Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կամ Ադրբեջանը պետք է հեռանար պատմական թատերաբեմից կամ Հայաստանը. ու հիմա մենք հեռանում ենք»

Հոկտեմբեր 28,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը

-Ձեզ համար սպասելի՞ էր Արցախի հանձնումն ու հայաթափումը: Ինչո՞ւ եւ ի՞նչ կատարվեց Ձեր կարծիքով:

-Այո, ոչ միայն սպասելի էր, այլեւ գործնականում անխուսափելի։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան որեւէ այլ կերպ չէր կարող ավարտվել, քան Ադրբեջանին հանձնված ու շրջապատված Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Ոչ անպայման այս տարբերակով, բայց նման որեւէ զարգացումն անխուսափելի էր։

Ըստ ադրբեջանական-ռուսական նախնական պլանի, հայաթափումը պետք է տեղի ունենար աստիճանաբար՝ մի քանի խաղաղապահական հնգամյակների ընթացքում, երբ արցախցիները, չդիմանալով մեկուսացված, նվաստացուցիչ, վտանգներով լի եւ անհեռանկար կյանքին, աստիճանաբար պետք է լքեին երկրամասը, մինչեւ, որ այնքան քիչ մնային, որ խաղաղապահների գոյությունն անիմաստ դառնար։ Այդ ընթացքում պետք է տեղի ունենային մի քանի բան. Լաչինի միջանցքի դիմաց Բաքուն պետք է ստանար Զանգեզուրի միջանցքը, պետք է ձերբակալվեին հարյուրավոր «պատերազմի հանցագործներ», դեռեւս չհեռացած արցախցիներին պետք է պարտադրվեին ադրբեջանական ենթակառուցվածքները ու միաժամանակ Բաքուն պետք է ցույց տար, որ իր իշխանության ներքո հայերին ֆիզիկական ոչնչացում չի սպառնում։

Ամեն բան փոխվեց ուկրաինական պատերազմի պատճառով։ Պարտվող Ռուսաստանը ամեն պահ կարող էր հեռանալ եւ արցախցիները կարող է հայտնվեին արեւմտյան պաշտպանության ներքո, իսկ նրանց հետ Բաքուն պայմանավորվածություն չուներ։ Այս անորոշությունը ստիպեց Բաքվին արագացնել արցախցիներին կոտրելու գործընթացը։ Նրանք, սակայն, չկոտրվեցին եւ անգամ հուսահատ դիմադրեցին մարտի դաշտում։ Բաքուն հասկացավ, որ ռազմական գործողությունը շարունակելու պարագային չի կարողանա խուսափել ցեղասպան որակվելուց եւ համաձայնվեց հայերի հեռանալուն, անգամ հրաժարվեց զանգվածային ձերբակալություններ իրականացնելու ծրագրից։ Բայց, թերեւս նրանց համար էլ էր անսպասելի, որ արցախցիները մեկ մարդու նման կլքեն իրենց տներն ու գերեզմանները, բայց չեն համաձայնվի ապրել թուրքի ձեռքի տակ։ Նրանք թերեւս հույս ունեին, որ գոնե մի 20 հազար ծեր կմնա ու իրենք աշխարհին ցույց կտան, թե ինչպես են հոգում հայերի թոշակի ու բուժման հարցերը։ Ու այդ մարդիկ էլ լրագրողներին կպատմեին, թե ինչպես են իրենց երջանիկ ծերության համար պարտական Ալիեւին։

Իրականում Բաքուն ահռելի գործիքակազմ ուներ ավելի փափուկ հայաթափման համար, բայց չգիտես ինչո՞ւ, թերեւս սխալ կանխատեսումների պատճառով, ընտրեց իր համար վատագույն լուծումներից մեկը, այդ թվում իր հետագա ծրագրերի տեսակետից։ Մասնավորապես, Զանգեզուրի միջանցքը նա այլեւս չի կարող «փոխանակել» Լաչինի միջանցքի հետ եւ որոշ չափով կդժվարանա միջազգային ատյաններում խոսել Հայաստանից հեռացած թուրքերի վերադարձի մասին։

-Արդյոք այս իրավիճակը շտկելի է, թե՞ ամենն անդառնալիորեն կորցրել ենք:

-Ոչ, իրավիճակը շտկելի չէ։

Իրականությունից կտրված մարդիկ կան, իրենց հույս տալու համար, փորձում են սպորտային զուգահեռ տանել, թե իբր հիմա խաղի հաշիվը 1։1 դարձավ եւ այն չի ավարտվել, մեկ անգամ մենք ենք հաղթել, մեկ անգամ թուրքերը, հաջորդ անգամ կարող ենք նորից մենք հաղթել։ Ոչ ու հարյուր անգամ ոչ։ Մենք երբեք Արցախյան պատերազմ չենք հաղթել, այլ շահեկան դիրքում կիսատ էինք թողել այն ու մեր այդ ճակատագրական հիմարությամբ հնարավորություն ենք տվել թուրքերին մեզ ծնկի բերել ու միակ վերջնական հաղթանակը տանել։ Մենք այդպես էլ չհասկացանք, որ այս պատերազմը միայն Արցախի համար չէր, կենաց մահու պատերազմ էր ու կամ Ադրբեջանը պետք է հեռանար պատմական թատերաբեմից կամ Հայաստանը։ Ու հիմա մենք հեռանում ենք։ «Խաղաղության օրակարգը» իրականում ազգային-պետական ինքնասպանության օրակարգն է, քանի որ այն առաջ է մղվում այսօր էլ ընթացող պատերազմի պայմաններում։ Իսկ մենք չենք հասկանում, որ խաղաղությունը ինքնանպատակ չէ, որ այն լինի երկու տեսակ՝ պարտությամբ ու կորուստներով պարտադրված խաղաղություն, որը գոյության վտանգ է դառնում, կամ հաղթանակով թշնամուն պարտադրած խաղաղություն, որով հարատեւության ու զարգացման հիմքերն են դրվում։

Եթե չենք ուզում հեռանալ պատմությունից, եթե իսկապես չենք ուզում հեռանալ, եթե պատրաստ ենք մեծ զոհողությունների՝ հանուն չհեռանալու, ապա պետք է հասկանանք, որ զրոյից պետք է նոր պատերազմի պատրաստվենք, նոր՝ իրական, գոյաբանական նպատակներով ու հիմնավորումներով, ու այդ պատերազմը արդեն միայն Ադրբեջանի դեմ չի լինելու, այլ նաեւ Թուրքիայի։ Վստահ եմ, որ մենք դա կարող ենք, բայց վստահ չեմ, որ մենք դա ուզում ենք, դրան պատրաստ ենք։ Բայց պատերազմ չուզելը, պատերազմին չպատրաստվելը մեզ չի ազատելու պատերազմից։ Այն շարունակվելու է, այսօր էլ շարունակվում է ու չի դադարելու մինչեւ Հայաստանը չվերանա կամ չհանձնվի թուրքերի ողորմածությանը։

Եթե մտածում ենք շտկելու մասին, իսկ իրականում ազգային գոյության իրավունք վաստակելու մասին, ապա նախ պետք է սկսենք ազգային պետության կերտումից եւ վերածվենք համապարփակ անվտանգային համակարգի, ազգ-բանակի, ոչ վիգենսարգսյանական անհեթեթ մեկնաբանությամբ, այլ իրական։ Եվ եթե դա բավականաչափ արագ անենք, ապա թշնամու ընձեռած հերթական առիթը կարող ենք վերածել մեծագույն եւ հաղթական հայրենական պատերազմի, որի նպատակները արդեն չեն կարող սահմանափակվել սոսկ Արցախի ազատագրմամբ, այլ առնվազն Արաքս-Կուր աղեղի ամբողջական վերահսկմամբ։ Այլ ելք չկա։

-Ովքե՞ր են այս իրավիճակի մեղավորներն ու պատասխանատուները. ԱՀ լուծարման հրամանագիր ստորագրած Սամվել Շահրամանյա՞նը:

-Ոչ իհարկե։ Շահրամանյանն ի՞նչ կապ ունի։ Մեղավորը բոլորս ենք՝ պարտվածներս, ու հատկապես նրանք, ովքեր առանձնահատուկ քաղաքական պատասխանատվություն ունեին, իշխանավոր էին նախկինում կամ մինչ օրս։ Շահրամանյանը մանր չինովնիկ էր Ստեփանակերտում ու վերջին օրերին նրա գործողությունները էականորեն իրավիճակ չէին կարող փոխել։

-ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է շատ ակտիվ այս շրջանում, համոզված խոսում է ֆրանսիական զենքով Հայաստանի «օդը փակելու» մասին. ի դեպ, ժամանակին Արայիկ Հարությունյանն էլ էր նույն կերպ խոսում Ստեփանակերտի «օդը փակ» լինելու մասին, հիմա նա Բաքվի բանտում է… Սամվել Բաբայանն իր կողմից ինչ-որ առաջարկներից է խոսում, ադրբեջանական կողմի հետ բանակցություններից, ուլտիմատում է ներկայացնում այն արցախցիներին, ովքեր չեն կիսում իր մոտեցումները եւ այլն: Այս ամենի արդյունքում, օրեր առաջ, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ բավականին տհաճ միջադեպ գրանցվեց: Ի՞նչ մեկնաբանություններ ունեք այս ամենին: Ովքե՞ր են պղտոր ջրում հերթական ձուկ բռնողները:

-Հեքիաթներից հոգնել ենք արդեն։ Ես, իհարկե, շնորհակալ եմ Փարիզին ռազմական օգնության կամ առնվազն խոստումների համար, բայց եթե մի քանի միավորանոց ՀՕՊ համակարգը «օդը փակել» է նշանակում, ապա այդ մտքի հեղինակին շատ դժվար է ռազմական փորձագետ համարել։ Ընդհանրապես 90-ականների դաշտային հրամանատարների, անգամ այսօրվա գեներալների գիտելիքները կամ փորձը շատ հնացած են։ Ժամանակակից պատերազմի մասնագետներ մենք դեռ չունենք։ Ուստի նման հայտարարությունները ավելի շատ պրոպագանդա են, ինչպես Բաբայան Սամվելի վերջին շրջանի բոլոր ելույթները պրոպագանդիստական խաղեր են՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի կամ վերջինիս աչքը մտնելու։ Բացի այդ, Սամվել Բաբայանը ինչ-որ տեղայնական մրցակցության մեջ է արցախյան վերնախավի հետ, բոլորին սխալ հանելու եւ այդ ֆոնին միակ ճիշտ իմացող, բայց չգնահատված երեւալու նպատակով։ Սակայն, որքան հետեւել եմ այդ կերպարին, 1994թ.-ից նրա ոչ մի հրապարակային առաջարկություն եւ քաղաքական քայլ ոչ մի դրական նշանակություն չեն ունեցել։

-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիեւը երեկ հայտարարեց, որ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը. թուրք-ադրբեջանական տանդեմի համար այդքան կարեւոր նախագիծը ինչո՞ւ հանկարծ խամրեց, տարածաշրջանային զարգացումներն ի՞նչ փուլ են մտնում:

-Չի կորցրել։ Թե այդ միջանցքի թեման, թե անկլավների հարցը, թե ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու եւ Հայաստանում անվտանգ ապրելու հարցերը մնալու են Բաքվի օրակարգում։ Մասնավորապես, դրանք բոլորը կոշտ ձեւով ներառվելու են խաղաղության պայմանագրի քննարկումներում։ Մնալու են, որովհետեւ դրանք Հայաստանը ամբողջությամբ հայաթափելու ու որպես պետականություն վերացնելու կարեւոր գործիքներ են։ Իսկ այդ գերնպատակները թուրքերի համար մնայուն են։

Պարզապես, այսօր միջանցքի հարցը ակտիվ շրջանառվում էր, որպես Սյունիքի վրա հարձակվելու պատրվակ։ Հնարավոր է թուրքերը մտածում են, որ Արցախի դատարկումից կարճ ժամանակ անց այդ մի ագրեսիան չեն կարողանա մարսել ու այդ պատճառով խոսում են «գրավչության կորստից»։ Իսկ որոշ ժամանակ անց, Արցախը մարսելուց հետո, այն նորից օրակարգային կդառնա։

Եթե նկատում եք, Բաքուն այս փուլում նաեւ խուսափում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելուց։ Բանն այն է, որ նա չի կարող բանակցել ու չխոսել Զանգեզուրի միջանցքից։ Չի կարող պայմանագիր ստորագրել, որում ներառված չլինեն Հայաստանի ադրբեջանական հսկողության, իսկ ժամանակի ընթացքում նաեւ ադրբեջանականացման այդ կարեւոր տարրերը։ Ուստի, ոչ մի պայմանագիր չի ստորագրվի, ոչ մի բանակցություն չի վերսկսվի, մինչեւ թուրքերը նորից չկարողանան Հայաստանին անընդունելի պահանջներ ներկայացնել։ Թուրքերին խաղաղություն պետք չէ, պայմանագիր պետք չէ, այլ առիթ է պետք հերթական հաղթանակն արձանագրելու համար կամ դիվանագիտական, կամ ռազմական եղանակով։

-Նիկոլ Փաշինյանն ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ-ում ռուսական բազայի շարունակականությունն անիմաստ է համարում. ի՞նչ սպասել:

-Ռուսական ռազմաբազան, որ անիմաստ էր, դա վաղուց էր հայտնի։ Այն մեզ չպետք է պաշտպաներ Ադրբեջանից, եւ չէր կարող պաշտպանել նաեւ Թուրքիայից, հատկապես, եթե Թուրքիան հարձակվեր Ադրբեջանի տարածքից, ինչպես որ եղավ։ Ավելին, դա ռուսական ռազմաբազա է, իսկ Ռուսաստանը Հայաստանի անկախությունը փաստացի չճանաչող, ԽՍՀՄ-2 նախագծի մեջ ներառել փորձող, մեր թշնամիների հետ ավելի շատ ընդհանրություն ունեցող թշնամի պետություն է։ Բայց Նիկոլը հիմա է դա հասկացել։ Իրականում այնքան էլ լավ չի հասկացել, բայց այդ պաշտոնին չհամապատասխանող, իր ղեկավարած երկիրը չճանաչող մարդու գործողությունները կամ խոսքերը մեկնաբանելը նյարդերի մեծ ծախս է ենթադրում։ Թույլ տվեք ինձ խնայեմ։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031