Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից մեծ հոսքով պայմանավորված՝ Երեւանում բնակարանների վարձակալության գներն աճել են

Սեպտեմբեր 25,2023 18:03

Արցախից բռնի տեղահանված բնակիչների՝ դեպի Հայաստան մեծ հոսքով պայմանավորված՝ Երեւանում բնակարանների վարձակալության գները վերջին օրերին աճել են։ Անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Արցախից տեղափոխվող մեր հայրենակիցների մեծ մասը ցանկանում է տեղափոխվել Երեւան։ «Իսկ Երեւանում նախ բնակարաններն են շատ քիչ, երկրորդ՝ շատերը շատ բարձր գին են ասում, երրորդ՝ կան դեպքեր, երբ տեղացիներն ասում են՝ եթե Արցախից են, վարձով տուն չենք կարող տալ։ Տան տերերն ասում են՝ եթե արցախցիները վաղը չկարողանան վարձը տալ, ո՞վ է երաշխավորելու, ես վատ վիճակում եմ հայտնվելու, ո՞նց հանեմ մարդկանց տանից։ Մենք գիտենք, որ կառավարությունը փորձում է մարզերում տեղավորել մարդկանց, բայց շատերը չեն ուզում մարզերում ապրեն։ Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե նրանք ինչ-որ ժամանակահատված ապրեն մարզերում, եթե հատկապես կառավարությունը կեցավայր է ապահովում, մինչեւ կինտեգրվեն այստեղի կյանքին»- ասաց մասնագետը։

Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ վերջին երկու օրերին ակնհայտ է՝ վարձակալության գներն աճել են։ «Օրինակ՝ տուն, որը հանձնում էին 150 հազար դրամով, դարձավ 210 000 դրամ, հետո 270 000 դրամ։ Հենց հիմա թեկուզ Նոր Նորքում 2 սենյականոց բնակարանը 250-300 հազար դրամով չենք կարողանում գտնել։ Ես կարծում եմ, որ անհնար է միանգամից 100-120 հազար մարդու ապահովել բնակարաններով, այն դեպքում, երբ նրանց գերակշիռ մասն ուզում է գալ Երեւան։ Դեռ 4-5 հազար մարդ է Արցախից տեղափոխվել Հայաստան, եւ այս վիճակն է, պատկերացրեք, թե ինչ կկատարվի, եթե բոլորը գան։ Հետեւաբար, ես կարծում եմ՝ եթե պետությունը տեղ է հատկացնում, հացի խնդիրը լուծում է, գոնե ժամանակավոր ընդունեն այդ առաջարկը»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930