Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաքվի հետ բանակցությունները մի քանի մակարդակում են տեղի ունենալու եւ միայն Եվլախում չեն տեղի ունենում»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 21,2023 12:12

«Ադրբեջանի կողմից այս օրը պատահական չէ ընտրված, նախատեսված օպերացիան էլ այնպես էր նախատեսվել, որպեսզի մինչեւ սեպտեմբերի 21-ը պատրաստ լիներ, եւ բանակցությունները կոնկրետ այդ օրը տեղի ունենային»,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Եվլախում Ստեփանակերտի եւ Բաքվի ներկայացուցիչների հանդիպմանը։

«Ադրբեջանը փորձում է ոչնչացնել բոլոր այն խորհրդանիշները, որոնք Հայաստանի եւ Արցախի համար բնութագրել են ազատություն, անկախություն եւ անվտանգություն։ Այսօրվա հանդիպումը հենց այս օրով կազմակերպելը նպատակ ունի նաեւ բարոյապես ոչնչացնելու այն, ինչն այս իշխանություններն արդեն երկար ժամանակ է՝ անում են»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանը հավելեց, որ այսօրվա բանակցությունները մի քանի մակարդակում են տեղի ունենալու եւ միայն Եվլախում չեն տեղի ունենալու։ «Մի քանի մակարդակում են, որովհետեւ ստեղծված իրավիճակում մի կողմից թվում է, թե ամեն ինչ շատ ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենալու, բայց մյուս կողմից՝ դետալային առումով խնդիր կա ճշտելու, թե ինչ է լինելու։ Հենց սկսենք նրանից, որ այսօր էլ մարտադաշտում մեծ թվով մեր հերոսների մարմիններ են, նրանք դեռեւս դուրս չեն բերվել։ Այսինքն՝ այդ հանդիպումները ենթադրում են մարդասիրական բնույթի խնդիրներից մինչեւ Արցախի ապագայի հետ կապված որոշակի հստակություններ։ Ինձ համար դեռեւս հստակ չէ, թե ոնց է հստակ ճանապարհ ընտրվելու։ Այստեղ խնդիրն այն չէ, թե ինչ է մտածում Արցախում իշխանությունը։

Շատ կարեւոր է հասկանալ, թե առհասարակ ի՞նչ է մտածում Արցախում ապրող մարդը, ով 44-օրյա պատերազմից հետո մտածում էր, թե պատերազմի այս փուլն ավարտվել է, այնտեղ տեղակայվել են ռուս խաղաղապահներ, եւ իրենց անվտանգային հարցը գոնե նվազագույն առումով լուծված է։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ ռուսական կոնտինգենտի ներկայությունը չզսպեց Ադրբեջանին՝ ռազմական գործողություններ իրականացնելու։ Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները այն, ինչ հայտարարում էին, նաեւ առարկայական առումով իրականացնելու են։ Այսինքն՝ Արցախում տեղի ունեցողը բացառապես դիտարկելու են որպես Ադրբեջանի ներքին հարց»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Բաքվի կողմից դրված  ոչ միայն Պաշտպանության բանակի, այլ նաեւ պետական ինստիտուտների կազմալուծման հարցը։ «Այստեղ նաեւ հաջորդ հարցն է գալիս՝ այդ պայմաններում ինչպե՞ս է կառավարում իրականացվելու Արցախում։ Այս իրավիճակում պետք է նաեւ հասկանալ, թե ով ինչ ֆունկցիա է ստանձնելու։ Պայմանականորեն, ռուսական խաղաղապահ զորախումբն ունենալո՞ւ է ֆունկցիաներ այս ստեղծված իրավիճակում, թե՞ պարզապես դուրս է գալու»,- ընդգծեց նա։

Աբրահամյանը հավելեց, որ Արցախի դեպքում անընդհատ բարձրաձայնվում են միջազգային իրավունքի հետ կապված հարցերը, բայց ակնհայտորեն միջազգային իրավունքն այս պահին չգործեց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930