«Ճիշտն ասած՝ ինձ համար էլ է այդ լուրը ցնցող: Չգիտեմ՝ ո՞նց կարող է նման բան լինել… բայց դե իր ընտանիքը՝ նորմալ ընտանիք, ինքը՝ հայրենասեր մարդ, երկար տարիներ Շուշիում աշխատած… Բացի դա, իրեն այնպիսի ընկերական շրջապատ ունի. մեկը՝ Գուրգեն Մելիքյանն, օրինակ, իրեն շատ մոտ, հարազատ մարդիկ էին: Ինձ համար էլ է անսպասելի, թե ի՞նչ է կատարվել՝ կոնկրետ չեմ կարող ասել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն Սարգիս Գալստյանը նշանակվել է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչ: Նա միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում: Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատն է, նաեւ՝ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի սանիկը: Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի տեղեկությունների էլ, Արցախում 2020թ ընտրություններից հետ Սամվել Շահրամանյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից տանում են Արցախի Ռազմահայրենասիրության նախարար, Սարգիս Գալստյանը դառնում է այդ նախարարության աշխատակազմի ղեկավար:
Հարցին՝ իր հետ շփումների, աշխատանքի ընթացքում Սամվել Գալստյանի վարքագծում արտառոց որեւէ բան նկատե՞լ է, Արծվիկ Սարգսյանն ասաց, որ չի նկատել:
Հետաքրքրվեցինք՝ հավանակա՞ն է, որ զուտ հումանիզմից ելնելով է Սամվել Գալստյանն այդ քայլին գնացել, քանի որ Արցախում հայկական ընտանիքներ են դեռ մնացել եւ նրանց մասին հոգ տանել է պետք:
Կարդացեք նաև
«Ամեն ինչ հնարավոր է, բայց դե, որ գործին լրիվ տեղյակ չեմ՝ չեմ կարող ասել: Պիտի իր հետ խոսենք, որ իմանանք, թե ինքն ի՞նչ է մտածել: Ասում են՝ դեռ մնացած հայեր կան, գուցե դրանից ելնելով… եսիմ… իր մասին չէի լսել, որ ինչ-որ կապ կունենա… իր շրջապատին, իր հարազատներին ճանաչում եմ, բոլորն էլ հայրենասեր մարդիկ են… հնարավոր չի, որ ինչ-որ դավաճանական բան լիներ»,- ասաց Արծվիկ Սարգսյանը:

Սամվել Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանն ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտը: Նրա ֆեյսբուքյան էջում աշխատանքին եւ ընտանիքին վերաբերվող լուսանկարներ են տեղադրված հիմնականում:


Ըստ որոշ տեղեկությունների, Սամվել Գալստյանը 1988 թվականի արցախյան շարժման ակտիվիստներից է եղել, նաեւ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել լուսահոգի Տիգրան Հայրապետյանի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































