Այսօր կառավարության ներկայացուցիչը ԱԺ էր եկել՝ հերթական անգամ երկարաձգելու հին նմուշի անձնագրերը կենսաչափական անձնագրերով փոխարինելու ժամկետը, որը վերջին փոփոխությամբ սահմանվել էր 2023-ի դեկտեմբերի 31-ը: Անցյալ տարի նույնիսկ ՔՊ-ականները պարզապես «թքեցին ու մրեցին» կառավարության այն անդամներին, որոնց անգործության պատճառով ստիպված էին ժամկետ երկարաձգել: Այն ժամանակ զեկուցողը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էր, որը երկար-բարակ բացատրում ու այսպիսի խոստումներ էր տալիս. «Մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը պետք է հին անձնագրերը փոխարինվեն նոր նույնականացման քարտերով՝ ID քարտով: Սկզբում կտրամադրեն առանց էլեկտրոնային պահոցի, մինչեւ կառավարությունը սահմանի դրանց տեխնիկական բնութագրերը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023-ի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023-ի փետրվարի 15-ից»:

Այսօր Ֆիդանյանի տեղում ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն էր, որն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման էր ներկայացրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերը:
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ աշխատանքային քննարկում են արել ու որոշել եւս մեկին հրավիրել. «Որոշեցինք, որ անպայման հրավիրենք ԿԲ խորհրդի անդամ պարոն Ներսես Երիցյանին»:


Գեղամ Մանուկյանը հորդորեց այդ «գերատեսչական տեքստը» դնել մի կողմ ու ասել՝ ՀՀ քաղաքացին մինչեւ ո՞ր թիվը, ո՞ր ամիսը ներառյալ կարող է ձեռք բերել կենսաչափական այդ անձնագրերը, կարո՞ղ եք կոնկրետ ժամկետ ասել, թեկուզ՝ 2048թ:
Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարող ասել, որովհետեւ մինչեւ պետություն-մասնավոր ընկերության գործընկերության հիման վրա մրցույթը չկայանա եւ մենք չիմանանք, թե կոնկրետ ո՞ր ընկերության հետ ենք աշխատում եւ որքան ժամանակում է հնարավոր տեխնիկապես ներդնել այդ համակարգը, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Արմեն Ղազարյանն ի պատասխան անցավ հայտնի մեթոդին՝ նախկիններին. «Տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ անձնագրային համակարգի վրա չեն կատարվել ներդրումներ, համակարգը չի արդիականացվել եւ հիմա համակարգի արդիականացման ճանապարհը ընտրվել է պետություն-մասնավոր գործընկերության միջոցով կենսաչափական համակարգի ներդրումը: Մինիմալ ներդրմամբ որ այս համակարգը այսքան էլ գոյատեւել է, աշխատակիցների ջերմեռանդության շնորհիվ է»:
Ներսես Երիցյանը ներկայացրեց, թե քանի ամիս կտեւի ընկերությունների նախաորակավորման փուլը, քանի ամիս՝ բուն մրցույթը, հաշվեց, հաշվարկեց ու խոստացավ՝ 2025 թվականին կունենանք համակարգը. «Դա լուծում է լուրջ անվտանգային խնդիրներ, այդ թվում ապագայում ազատ վիզայի ռեժիմի համար նախապայմաններ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































