս կայացած խորհրդակցությունից հետո Իսլամական Հանրապետությունը հստակորեն ընդգծել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական որեւէ փոփոխություն չի հանդուրժի, – նշել է Աշտիանին՝ հավելելով,- Կովկասում վերջին զարգացումների առումով որեւէ առանձնահատուկ իրադարձություն չենք կանխատեսում»։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին, իր հերթին արձանագրել էր, թե «Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորք չի կուտակում, սակայն պաշտոնական Թեհրանը պարբերաբար Ադրբեջանին ու Թուրքիային հստակ ուղերձներ է հղում»:

Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը մեր խնդիրների համատեքստում

Տարածաշրջանում ուշագրավ մթնոլորտ է ձեւավորվել: Թուրքիան իր առաջարկություններով է հանդես գալիս, Արեւմուտքն ու Ռուսաստանն էլ իրենց դիրքերն են ձգտում պահպանել ու ամրացնել:

Ռուսական պետական քարոզչամեքենան վերջին շաբաթներին մեկնաբանների շուրթերով հիշեցնում է, թե` «Արցախը ոչ Ադրբեջանինն է, ոչ Հայաստանինը, այլ` ցարական Ռուսաստանին է պատկանել», հետեւաբար` «Արցախը պետք է մնա Ռուսաստանի ազդեցության տակ»:

Հատկանշական է, որ Արցախը Հայաստանից առանձնացնելու ռուսական քարոզչությունը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ Երեւանի ու Մոսկվայի հարաբերություններում որոշակի լարվածության ֆոն է ստեղծվում: Կարծես, այդպես ՌԴ-ի կողմից Արցախը Հայաստանից «փրկելու» նպատակն է շրջանառվում:

Դրան զուգահեռ, նկատենք, որ վերջին օրերին Մոսկվան ակտիվորեն հրապարակավ փորձեց ցրել համոզմունքը, թե հայ-ռուսական միջպետական հարաբերություններում խնդիրներ կան: Մոսկվան Երեւանին որպես դաշնակցի է վերաբերվում, նշեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը. «Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք հենց այդպես ենք վերաբերվում Հայաստանին»։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ շփումներ կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում, նշել է Օվերչուկը։ Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության աճը բացասաբար է անդրադառնում այդ գործունեության վրա, նկատել էր Օվերչուկը. «Իհարկե, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, կաշկանդում է, ձգձգում, եւ ժամանակ է անցնում, մինչեւ նորից վերադառնանք, նստենք եւ սկսենք աշխատել»:

Իր հերթին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Մոսկվայից հնչող պնդումներին, մասնավորապես Վլադիմիր Պուտինի վերջերս հնչեցրած գնահատականին, թե Հայաստանն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս եւ եթե Հայաստանն ինքն է գնացել այդ քայլին, ապա Մոսկվան ի՞նչ պետք է անի, «Ազատության» հետ զրույցում նշել է. «Այն ուժի մեջ է ու ցանկության դեպքում, քաղաքական կամքի դեպքում, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են այսօրվա իրավիճակին, որովհետեւ այսօրվա ճգնաժամը Լաչինի միջանցքի փակումն է, Լաչինի միջանցքի բաց, փակ լինելը կարգավորվում է նոյեմբերի 9-ով եւ ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով չի չեղարկել: Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ը հնարավորություն է տալիս ներկայիս ճգնաժամի բոլոր խնդիրները լուծելու»:

Վաշինգտոնում էլ ձեռքերը ծալած-նստած չեն

Օրերս «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը, վկայակոչելով Պետդեպարտամենտի երկու բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «կողմերը պատրաստ են վերադառնալ Վաշինգտոն երկխոսությունը շարունակելու համար»։ Պաշտոնյաները նշել են, որ Բայդենի վարչակազմն արդեն մի քանի տարի փորձում է գտնել հակամարտության արդարացի, հարատեւ եւ կայուն լուծումը, եւ այդ գործընթացը չի ընդհատվել։ «ԱՄՆ-ը շատ հստակ հասկացրել է, որ խաղաղության հասնելու առաջին քայլը Ղարաբաղում հումանիտար իրավիճակի լուծումն է։ Մենք շատ անհանգստացած ենք այնտեղ ստեղծված իրավիճակով եւ կենտրոնացել ենք բոլոր հնարավոր միջոցներով լուծելու այն», – ասել էր Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան, նշելով, որ վերջին օրերին ԱՄՆ-ը բանակցություններ է վարել բոլոր մակարդակներով։

Հիշեցնենք, որ վերջերս պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմն անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Տարածաշրջան էր ժամանել Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։

«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ուշագրավ դիտանկյունից է ներկայացրել Վաշինգտոնի դիրքորոշումը, թե կողմերը ում հովանու ներքո բանակցությունների պետք է մասնակցեն:

Միացյալ Նահանգները չի կարող երկխոսել Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցով, բայց տեղյակ է, որ ռուսները կողմերին քննարկումների են հրավիրում, ասել է դեսպան Մայքլ Քարփենթերը, հավելելով՝ կողմերի որոշումն է գնալ դրանց, թե ոչ։ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը ազդել է բազմաթիվ ձեւաչափերի վրա, որոնց Ռուսաստանը մասնակցում էր, քանի որ Մոսկվան այնպես է խախտել միջազգային համակարգի նորմերը, որ դժվար է նրա հետ համագործակցության ուղիներ գտնել։ Բայց, դրանով հանդերձ, Միացյալ Նահանգները կենտրոնացել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, սահմանների, արդար եւ տեւական խաղաղություն գտնելու վրա։ Դրա համար մենք երկկողմ եւ եռակողմ հանդիպումների մեջ ենք Հայաստանի ու Ադրբեջանի հետ, սատարում ենք Եվրամիության ջանքերին, հատկապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին», – ասել է նա։ «Միաժամանակ, գաղտնիք չէ, որ ռուսներն էլ են քննարկումների հրավիրում կողմերին, եւ գաղտնիք չէ, որ ռուսները խաղաղապահներ ունեն տեղում։ Մենք չենք կարող այս պահին երկխոսություն ունենալ ռուսների քայլերի շուրջ, ուստի կողմերն իրենք են որոշում՝ ուզում են ներգրավվել ռուսական քննարկումներում, թե ոչ», – հավելել է Քարփենթերը։ Ապա խոսելով միջնորդներից՝ ամերիկացի դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները, ի տարբերություն այլոց, Հայաստանի ու Ադրբեջանի հարեւանը չէ, կողմնակալ շահեր չունի եւ դրանով իսկ կարող է առավել անաչառ ու անկեղծ լինել։ Դա, ըստ Քարփենթերի, գիտակցում են թե՛ Երեւանում, թե՛ Բաքվում:

«Կարծում եմ՝ երկու կողմն էլ Միացյալ Նահանգների ծառայությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ազնիվ ու անկեղծ ջանք, քանի որ մենք տեսնում ենք դրա առավելությունները երկարաժամկետ կտրվածքով. մենք հարեւան երկիր չենք, ուստի մենք չունենք այն «անձնական» շահերը, որ որոշ այլ տարածաշրջանային երկրներ կարող են ունենալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է նաեւ առավելություն լինել Միացյալ Նահանգների համար, թույլ տալով, որ մենք գործի դնենք մեր անաչառ դիվանագիտական գործիքները՝ այս տարաձայնությունների լուծմանը հասնելու համար», – շեշտել է նա։

Այս փուլում Վաշինգտոնի համար առաջնահերթություն է, որ հումանիտար բեռները հասնեն Ղարաբաղ, եւ այդ ուղերձը Միացյալ Նահանգները փոխանցել է Ադրբեջանին, ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը։ Մայքլ Քարփենթերը մանրամասնել է՝ կարեւոր է, որ Լաչինի միջանցքը բացվի հիմա, բայց Նահանգների համար ընդունելի է նաեւ Աղդամի գործարկումը. «Մենք ասում ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ այդ օգնությունը պետք է անցնի Լաչինի միջանցքով հիմա, բայց միաժամանակ նաեւ ասում ենք, որ այն պետք է անցնի երկու՝ թե՛ Լաչինի ճանապարհով, թե՛ Աղդամի։ Որ ճանապարհով հնարավոր կլինի օր առաջ հումանիտար աջակցությունը հասցնել Լեռնային Ղարաբաղ, դրանով էլ պետք է գնա»։

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին` դեսպանը Արցախում տիրող իրավիճակը ծայրահեղ է գնահատել ու հավելել է. «Մենք չենք կարող հանդուրժել, որ իրավիճակը վատթարանա։ Արդեն մեկ տարուց ավելի է՝ Արեւմուտքը՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը, ակտիվ բանակցություններ են անցկացնում Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Դատելով այդ հանդիպումներից՝ Վաշինգտոնում տպավորություն է, որ Բաքուն ու Երեւանը ուզում են գնալ լուծումների, բայց կան նաեւ առավելապաշտական միտումներ»: Այնուհետեւ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը ընդգծել է. «Այո, կարծում եմ՝ երկուսն էլ ուզում են հասնել լուծման, բայց կարծում եմ, որ կան նաեւ առավելապաշտական միտումներ կամ ցանկություն կարգավիճակի հստակ դետալներ ներառելու լուծման մեջ։ Ուստի, մենք պետք է կրկնապատկենք դիվանագիտությունն ու շփումները` համագործակցելով մեր եվրոպացի գործընկերների հետ եւ փորձելով գտնել լուծում։ Եվ մենք չպետք է որեւէ ջանք խնայենք, որովհետեւ հակառակ դեպքում կարող ենք տեսնել հակամարտության վերսկսում, որը ոչ ոք չի ուզում»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930