Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հայ իրավաբանների համագումարի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերելի թեմայով:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջին իրադարձությունների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ծավալը շեշտակի ավելացել է:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ փաստահավաք աշխատանքները հետապնդել են երկու նպատակ՝ երաշխավորել Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և բացահայտել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված դեպքերը, որոնք տեղի են ունեցել ադրբեջանական գործողությունների արդյունքում:
Կարդացեք նաև
«Մեր կողմից հավաքագրված տեղեկատվության իսկությունը ստուգվել է, որից հետո է միայն ներառվել Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ նախնական զեկույցում: Հրապարակային զեկույցը` խորհրդապահական փակ հատվածով, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ»,- մանրամասնել է Պաշտպանը:
Այս համատեքստում Ա. Մանասյանը նշել է, որ շատ կարևոր է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցները խնդիրների լուծման առանցքում ունենան մարդու հիմնարար իրավունքները, քանի որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների նկատմամբ։
«Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ


















































