Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ԱԺ պատգամավորները պետք է դիմեն Գերագույն դատարան՝ նախագահի հրամանագիրն անվավեր ու հակասահմանադրական ճանաչելու դիմումով»․ Վարդան Այվազյան

Հոկտեմբեր 10,2023 13:14

Աշխարհում չկա պետության ինքնալուծարման ինստիտուտ, այն էլ պետության ղեկավարի կողմից ստորագրված հրամանագրի հիման վրա։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

«Բոլորիս հայտնի է, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով լուծարվում է Արցախ պետությունը, եւ ժամկետը տրված է մինչեւ 2024 թվականի հունվարի մեկը։ Իրավական առումով ո՞րն է այստեղ խնդիրը։ Աշխարհում չկա նման նախադեպ, չկա պետության ինքնալուծարման ինստիտուտ, այն էլ պետության գլխի կողմից։ Իհարկե, չպետք է թիրախավորել Արցախի նախագահին, այլ նրան պետք է շնորհակալություն հայտնել այս խիստ անտրամաբանական, հակասահմանադրական հրամանագրի համար, որովհետեւ որքան այն հակատրամաբանական ու հակասահմանադրական է, այնքան հեշտանում է դրա վիճարկելն ու անվավեր ճանաչելը։

Ո՞րն է հակասությունը։ Անգամ եթե շարժվենք այդ հրամանագրի հակասահմանադրական տրամաբանությամբ, Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, որը հանրաքվեով ընդունվել է Արցախի ժողովրդի կողմից, շարունակում է գործել։ Սա է հակասությունը՝ կա պետության Սահմանադրություն՝ հանրաքվեով ընդունված, որը շարունակում է գործել, եւ այդ Սահմանադրության գործունեությունը կարող է դադարել, երբ Արցախի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունի։ Եվ քանի դեռ դա չկա, Սահմանադրությունը շարունակում է գործել։ Եվ պետությունն ունի Սահմանադրություն, սակայն չունի իշխանություններ։

Մեր Արցախ պետության բաղադրիչներից մենք ընդամենը կորցրել ենք նրա տարածքը, սակայն գոյություն ունի վտարանդի կառավարության ինստիտուտ։ Եվ այս առումով Արցախի Սահմանադրությամբ կառուցակարգը հետեւյալն է՝ Արցախի Ազգային ժողովի պատգամավորները 1/5-ով դիմում են Արցախի Գերագույն դատարան՝ Արցախի նախագահի հրամանագիրն անվավեր, հակասահմանադրական ու ուժը կորցրած ճանաչելու դիմումով»,- ասաց նա։

Ըստ Վարդան Այվազյանի՝ եթե լինի Արցախի Գերագույն դատարանի որոշումը, դրանով հնարավոր կլինի կանգնեցնել այս հակասահմանադրական ակտը։ Հաջորդ քայլով արդեն անհրաժեշտ է ակտիվ գործողություններով աջակցել, որպեսզի Արցախի իշխանություններն ապահովեն իրենց իրավասուբյեկտությունը։ Այսինքն՝ նրանց անհրաժեշտ է ապահովել բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային պայմաններով, որպեսզի կարողանան ակտիվ հարաբերվել միջազգային հանրության հետ։

«Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է նաեւ դիմեն աշխարհին՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտելու կոչով, ինչու չէ, նաեւ Միջազգային քրեական դատարան։ Պարտադիր չէ, որ դիմելուց հետո ունենանք դատարանի որոշում, այստեղ կարեւոր է գործընթացը, որ ցանկացած նման գործողություն դա իրավական հիմք է, որպեսզի մեկ անգամ եւս եւ առանձին պետությունների, եւ միջազգային հանրության մակարդակով ճանաչվի Արցախ պետության իրավասուբյեկտությունը։ Եթե մենք Արցախ պետության հակասահմանադրական ճանապարհով լուծարվելը թողնենք ուժի մեջ, ստացվում է, որ ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Իսկ եթե այդ հրամանագիրն անվավեր ճանաչվի, դա արգելք կդնի, մենք միջազգային հանրությանը կարող ենք ասել, որ Արցախ պետության տարածքը շարունակում է լինել արցախցիներինը»,- ասաց նա։

Վարդան Այվազյանի խոսքով՝ որքան մենք զիջում ենք ու հրաժարվում մեր նկրտումներից, այնքան ադրբեջանական կողմն ավելի շատ պահանջներ է ներկայացնում։ Եվ եթե վերականգնվի Արցախի սահմանադրական կարգը եւ Արցախ պետության իրավասուբյեկտությունը, ապա սրանով խոչընդոտներ կստեղծվեն ադրբեջանական իշխանությունների համար՝ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ ներկայացնելու առումով։

Նա հավելեց, որ չճանաչված պետությունը նույնպես միջազգային իրավական կարգավիճակ է։ «Բոլորս էլ գիտենք, որ ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախի Հանրապետության հետ կապված բոլոր խնդիրների լուծումից։ Եվ այստեղ Արցախի Հանրապետությունն առանձին պետական միավոր է, առանձին պետություն է, որը ժամանակավորապես հանգրվանել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ վտարանդի կառավարության կարգավիճակով։ Եվ առանց ՀՀ իշխանությունների միջնորդության, Արցախը կարող է անմիջականորեն հարաբերություններ ստեղծել եւ միջազգային կազմակերպությունների, եւ տարբեր պետությունների հետ։ Այստեղ որեւէ խոչընդոտ չկա, պարզապես ՀՀ իշխանությունները կարող են տեխնիկական եւ շատ այլ առումներով խոչընդոտել այս գործընթացին»,- հավելեց մասնագետը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031