Համաշխարհային հայկական Երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի (WostAYN) նախաձեռնությամբ և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ նոյեմբերի 5-ից 11-ը Ստրասբուրգում տեղի է ունենում «Right for Democracy with the Community!» ուսումնական ծրագիրը։
Ծրագիրն իր շուրջն է համախմբել եվրոպական 14 երկրներում բնակվող 30 երիտասարդի՝ ներկայացնելու և քննարկելու ժողովրդավարության, մարդու իրավունքների, հայկական համայնքներում իրենց դերակատարության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցերը։
Ծրագրի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԽ Ստրասբուրգի Երիտասարդական կենտրոնի փոխտնօրեն Սառա Վալտերը և ներկայացրեց ԵԽ գործունությունը, ծրագրի նպատակներն ու առաջիկա անելիքները։ Եվրախորհրդի կրթության և վերապատրաստման բաժնի ղեկավար Ռուի Գոմենշն էլ ներկայացրեց բաժնի գործունեությունը, նպատակները և պատասխանեց մասնակիցների հարցերին։
Դասախոսությամբ հանդես եկան ԵԽ փորձագետներ՝ Ոստայնի նախագահ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԳԿՄԿ դեկան, «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Ատոմ Մխիթարյանը և Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի դոցենտ, ԵԽ վերապատրաստողների թիմի անդամ Ռուզաննա Իվանյանը։ ԵԽ փորձագետները ներկայացրեցին Ժողովրդավարության մոդելները, երիտասարդների մասնակցության աստիճանները, համայնքներում ակտիվ ներգրավվելու և որոշում կայացնելու գործընթացներում երիտասարդների դերակատարության ձևաչափերն ու հնարավորությունները։
Կարդացեք նաև
Ուսուցողական դասընթացի մասնակիցները կիսվեցին համայնքային մասնակցության իրենց փորձառությամբ՝ ներկայացնելով ընձեռնված հնարավորությունները և առկա հնարավոր խնդիրները։

Տեղական ժողովրդավարության մեխանիզմների կիրառմանը վերաբերվող հարցերը քննարկվեցին Ստրասբուրգի փոխքաղաքապետի հետ։
ԵԽ երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչներ Անկա- Ռուխանդռա Պանդեան և Մարջիթ Բարնան ծանոթացրեցին «Democracy here, Democracy Now» երկարաժամկետ ծրագրի բաղադրիչները։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու այս օրերին Ստրասբուրգում անցկացվող «World Forum for Democracy» համաժողովին՝ բարձրաձայնելով Հայոց Ցեղասպանությանը և Արցախի հիմնախնդրին վերաբերող հարցեր։
Ծրագրի նախաձեռնող Ատոմ Մխիթարյանը կարևորելով դասընթացի իրականացումը՝ տեղեկացրեց, որ արդյունքում մշակվելու է համատեղ գործողությունների պլան՝ միտված եվրոպական երկրներում հայկական համայնքների ակտիվացմանը, ինչպես նաև երիտասարդների ակտիվ ներգրավմանը տարբեր մակարդակներում հայանպաստ որոշումների կայացման գործընթացներին։
Ընդգծենք, որ սա ԵԽ աջակցությամբ Եվրոպայում իրականացվող ՈՍՏԱՅՆ-ի հերթական միջազգային ծրագիրն է, որի աշխատանքային լեզուներն անգլերենն ու հայերենն են։
Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի, Լեհաստանի, Բելգիայի, Ուկրաինայի, Իսպանիայի, Լատվիայի, Ռուսաստանի, Էստոնիայի, Իտալիայի, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչները զինվեցին գիտելիքներով և հմտություններով, ընդլայնեցին համագործակցության ցանցը։
Աստղիկ Ավետիսյան
Երևան-Ստրասբուրգ


















































