Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում

Նոյեմբեր 09,2023 13:30

Ինստիտուտի դեմ դատական, արտադատարանական գործերով նկատելի է այն, որ «Գործի լուծման համար նշանակություն ունեցող էական հանգամանքները եւ դրանք հաստատող փաստերը, ապացույցները» հատվածում երբեք չի հիշատակվում Ինստիտուտ-Հիմնադրամի արհմիութենական կոմիտեի դիրքորոշման մասին, մինչդեռ վեճերի մեծ մասը կապված է գործատու-աշխատող իրավահարաբերություններին, «ոչ աշխատողի մեղքով» պարապուրդի մեջ հայտնվածների իրավունքների պաշտպանությանը:

Այս տարի աղկմահարույց հաղորդում ստացվեց հանրապետության ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում: Մարտի 27-ին ոստիկանություն դիմեց 72-ամյա Հարություն Բաբայանը, հայտնելով, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտում իր՝ ամբիոնի վարիչի աշխատասենյակում ուսանող Ալբերտ Նիկոլյանը ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Նիկոլյանին ձերբակալել էին, ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր վարույթ։

Խառն էր նաեւ ՀՖԿՍՊԻ նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի շուրջ սկսված իրավիճակը: Խիթարյանը 2021 թվականի հունվարի 12-ին 5 տարով ընտրվել էր ռեկտոր (15 կողմ, 8 դեմ ձայներով, փակ քվեարկությամբ): Ընտրության հետ կապված քաղհայցով դատարան դիմածներից մեկը վիճարկում էր մրցույթի արդյունքները:

Խիթարյանից հետո ռեկտորի ժամանակավոր պարտականությունները դրվեցին Անժելա Նուշիկյանի վրա, ապա՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանի վրա: Ստեփանյանը լրատվամիջոցներին ասաց, թե Գիտխորհրդի որոշմամբ է ստանձնել պարտականությունները, քվեարկությանը մասնակցել է նաեւ նախկին ժամանակավորը՝ Նուշիկյանը…

Նրա օրոք էլ այս տարվա հուլիսի 19-ին ինստիտուտի նկուղում արկղերի մեջ հայտնաբերվեցին փոշոտված ինքնաձիգներ: Քննչական բաժնում նյութեր նախապատրաստվեցին…

Նոյեմբերի 6-ին դասադուլ հայտարարեցին բուհի ուսանողները, նրանք գնացել էին ԿԳՄՍ նախարարություն, հանդիպել փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ: Նրանք տեղեկացրել էին փոխնախարարին, որ Ուսխորհրդի անդամները նամակով դիմել են նաեւ ՀՀ վարչապետին, նախարարին: Նամակում մասնավորապես ասվում էր. «Ցանկանում ենք տեղեկացնել «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորին փոխարինող՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանի եւ ռեկտորի պաշտոնի լիազորություններում վերականգնված Դավիթ Խիթարյանի կողմից պարբերաբար իրականացվող անօրինությունների մասին (Դավիթ Խիթարյանի լիազորությունները կասեցվել էին թիվ 51112123 քրեական վարույթով)։ Տեղեկացնենք, որ Ուսանողական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է համաձայն ՀՀ «Կրթության մասին օրենքի» հոդված 28-ի 10-րդ մասի, ՈՒԽ-ն չի հանդիսանում ՀՖԿՍՊԻ-ի կառուցվածքային ստորաբաժանում եւ ենթակա չէ բուհի որեւէ ստորաբաժանման կամ պաշտոնատար անձի։ Սակայն, խախտելով նշված օրենքը, ռեկտորին փոխարինող Լուսինե Ստեփանյանը հոկտեմբերի 24-ին, ՈՒԽ-ի նախագահին էլեկտրոնային փոստով հանձնարարական է տալիս՝ պահանջելով ներկայացնել ՈՒԽ-ի բոլոր անդամների տվյալները եւ խորհրդի նիստերի արձանագրությունները։ Սա, ցավոք, տիկին Ստեփանյանի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ բուհի կառավարման ընթացակարգերին ծանոթ չլինելու հանգամանք չէ (ինչը նույնպես անթույլատրելի է բուհի ղեկավարումը ստանձնած անձի համար)։ Սա ուսանողական խորհրդի գործունեությանն ուղղակի միջամտելու նպատակ ունեցող գործողություն է, քանի որ մինչեւ վերոհիշյալ հանձնարարականն ուղարկելը եւս, նրա եւ Դավիթ Խիթարյանի կողմից բազմիցս ներգործություններ են իրականացվել բուհի կառավարման մարմիններում ընդգրկված ուսանողների նկատմամբ։ Գործի են դրվել բոլոր անթույլատրելի միջոցները՝ դիմելով ընդհուպ մինչեւ ընտանիքի անդամների, ծանոթ-բարեկամների, մարզիչների եւ այլոց միջնորդություններին։ Նման ճնշումների ազդեցության տակ արդեն մեկ ուսանող Գիտական խորհրդի կազմից դուրս գալու ինքնաբացարկ է ներկայացրել։ Թե որքան կարող է շարունակվել ստեղծված իրավիճակը, կախված է նաեւ ՀՖԿՍՊԻ-ի կառավարման բարձրագույն մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի, նրա նախագահի եւ յուրաքանչյուր անդամի գործելաոճից եւ աշխատանքի նկատմամբ ստանձնած պատասխանատվության չափից»:

Նախարարություն գնացածներին խոստացել են Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ հրավիրել մեկ շաբաթվա ընթացքում:

Նմանօրինակ մի հանձնարարական «չկատարելու» համար էլ, մեր տեղեկություններով, հոկտեմբերի 23-ին ռեկտոր Դավիթ Խիթարյանի «բլանկի» վրա ռեկտորի պարտականությունները կատարող Լուսինե Ստեփանյանի կողմից խիստ նկատողություն է ստացել Հիմնադրամի մարզամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանը: Նախորդ կարգապահական տույժը՝ նկատողությունը նա ստացել էր խիստ նկատողությունից 3 օր առաջ. «Ձեր կողմից ներկայացվել է հարց, որի հիմնավորվածությունը չի ներկայացվել գիտական խորհրդի անդամներին» հիմնավորմամբ: Սիմոնյանը եւ այլք պահանջում են հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ կապված բուհի անարդյունավետ կառավարման հետ…

Նոյեմբերի 1-ից լուծվել է ինստիտուտի մարմնամարզության, սպորտային պարերի, գեղասահքի եւ շախմատի ամբիոնի վարիչ Նարինե Սելումյանի աշխատանքային պայմանագիրը, նույն օրվա հրամանով հաշվապահությանը հրամայվել է 15 օրվա ժամկետում կատարել վերջնահաշվարկ, հրամանը ուժի մեջ է մտել նույն օրը՝ նոյեմբերի 1-ից: Ինչ ՀՀ աշխատանքային օրենսգիրք, ինչ պայմանագրի լուծում, ինչ երկու ամիս առաջ նախազգուշացում: Դրանք կարծես այս բուհից հեռու օրենսդրական պահանջներ են:

Սա դեռ ամենը չէ: Ամբիոնի վարիչ է նշանակվել մեկը, ում պետք է ընտրեին համաձայն «Հիմնադրամի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի»: Ընթացակարգի 2.7-ի համաձայն՝ «Ամբիոնի վարիչ կարող է ընտրվել այն անձը, ով ունի գիտական աստիճան ու կոչում, ինչպես նաեւ առնվազն վերջին հինգ տարվա գիտամանկավարժական աշխատանքային փորձ»…

Հոկտեմբերի 16-ից Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի վարույթում է գտնվում Անահիտ Բարսեղյանն ընդդեմ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» Հիմնադրամի գործը: Հայցվորը պահանջում է պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել, պարտավորեցնել պատասխանողին աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը տրամադրելու եւ բռնագանձել որոշակի գումար: Դատական նախնական նիստի օրը դեռ հայտնի չէ:

«Առավոտի» տեղեկություններով՝ դատարաններում առկա է յոթ գործ: Միայն մեկում է նախկին պատասխանողը՝ ինստիտուտի նախկին ռեկտորը, հայցվոր կողմ: Դավիթ Խիթարյանը հուլիսի 25-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԿԳՍՄ նախարարության, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի՝ չվճարված աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին: Դատարանը (դատավոր՝ Ա.Հովհաննիսյան) հայցադիմումը ընդունել էր վարույթ: Օգոստոսի 8-ին որոշվել էր դատական ակտը հրապարակել նոյեմբերի 3-ին:

Նշեմ, որ նախկին ռեկտորը, որը քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդման մեջ էր, վերականգնվել է նախկին աշխատանքում, սակայն այդ կապակցությամբ վերաքննիչ դատարան են դիմել ՀՀ դատախազությունից:

2023 թվականի մարտի 3-ին դռնբաց դատական նիստում քննվեց «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.07.2022 թվականի թիվ ԵԴ/46100/02/21 վճռի դեմ` կայացված քաղաքացիական գործով, ըստ հայցի` «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի Սպորտային մենեջմենթի եւ հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Արայիկ Գյոզալյանի՝ ընդդեմ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի թիվ Ն/Հ-19-20/11 աշխատանքային պայմանագրով որոշված աշխատանքը տրամադրելուն պարտավորեցնելու եւ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին:

Արայիկ Գյոզալյանը հայցադիմումը դատարան էր ներկայացրել 2021 թվականի հոկտեմբերի 8-ին: Նա խնդրել էր դատարանին, պարտավորեցնել պատասխանողին՝ ինստիտուտին, իրեն տրամադրել կողմերի միջեւ կնքված թիվ Ն/Հ-19-20/11 աշխատանքային պայմանագրով որոշված աշխատանքը, ինչպես նաեւ բռնագանձել աշխատավարձ՝ ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ վերը նշված աշխատանքային պայմանագրով որոշված աշխատանքի տրամադրումը:

Նա հայտնել էր, որ տեղափոխվել է աշխատելու ինստիտուտի սպորտի մենեջմենթի եւ հասարակական գիտությունների ամբիոնում, որպես դոցենտ լրիվ աշխատանքային շաբաթ` 36 ժամ տեւողությամբ (1 դրույք): Անհատական իրավական ակտի գործողության ժամկետը սահմանվել է մինչեւ 2020 թվականի սեպտեմբեր ամիսը: Այսինքն, hայցվորի համար իր գործունեությունը կարգավորող բոլոր իրավական ակտերով ակնհայտ է եղել, որ իր եւ պատասխանողի միջեւ աշխատանքային իրավահարաբերությունները դադարելու են 2020 թվականի սեպտեմբերի մեկից: Դատարանի 2022 թվականի վճռով հայցը բավարարվել է: Ի դեպ, նկատենք, որ նման գործերով ինստիտուտը ոչ միայն առարկություններ, պատասխան չի ուղարկում, այլ չի մասնակցում իր դեմ դատական գործընթացներին…

Այս գործով առարկություն չուղարկած ինստիտուտը դատարանի նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Այն ընթացել է գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքը բավարարվել էր եւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել…

Դատարանում է դեռ Գագիկ Սարգսյանի գործը: Անցած տարվա հոկտեմբերի 4-ի վճռով (դատավոր՝ Ժ. Ասատրյան) դատարանը բավարարել է «Սոցիոլոգիա» առարկայի դասախոսի ընտրության նպատակով կազմակերպված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցը: Ինստիտուտի միջնորդությունը՝ գործի վարույթը կարճելու մասին, դատարանը մերժել էր: Այս տարվա ապրիլի 21-ին վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք էր բերվել, դատարանը որոշել էր գրավոր ընթացակարգով քննել բողոքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930