«Հայաստանում այսօր շատերն են փորձում համեմատություններ անցկացնել արցախյան հիմնախնդրի եւ պաղեստինյան հարցի միջեւ, բայց դա սխալ է: Պաղեստինի ժողովուրդն ունի իր հովանավորյալներին՝ արաբական աշխարհը եւ ԻԻՀ-ն: Արցախահայության միակ հովանավորը արցախահայությունն է եւ հայության մի ստվար մասը: Այդ իսկ պատճառով մենք ականատես դարձանք նրան, որ արցախյան պատերազմը՝ սեպտեմբերի 19-ի, տեւեց մեկ օր. արցախահայությունը մեն-մենակ էր»,- այսօր «Արցախն ու Պաղեստինն աշխարհաքաղաքական զարգացումների թոհուբոհում» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ի նախագահ Վազգեն Պետրոսյանը: Քննարկման նախաձեռնողը հենց «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ-ն էր:
Եթե Արցախն ունենար այնքան հովանավորներ, ինչպիսիք են արաբական երկրները, Վազգեն Պետրոսյանի գնահատմամբ, արցախյան պատերազմը կավարտվեր դեռեւս 30 տարի առաջ՝ Նախիջեւանը միացնելով Հայաստանին:

Միջոցառմանն իր օրհնության խոսքն էր հղել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը: Ըստ Սրբազանի, պետք է ախտորոշենք մեր բոլոր հիվանդությունները, չպետք է ամաչենք դրանից, ապա բուժման ընթացքը պետք է սկսենք՝ մեր կյանքի բոլոր մակարդակներում եւ ասպարեզներում՝ ընտանեկանից մինչեւ հասարակական. «Ախտորոշումը ցավոտ է լինելու, բուժումն՝ էլ ավելի ցավոտ, բայց պետք է միարժեք բուժվենք բոլոր ախտերից, որոնք թույլ չեն տալիս մեզ կայանալ, որպես ազգ: Այս ճանապարհն անցնելու համար անսահման աստվածասիրություն եւ անսահման հայրենասիրություն է մեզ պետք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































